Փրկելով կյանքեր՝ գերմարդկային ջանքերով
Վանաձորի բժշկական կենտրոնի մայրապետ Ռուզան Զալինյանի հիշողությունները
ՔՈՎԻԴ-19-ը կյանքն ասես բաժանեց համավարակից առաջ և հետո ժամանակաշրջանների։ Հատկապես սկզբնական շրջանում, երբ այս նոր վարակի մասին ոչինչ չգիտեինք, բոլորիս կյանքը տակնուվրա եղավ՝ սովորականն ու առօրյան դարձան անհնարին, իսկ այն ինչ նախկինում միայն ֆիլմերում էր հնարավոր թվում, դարձավ սովորական ու առօրյա։ Սակայն հազիվ թե լինի մեկը, ում առօրյան էլ ավելի կտրուկ փոխվեց, քան բուժաշխատողներինը։
«Համավարակը փոխեց իմ, ձեր, բոլորի կյանքը: Սովորեցրեց ապրել, հոգ տանել, խնամել և գնահատել ժամանակը», - պատմում է 53-ամյա Ռուզան Զալինյանը` Վանաձորի բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության սրահի մայրապետներից մեկը։
«Երբ հայտնվեցին առաջին հիվանդները, բժիշկներից մինչև բուժառու բոլորս վախեցած էինք։ Չնայած, որ գիտեինք՝ ինչ պետք է անել և ինչպես, բայց կար հոգեբանական վախ նոր ու անծանոթ հիվանդությունից», - պատմում է տիկին Ռուզանը։ «ՔՈՎԻԴ-19-ով առաջին վարակակիրը մեր հիվանդանոցում, ում հետ ես գործ ունեցա, տեղափոխվել էր Էջմիածնից: Մեր հիվանդանոցում հաստատվեց, որ վարակված է։ Խառնվեցինք իրար, վախեցանք։ Հագանք մեր հատուկ համազգեստները, որոնցով անտանելի բարդ էր աշխատելը․ անհարմար էր, ծանր։ Երկու օր անց նոր վարակակիր բերեցին։ Հետո էլի ու էլի․ չէինք հասցնում վազել մեկ բուժառուից մյուսը։ Հուսահատվում էինք յուրաքանչյուր վարակակրի առողջական վիճակի վատացումից, ուրախանում, երբ վիճակը կայունանում էր։ Բժիշկների աշխատանքին շատ էր խանգարում հիվանդների հոգեբանական վիճակը․ սկզբանական շրջանում բոլորն այնքան վախեցած էին, որ յուրաքանչյուր տասը հիվանդից իննին թվում էր, թե ինքը մահանալու է։ Հայտնվել էինք մի իրավիճակում, երբ բժիշկը, բուժելուց բացի, նաև հոգեբանական օգնություն էր ցուցաբերում այն պարագայում, երբ հենց ինքը հոգեբանական օգնության կարիք ուներ․ հոգնած էր, ուժասպառ, անքուն»։
Մայրապետ Ռուզանը, ով Վանաձորի հիվանդանոցում է աշխատում արդեն 31 տարի, չի մտաբերում որևէ դեպք մինչև ՔՈՎԻԴ-19-ը, երբ վախենար աշխատանքից տուն գնալ, սակայն ՔՈՎԻԴ-19-ը փոխեց նաև այս իրականությունը։
«ՔՈՎԻԴ-19-ի և սահմանափակումների առաջին ամիսներին շատ դժվար էր ընտանիքի անդամների հետ շփվելը. հիվանդանոցի հատուկ արտահագուստը տուն գնալուց առաջ պետք է հանեինք, մաքրեինք, ապա լողանայինք, ախտահանվեինք և հետո նոր միայն գնայինք տուն: Տանեցիների հետ շփումից չէինք վախենում, իսկ եթե ավելի ճիշտ՝ չէինք բարձրաձայնում մեր վախի մասին»։
Տիկին Ռուզանի համար այս վախն ասես լիովին շոշափելի դարձավ, երբ ինքն էլ վարակվեց ՔՈՎԻԴ-19-ով: «Մի օր շատ վատ էի ինձ զգում՝ ջերմություն ունեի, դող, անսպասելի թուլություն։ Պարզվեց, որ ՔՈՎԻԴ-19-ով եմ վարակվել և բացի այդ, վարակել եմ նաև ամբողջ ընտանիքիս։ Վախն ու անհանգստությունը հատկապես ուժեղ էին սկեսուրիս համար, ով տարիքով բավական մեծ է և ռիսկային խմբում է։ Բարեբախտաբար ընտանիքիս անդամները թեթև տարան հիվանդությունը, իսկ ես հայտնվեցի հիվանդանոցում։ Մեկ ամիս պառկեցի: Շատ ծանր էր ընթանում հիվանդությունը: Թոքերս ախտահարված էին, մոտս անկումային տրամադրություն էր, ընկճախտ ու մեղքի մեծ զգացում, որ ես հիվանդ եմ ու պառկած, իսկ գործընկերներս աշխատում են և անում նաև իմ բաժին աշխատանքը։ Բոլորը գերմարդկային ջանքեր էինք գործադրում, որպեսզի շարունակենք աշխատել ու լավ աշխատել: Գուցե անհավատալի հնչի, բայց ամիսներ շարունակ 24 ժամ ոտքի վրա էինք, անգամ նստելու ժամանակ չունեինք: Հետո ինչ-որ պահի հասկանում էինք, որ մենք էլ ենք թուլանում, թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես: Այդ ժամանակ փորձում էինք մեկս մյուսին լրացնել, անել այն աշխատանքը, որն այդ պահին պետք է արվեր, և դրա պատասխանատուն ուժասպառ վիճակում էր։ Երևի գերբնական ուժ կար մեր մեջ, որ կարողացանք անցնել այս ամենի միջով»:
Սարսափն ու հրաշքը՝ կողք կողք
«Հիմա, երբ հիշում եմ այդ օրերը, մտածում եմ՝ ինչպե՞ս կարողացանք դիմանալ, ինչպե՞ս էինք շարունակում ապրել այն ամենից հետո, ինչ տեսնում էինք ամեն օր՝ երիտասարդ մահացող մարդիկ, հրաշքի սպասող և այդպես էլ դրա ականատեսը չդարձող մարդիկ և անսպասելի ապաքինվողներ: Մեր աչքի առջև մարդկային ճակատագրեր էին կործանվում, սարսափելի ողբերգություններ էին տեղի ունենում, իսկ մենք անուժ կանգնած էինք և, մեր աշխատանքից բացի, որևէ բան անելու հնարավորություն չունեինք»։
«Իմ աշխատանքային պրակտիկայի ամենածանր դեպքը համավարակի թեժ օրերին էր՝ այս շտապօգնության սրահում, մարտ-հունիս ամիսներին: 4 մահճակալ էր դրված սենյակում, մյուս հիվանդները պատգարակներով հատակին էին շարված: Մի ընտանիքից երկու հիվանդ ունեինք՝ կողք կողքի պառկած՝ մոտ 60-ամյա մի կին և նրա 35-40-ամյա դուստրը: Երկուսի վիճակն էլ ծանր էր․ ունեին թոքերի շատ մեծ աշխատահարում, շնչահեղձություն, ջերմություն, որը ոչ մի կերպ չէր իջնում։ Մոր օրգանիզմը չկարողացավ հաղթահարել հիվանդությունը․ նա մահացավ, իսկ դուստրը, կողքին պառկած, չհասակացավ՝ ինչ կատարվեց: Մենք էլ չասացինք նրան, թաքցրեցինք իրականությունը, որ վիճակն էլ ավելի չվատանա։ Մոր մահվան հաջորդ օրը ծանր վիճակում մեր հիվանդանոց տեղափոխվեց նաև աղջկա հայրը, ով կնոջ և դստեր պես թոքերի մեծ աշխատահարում ուներ։ Այդ նույն օրը՝ մի քանի ժամում, աղջկա վիճակը վատացավ, և այդ գիշեր արդեն նա մահացավ՝ արդեն իր հոր կողքին, ով նույն պահին հասկացավ, թե ինչ կատարվեց։ Ընդամենը երկու օրում այդ մարդը կորցրեց և´ կնոջը, և´ դստերը, իսկ իր ապաքինումը տևեց մեկ ամսից ավել։ Նույն ընտանիքում էին կորուստները, սարսափելի էր․ աչքներիս առաջ մարդիկ կործանվում էին, և մեր ողջ ջանքն ու պայքարը կարծես ապարդյուն լիներ»։
«Սակայն սարսափի ու հուսահատության կողքին ականատես էինք լինում նաև հրաշքների։ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածները, ում մոտ նոր էր ախտորոշում վարակը, տեղափոխվում էին հիվանդանոցում առանձին հիվանդասենյակներ, որոնք մենք մեկուսարան ենք անվանում։ Հիշում եմ՝ մեր հիվանդանոցի մեկուսարանում մի կին էր պառկած, ով ծայրահեղ ծանր վիճակում էր, վարակից բացի ուներ նաև ուղեկցող մի շարք բարդ հիվանդություններ՝ շաքարախտ, սրտի խնդիր։ Օրեր շարունակ գրեթե անգիտակից վիճակում էր։ Բժիշկներն անում էին հնարավորն ու անհնարինը, բայց նաև պատրաստ էին, որ յուրաքանչյուր պահի կինը կարող է մահանալ․ թվում էր՝ անկախ մեր բոլոր ջանքերի՝ նրա կյանքը փրկել հնարավոր չէ։ Հույսներս կորցրել էինք։ Մի օր կինը մի կերպ հասկացրեց բժիշկներին, որ ամուսնուն տեսնելու ցանկություն ունի: Չմերժեցինք, և ամուսնու հետ կարճ հանդիպում ունեցան, իսկ նրա գնալուց հետո կինն ասես վերակենդանացավ: Կարծես այն հայտնի հեքիաթի ականատեսը լինեինք, որտեղ աղջիկն արթնանում է մահից՝ սիրելիի համբույրից հետո: Զարմանալի էր, բայց 10 օր հետո նա դուրս գրվեց լիարժեք առողջ, և ամուսինն անձամբ նրան տուն տարավ հիվանդանոցի բակից»։
«Հիմա կյանքն այլ է: Մարդիկ սովորել են ապրել ՔՈՎԻԴ-19-ի հետ ու ՔՈՎԻԴ-19-ով: Դեպքերը նվազել են: Մենք էլ ենք փոխվել․ հմտացել ենք և ավելի հանգիստ ենք: Հիմա, երբ որևէ մեկը գալիս է ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններով, այլևս չենք խառնվում իրար։ Թեստավորում ենք, չափում ջերմությունը, թեստի դրական պատասխանի դեպքում ստուգում թոքերի վիճակը, պարզում ուղեկցող հիվանդությունները։ Վարակակիրներն էլ են փոխվել, իրենք էլ են հասկանում, թե ինչպիսին է այս հիվանդությունը, ինչով է վտանգավոր, ինչպես է ընթանում։ Ճիշտ մեր նման՝ ավելի տեղեկացված են ու պատրաստված։ Սա բավականին հեշտացրել է մեր աշխատանքը, որովհետև ծանր հոգեբանական խնդիրների ավելի քիչ ենք հանդիպում վարակակիրների շրջանում։ Մեր կյանքն էլ կարծես հունի մեջ է ընկել, գնում է իր մշտական, անվերջ և չավարտվող աշխատանքային հոսքով»:
«Բացի այդ, իրավիճակի կարգավորմանը նպաստեցին նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները։ Առողջապահական համակարգում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների ներմուծումից հետո՝ մոտ երկու ամսվա ընթացքում, անզեն աչքով էլ ակնհայտ դարձավ, որ վարակման դեպքերն սկսել են նվազել, գրանցվող դեպքերն էլ ավելի թեթև են, իսկ մահվան ելքով ծանր դեպքերն՝ ավելի հազվադեպ:
Ցավոք դեռ շատ են մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում պատվաստումներին: Չգիտեմ պատճառները, բայց ես, որպես հիվանդանոցում աշխատող մասնագետ, ակնհայտ տեսնում եմ փոփոխությունները, որոնք պատվաստումների հետևանքն են: Նախկինում՝ մեկ-երկու տարի առաջ, երբ որևէ վարակակիր էր մոտենում, առաջին իսկ րոպեից պարզ էր, որ ՔՈՎԻԴ-19-ով է վարակված՝ դժվար էր շնչում, հևում էր, ուներ շատ բարձր ջերմություն: Հիմա, երբ մոտենում են հատկապես պատվաստված բուժառուները, շատ դժվար է հասկանալ՝ ՔՈՎԻԴ-19 է՞, թե՞ ուրիշ հիվանդություն: Շատ թեթև վիճակում են լինում և միայն ջերմության կամ հազի առկայությունն են ստիպում մարդկանց թեստավորվել»:
Անխոս, այս վերջին երկու տարիները տիկին Ռուզանի համար եղել են ծանր ու մարտահրավերներով լեցուն․ համավարակի օրերը տիկին Ռուզանը վերհիշում էր սարսափով։ Եվ չնայած վերապրած բոլոր բարդություններին՝ տիկին Ռուզանը երբեք չի ափսոսացել իր մասնագիտությունն ընտրելու համար․ «Ես պաշտում եմ իմ աշխատանքը։ Ինձ համար այն թանկ է, որովհետև իմ կյանքի ամենամեծ առաքելությունը համարում եմ մարդկանց օգնելը»:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: