Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3 055 երեխաների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող նպաստառու երեխաների

- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, 31-ը օգոստոսի, 2020թ. -ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3 055 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները:
«Հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ Հետևաբար՝ նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։ Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ, է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80 957 500 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա։
«Քանի որ հազարավոր ծնողներ պայքարում են իրենց կենցաղն ու եկամուտը ապահովելու համար, ՀՀ կառավարությունը այս ընթացքում աշխատել է ընդլայնել սոցիալական պաշտպանության միջոցառումները, որպեսզի հասնի ամենախոցելի անձանց», - նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»։
Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Տրամադրված աջակցության գործընթացին գործընկերները հետևելու են համատեղ։
Բացի միանվագ դրամական աջակցությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3 055 երեխաների ծնողների և խնամակալների համար, որը կբաշխի «Հայփոստ»-ի աջակցությամբ:
Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացնելու համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար:
Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի համատեղ «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» (ֆինանսավորվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի կողմից), ինչպես նաև «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» (ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից) ծրագրերի շրջանակներում:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: