Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում 13-24 տարեկան երեխաներին ու երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները

06 Նոյեմբեր 2019

 

Շատ շուտով՝ նոյեմբերի 20-ին, տոնելու ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը: Այս տարի նոյեմբերի 18-ից-20-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների գագաթնաժողով, որին Հայաստանի բոլոր մարզերից կմասնակցեն ավելին քան 170 տղաներ ու աղջիկներ: Քանի որ գագաթաժողովին սահմանափակ թվով երեխաներ են մասնակցելու, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար էական է հնարավորինս մեծ թվով երեխաների ձայնը լսելն ու այն լսելի դարձնելը, մենք նաև առցանց հարթակ ենք ստեղծել՝ www.unicef.am:

Հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի երեխաներին ու երիտասարդներին մասնակցել ստորագրահավաքին ու բարձրաձայնել իրենց համայնքում բնակվող բոլոր երեխաների հիմնական ու կոնկրետ խնդիրները։ Այնուհետև այդ խնդիրները և ստորագրահավաքի արդյունքները ՅՈՒՆԻՍԵՖ-ը գագաթաժողովին կներկայացնի մասնակից երեխաների ուշադրությանը, ովքեր կքննարկեն հնարավոր լուծումները կառավարության ներկայացուցիչների և այլ որոշում ընդունողների հետ:

Ստորագրահավաքին իր աջակցությունն է ցուցաբերել Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչին, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա առողջ մանկություն:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: Կոնվենցիայի ընդունումից ի վեր երեխայի իրավունքների պաշտպանության հարցում շատ ձեռքբերումներ են գրանցվել, սակայն պետք է ընդունենք նաև, որ շատ աղջիկներ ու տղաներ թե´ Հայաստանում, թե´ աշխարհում շարունակում են մնալ անտեսված: 30-ամյակն առիթ է քայլեր ձեռնարկելու առ այն, որ հաջորդ 30 տարիների ընթացքում է´լ ավելի լավ աշխարհ կառուցենք գալիք սերունդների համար:

Նոյեմբերի 20-ը նշվելու է աշխարհի տարբեր կողմերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ երեխաները խոսելու են նախագահական նստավայրերից ու խորհրդարաններից, վարելու են մամուլի կամ հայտնի անձանց էջերը, կապույտ լույսով են լուսավորվելու աշխարհահռչակ հուշարձաններ:

Յուրաքանչյուր ոք կարող է տոնել Երեխայի համաշխարհային օրը՝

  • Այդ օրը որևէ կերպ կրելով կապույտ գույն
  • Սոցիալական մեդիայի գրառումներում կիրառելով #ForEveryChild կամ #WorldChildrensDay հեշթեգերը
  • Սոցիալական մեդիայի էջում տեղադրելով մանկության լուսանկար և տարածելով մանկության մասին որևէ հուշ կամ էլ կիրառելով թեմատիկ ֆեյսբուքյան շրջանակը՝ https://bit.ly/349S7xi
  • Եվ, ի վերջո, այդ օրը նշելով երեխաների հետ և նրանց ձայնի հնարավորություն տալով:

 

###

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին:

Հոլովակի նկարահանմանը աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում «Այբ» դպրոցին:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: