Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի ձևավորումը, հաղորդակցման ունակությունների, հոգեկան գործընթացների զարգացումը, ինչպես նաև այդ երեխաների սոցիալականացումը սուրդոմանկավարժության գլխավոր խնդիրներից են: Չլսող երեխաների բառային խոսքի և ժեստերի լեզվի նպատակային ուսուցումն անհրաժեշտ է սկսել վաղ տարիքից: Այս երկու հաղորդակցման համակարգերը, ձևավորվելով և զարգանալով, պահպանում են իրենց հիմնական նշանակությունը չլսողների հաղորդակցման և ճանաչողական գործունեության մեջ: Այդ երկու լեզվական համակարգերի միջև գոյանում է կենդանի փոխազդեցություն, ինչի արդյունքում էլ ձևավորվում է ժեստաբառային երկլեզվությունը: Բառային խոսքը նպաստում է ժեստերի լեզվի հարստացմանը, իսկ ժեստերի լեզուն իր հերթին հանդես է գալիս որպես բառային խոսքի ընկալման և ուսուցման հիմք: Ուսումնասիրությունները և մանկավարժական փորձը վկայում են, որ երեխաներն ավելի լավ են կատարում առաջադրանքները, լավ են հիշում բառային նյութը, եթե այն ամրակայվում է ժեստերի միջոցով: Պետք է նշել, որ այդ սկզբունքի կիրառումը բարձրացնում է երեխաների` հետաքրքրությունը ուսումնական առարկայի և նյութի նկատմամբ, քանի որ նրանք լավ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջվում: Նրանք դառնում են առավել վստահ, ինչը հանգեցնում է նրանց ինքնագնահատականի բարձրացմանը: Երկար տարիների որոնումների և դիտարկումների ընթացքում հասկանալի դարձավ, որ ժեստերի լեզուն լիարժեք լեզվաբանական համակարգ է, և այն պետք է կիրառվի ոչ միայն որպես հաղորդակցման, այլև որպես ուսուցման մեթոդ և միջոց: Ժեստերի լեզուն կարող է իր գործուն ներազդեցությունն ունենալ հմուտ մանկավարժի ձեռքերում, ով լիարժեք կերպով տիրապետում է երկու լեզուներին և վստահ է, որ այդ լեզուների հավասարաչափ կիրառումը չլսող երեխաների ուսուցման հաջողության գրավականն է: «Չլսող երեխաների խոսքի և հաղորդակցման զարգացումը ժեստաբառային երկլեզու ուսուցման մեթոդով» ուսումնական ձեռնարկը նախատեսված է տարրական (2-4-րդ դասարան) դպրոցի չլսող երեխաների հետ աշխատող մանկավարժների համար: Ձեռնարկում ընդգրկված խաղերն ու վարժությունները նախատեսված են գրաճանաչ երեխաների համար: Ընտրված են վարժություններ, խաղեր, հանելուկներ, խաչբառեր` նպատակամիտված բառապաշարի զարգացմանը, վարժություններ և տեքստեր, որոնք միտված են կապակցված խոսքի, ինչպես նաև հիշողության և ուշադրության զարգացմանը: Ձեռնարկում առաջադրանքներն ու վարժությունները տրված են ըստ տարբեր բարդության և նախատեսված են խոսքի զարգացման տարբեր մակարդակ ունեցող երեխաների համար, դրանք կարող են կիրառվել նաև այն երեխաների համար, ովքեր չեն տիրապետում ժեստերին և ուսուցանվում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում: Ձեռնարկը երեշխավորված է Պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի խորհրդի կողմից: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է տպագրությանն ու տարածմանը:
Read now