Հետքովիդյան համախտանիշը կամ երկարատև ՔՈՎԻԴ-ը երեխաների մոտ
ԱՄՆ-ում Յեյլ համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկական վարակաբան Կառլոս Օլիվիերան ներկայացնում է երկարատև ՔՈՎԻԴ-ի ախտանշանները և բուժումը
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ի՞նչ է հետքովիդյան համախտանիշը կամ երկարատև ՔՈՎԻԴ-ը։
Հետքովիդյան համախտանիշը կամ երկարատև ՔՈՎԻԴ-ը մի վիճակ է, որի ժամանակ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց ամիսներ անց մարդկանց մոտ նկատվում են նրանց ֆիզիկական, հոգեկան կամ սոցիալական բարեկեցության վրա ազդող ախտանշաններ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում երկարատև ՔՈՎԻԴ, սակայն այն կարող է ազդել երեխայի՝ առօրյա գործողություններ կատարելու ունակության վրա, օրինակ՝ դպրոցական հանձնարարությունների կատարման կամ սպորտով զբաղվելու։
Ախտանշանները երեխաների և չափահասների շրջանում կարող են փոքր-ինչ տարբերվել։ Չափահասների մոտ հետքովիդյան համախտանիշի մասին կարող եք կարդալ այստեղ։ Երեխաների և դեռահասների շրջանում ախտանշանները կարող են արտահայտվել ակտիվ լինելու անկարողությամբ, տագնապի զգացումով կամ կրծքավանդակում սեղմվածության զգացումով, դժվարացած շնչառությամբ և շշմածությամբ, որը նաև հայտնի է «մշուշ գլխում» անվանմամբ: Մանկահասակ երեխաների մոտ երբեմն կարող է նկատվել մազաթափություն, ինչպես նաև համի և հոտառության կորստի հետևանքով՝ քաշի կորուստ։ Հայտնի է, որ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացած երեխաների զգալի մասն ունեն շարունակվող ախտանշաններ։
Որքա՞ն երկար կարող է տևել հետքովիդյան համախտանիշը երեխաների մոտ։
Չնայած երեխաները սովորաբար ավելի արագ են ապաքինվում, քան չափահասները, բայց լինում են դեպքեր, երբ երեխաների մոտ ախտանշանները պահպանվում են վեց ամսից ավելի: Սակայն, ընդհանուր առմամբ, երեխաների վերականգնման տևողությունը կախված է նախկինում նրանց առողջական վիճակից և ՔՈՎԻԴ-19-ի ծանրությունից։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում երեխաները վերականգնվում են մի քանի ամսվա ընթացքում:
Ի՞նչի վրա պիտի ուշադրություն դարձնեն ծնողները:
Երկարատև ՔՈՎԻԴ-ի դեպքում շատ ծնողներ կնկատեն, որ երեխաները դժվարանում են կատարել իրենց դպրոցական հանձնարարությունները կամ մասնակցել սպորտային մարզումներին և խնդրում են բաց թողնել պարապմունքները: Երեխաները, ովքեր նախկինում ակտիվ զբաղվում էին սպորտով, երկարատև ՔՈՎԻԴ-ի ժամանակ հնարավոր է հազիվ քայլեն փողոցով և հաճախ հանգստանալու կարիք ունենան։
Երեխաները կարող են նաև բողոքել մշտական հոգնածությունից, մկանային ցավից կամ գլխապտույտից և մի շարք այլ անհանգստացնող ախտանշաններ ունենան: ՔՈՎԻԴ-19-ի ամենաանհանգստացնող հատկանիշներից մեկը հիվանդության՝ սրտին վնասելու հավանականությունն է։ Ծնողները պետք է ուշադիր լինեն սրտի հետ կապված ցանկացած ախտանշանի դեպքում, ինչպիսիք են, օրինակ, արագացած զարկերակի բաբախը, նվազագույն ակտիվությունից հետո արտասովոր դժվարացած շնչառությունը և ուշագնացության կամ գիտակցության կորստի եզրին լինելու զգացողությունը։
Ծնողները պետք է նաև ուշադրություն դարձնեն այն բանի վրա, թե ինչպես է ՔՈՎԻԴ-19-ից հետո երեխաների վրա ազդում սթրեսը, որը, երբեմն, դժվար նկատելի է փոքր երեխաների մոտ: Նմանատիպ սթրես կարող են առաջացնել մի շարք գործոններ։ Օրինակ, այն երեխաները, որոնք ամիսներ շարունակ զրկված են եղել համի զգացողությունից, ամեն անգամ սնվելիս սթրեսի են ենթարկվում, քանի որ պարզապես չեն կարողանում վայելել այն սնունդը, որը նախկինում սիրում էին:
Երեխայի համար սթրեսի մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ ինքը չի կարողանում նույն հեշտությամբ անել իր համար սովորական առաջադրանքները: Հարկ է նաև նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում շատ երեխաներ ընտանիքի անդամ կամ հարազատ են կորցրել, իսկ նմանատիպ կորուստը կարող է մեծապես ազդել երեխայի հոգեկան առողջության վրա:
Ինչպե՞ս է բուժվում երկարատև ՔՈՎԻԴ-ը երեխաների մոտ։
Երկարատև ՔՈՎԻԴ-ի պարագայում բոլոր դեպքերի համար մեկ բուժում (համընդհանուր բուժում) չկա, իսկ արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից: Ուստի առաջին կարևոր քայլն այն է, որ փորձառու մանկաբույժը մանրակրկիտ զննում իրականացնի։ Հետագա ստուգումները պետք է կատարվեն ելնելով երեխայի ախտանշաններից և զննման արդյունքներից: Օրինակ, այն երեխան, ով հիմնականում կրծքավանդակի ցավ ունի, պետք է զննում անցնի սրտաբանի մոտ, մինչդեռ երեխան, որը գանգատվում է շշմածությունից կամ «գլխում մշուշից», պետք է զննում անցնի նյարդաբանի մոտ:
Ընդհանուր առմամբ բուժումն ուղղված է լինում օրգանիզմի գործառույթների և կյանքի որակի բարելավմանը և առավել արդյունավետ է, երբ ուղղված է յուրաքանչյուր ախտանշանի բուժմանն առանձին: Կարևոր է նշել, որ կարող է տևական ժամանակ պահանջվել, որ երկարատև ՔՈՎԻԴ ունեցող երեխայի ինքնազգացողությունը լավանա։ Թեև հոգեկան առողջության խնդիրները չեն կարող լինել երկարատև ՔՈՎԻԴ-ի պատճառ, սակայն կարող են ի հայտ գալ դրա ընթացքում և հետաձգել ապաքինումը, եթե ժամանակին դրանց չանդրադառնալ:
Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել երեխաներին երկարատև ՔՈՎԻԴ-ից։
Լավագույնը, որ կարող եք անել ինքներդ ձեզ և ձեր երեխաներին պաշտպանելու համար, ամեն ինչ անելն է, որ, նախևառաջ, չվարակվեք: Միջոցներից մեկը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելն է և կանխարգելիչ միջոցառումներին հետևելը, օրինակ, հեռավորություն պահպանելը, օճառով ձեռքերը հաճախակի լվանալը, սենյակները լավ օդափոխելը և այլն:
Այս ամենը կարող է օգնել նվազեցնել ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու և հիվանդության տարածման հավանականությունը։