Երեխաների համաշխարհային օրը երեխաները «կգրավեն» ՀՀ Ազգային ժողովը

2017թ-ի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
UNICEF Armenia/2016/Deem

19 Նոյեմբեր 2017

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվելու է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրն է:

Այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին: Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպելու են հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու լուծումների շուրջ իրենց կարծիքները:

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում Վրաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Կոսովոյի, Ուզբեկստանի խորհրդարաններում: Գլոբալ նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: Կոնվենցիան պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան 1992 թվականին, իսկ 2018թ. ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը:

Դիտե՛ք, թե ինչպես են երեխաները գրավելու Ազգային ժողովը և ինչի մասին են նրանց ելույթները: