ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հզորացնում են ՀՀ ազգային սառցային շղթայի կարողությունները գերսառը սառցարաններով

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան

12 Օգոստոս 2022
Գերսառը սառցարանների տուփեր
UNICEF Armenia/2022/Galstyan

Երևան, 12-ը օգոստոսի, 2022 թ - Շարունակելով աջակցել Առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ներդրման ջանքերին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։

Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է․ «Հզոր և բարելավված սառցային շղթան, որը հասանելի է ամբողջ երկրի առաջնային բուժհաստատություններին, կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլև՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար: Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկանց և երեխաներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու համար»:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած այս նշանակալի աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած երեք սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում», - ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև իրականացրել է ՔՈՎԻԴ-19-ի և պատվաստումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ Բացի այդ, առողջապահության նախարարության և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 5000 բուժաշխատողների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր), ինչի շնորհիվ բուժաշխատողները բարելավել են իրենց հմտությունները և գիտելիքները։

«ԱՄՆ ՄԶԳ-ի, Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ ազգային գործընկերների միջև շարունակական գործակցությունն առանցքային նշանակություն ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, ինչպես նաև արդյունավետ պլանային պատվաստումների իրականացման հարցում՝ պատվաստվելու հնարավորություն ընձեռելով առավել խոցելիներին, հատկապես՝ երեխաներին և կանանց՝ ՔՈՎԻԴ-19-ի ապագա ալիքները և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների հնարավոր բռնկումները կանխելու, հայտնաբերելու և դրանց արձագանքելու նպատակով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: