Երեխան և հոգետրավման
Ձեռնարկ աջակցող մեծահասակների համար
Կարևոր ակնարկներ
Արտակարգ իրավիճակի կիզակետում հայտնված երեխաները մեծահասակներից ոչ պակաս կարիք ունեն անհապաղ սոցիալ-հոգեբանական աջակցության։ Պատերազմը և ռազմական գործողություններն արտակարգ իրավիճակների շարքում առանձնահատուկ տեղում են գտնվում իրենց բացարձակ դեստրուկտիվ և սթրեսածին բազմատեսակ կողմերով՝ մահ և տառապանք, զոհեր և կորուստներ, սոցիալական և բժշկական ինստիտուտների կազմալուծում, առաջնային կարիքների բավարարման կտրուկ բարդացում, ընտանիքների կազմաքանդում, սով և հիվանդություններ, տեղահանում և արտագաղթ, աղքատություն և անհուսություն և այլն։ Եվ նման իրավիճակներում գոյատևող երեխաներն առավելապես խոցելի են և անպաշտպան, քանի որ նրանց հոգեկան պաշտպանությունը չափազանց փխրուն է, նրանք չունեն ինքնուրույնության բավարար աստիճան և կախված են մեծահասակների որոշումներից։
Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացրեց «Հայաստանում փախստական, ապաստան փնտրող և տեղահանված երեխաների հոգեսոցիալական աջակցություն» ծրագիրը, որի գլխավոր նպատակն էր մատուցել արհեստավարժ հոգեբանական աջակցություն Սիրիայի ճգնաժամից տուժած և Հայաստան արտագաղթած երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ծրագրի ընթացքում իրականացվեցին անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություններ և թրեյնինգներ՝ ուղղված սիրիահայ և այլ տեղահանված դպրոցահասակ երեխաների և պատանիների ինտեգրմանը և հարմարմանը նոր միջավայրում։ Բացի այդ, ծրագրի տասնմեկ ամիսների ընթացքում ակտիվորեն գործեց «ծնողական ակումբը», որտեղ քննարկվում էին կյանքի դժվար վիճակում հայտնված երեխաների հոգեբանական խնդիրների լուծման ծնողավարական արդյունավետ մոտեցումները, իսկ դպրոցներում մանկավարժների համար իրականացվեցին երեխաների իրավունքներին և նրանց հետ առավել արդյունավետ հոգեբանամանկավարժական հմտություններին նվիրված դասընթացներ։
Այս ձեռնարկն իրականացված բազմակողմանի աշխատանքի (երեխաներ, պատանիներ, ծնողներ և մանկավարժներ) արդյունքն է, որում տեղ են գտել հոգեբանական տրավմատիկ իրողություններին տրվող տարբեր տարիքի երեխաների հուզական և վարքային հակազդումների, հոգեվիճակների և դրանց ախտաբանական դրսևորումների նկարագրությունը, ինչպես նաև նման բարդ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցող մեծահասակների արձագանքման առավել արդյունավետ ռազմավարությունները և եղանակները։
Ձեռնարկը նախատեսված է առաջին հերթին հոգետրավմա ապրած երեխայի ընտանիքի և մանկավարժների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և երեխաների սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներով հետաքրքրված այլ մասնագետների համար։