Հայաստանը երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունները կամ մեծ մասամբ չի կատարել, կամ կատարել է մասնակի․ արտահերթ զեկույց

12 Հունիս 2018
Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ներկայացնում են զեկույցը:
Human Rights Defender's Office

Երևան, 12-ը հունիսի, 2018թ: Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցը լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ուշադրություն չի դարձել ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով երկրին ուղղված Երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկություններին և դրանք մեծ մասամբ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի։ Ավելին՝ Կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունը պատշաճ իրազեկված չէ․ դա է ցույց տալիս նաև մեր բազմաթիվ հանդիպումները Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ»,- ասաց Արման Թաթոյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը բացման խոսքի ժամանակ նշեց հետևյալը. «Խորհրդանշական է, որ Հայաստանի հերթական զեկույցը ներկայացվելու է մյուս տարի, երբ աշխարհը կտոնի Կոնվենցիայի 30-ամյակը: Սա հնարավորություն է ընձեռում անդրադառնալ այն մեծ առաջընթացին, որ գրանցվել է երեխայի իրավունքների ոլորտում, միևնույն ժամանակ` հիշելով մեր հետագա անելիքների մասին: Կոնվենցիան ներկայացնում է աշխարհի տեսլականը, ըստ որի յուրաքանչյուր երեխայի կյանք պաշտպանված է: Աշխարհ, որտեղ երեխաները հարգված են, հնարավորություն ունեն հասնելու իրենց ողջ ներուժին առանց խտրականությանն առնչվելու և մասնակցում իրենց վերաբերող հարցերի շուրջ որոշումների կայացմանը: Այս տեսլականը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, երբ իրականցվեն յուրաքանչյուր երեխայի` այդ թվում ամենաանապահովների իրավունքները»:

Նշենք, որ զեկույցը կազմելիս նախևառաջ ուսումնասիրվել են Կոմիտեի՝ Կոնվենցիայի և կից արձանագրությունների առումով երկու ամփոփիչ դիտարկումերը, ՀՀ կառավարության նախկին զեկույցները, ոլորտի իրավասու պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների զեկույցները, այդ թվում նաև այլընտրանքային զեկույցներ։

Դրանից բացի, անցկացվել են հարցազրույցներ ոլորտի անկախ փորձագետների, երեխաների իրավունքների ոլորտի պետական ու համայնքային մարմինների աշխատակիցների, ոչ պետական մարմինների աշխատակիցների, փաստաբանների, դատավորների հետ։ Ուսումնասիրվել են բազմաթիվ դատական ակտեր, խնամակալության ու հոգաբարձության մարմինների եզրակացություններ ու համայնքային մարմինների կողմից ընդունված վարչական ակտեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ԶԼՄ-ների հաղորդումերին, սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումերին։ Պետական իրավասու մարմիններ ուղարկված հարցումների արդյունքում ստացվել են բազմաթիվ տվյալներ, որոնք նույնպես ներառվել են զեկույցում։

 

Հավելյալ տեղեկություններ

1993 թվականին Հայաստանը, վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորություն է ստանձնել համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այս փաստաթղթի պահանջներին։

Անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն։ Վերջինս 18 փորձագետներից բաղկացած մարմին է և վերահսկողություն հիմնականում իրականացնում է մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ պարտավորությունների կատարման մասին։ Զեկույցները ուսումնասիրելուց հետո Կոմիտեն տվյալ պետությանը ներկայացնում է «Ամփոփիչ դիտարկումներ» կոնկրետ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։

Հայաստանի առաջին զեկույցը ներկայացրել է 1997 թվականի փետրվարին, որի վերաբերյալ Կոմիտեն իր դիտարկումները կազմել է 2000 թվականին։ Այնուհետև, ՀՀ կառավարությունը 2003 թվականին ներկայացրել է երկրորդ պարբերական զեկույցը, իսկ 2011 թվականին՝ երրորդ և չորրորդ պարբերական զեկույցները 2001–2009 թվականների համար։

2013թ.-ին Կոմիտեն հաստատել է իր ամփոփիչ դիտարկումները Կոնվենցիայի դրույթների և կից երկու արձանագրությունների վերաբերյալ, որոնցում անդրադարձել է ընդարձակ հարցերի և դրանց վերաբերյալ կատարել է դիտարկումեր և ներկայացրել առաջարկություններ։

Կոմիտեն հրավիրել է Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել իր հաջորդ` հինգերորդ և վեցերորդ համատեղ զեկույցը մինչև 2019 թվականի հունվարի 22-ը և դրանում ներկայացնել տեղեկություններ 2013 թվականի «Ամփոփիչ դիտարկումներում» նշված առաջարկությունների կատարման վերաբերյալ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։

Այս զեկույցը կազմվել է Պաշտպանի այդ գործառույթի շրջանակներում և կազմում է մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչը։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Ուստի, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի երեք ամփոփիչ դիտարկումները, վեր են հանվել դրանցում ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ, Կոնվենցիայի մարմինների առջև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ Պաշտպանի գնահատականները և առաջարկությունները։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում