Այլընտրանքային մանկապարտեզներ փոքր համայնքներում
Ինչպես հիմնել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ Հայաստանի փոքր բնակավայրերում

Կարևոր ակնարկներ
Կրթական համակարգի առաջնային օղակը նախադպրոցական կրթությունն է, որի նպատակն է բարելավել 3-6 տարեկան երեխաների ճանաչողական, ֆիզիկական և սոցիալական զարգացումը, ապահովել տարրական կրթություն սահուն անցումը:
Նախադպրոցական կրթությունում երեխաների ընդգրկվածության ցածր մակարդակը գլխավորապես պայմանավորված է հատկապես գյուղական համայնքներում նախադպրոցական կրթական հաստատությունների բացակայությամբ կամ դրանց առկայության դեպքում՝ չշահագորշմամբ վատ վիճակի կամ ռեսուրսների պակասի պատճառով:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2017թ-ի դրությամբ ՀՀ-ում նախադպրոցական տարիքի (0-5) երեխաների 28.9%-ն է օգտվում տվյալ ծառայությունից։ Վիճակը էլ ավելի վատթար է հենց գյուղական բնակավայրերում, որտեղ երեխաների միայն 17.2%-ն է հաճախում մանկապարտեզ։
Ուստի մանկապարտեզի այլընտրանքային մոդելների ներդրումը մեծապես կարևորվում է Հայաստանում, մասնավորապես՝ փոքր բնակավայրերում, որտեղ ինչպես երեխաների թվաքանակը, այնպես էլ համայնքային միջոցները չեն բավականացնում ավանդական մանկապարտեզներ գործարկելուն և պահպանելուն: Ավանդական մանկապարտեզը, որը ներառում է նաև երեխայի խնամքը և սնունդը, պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, ուստի խնդիր դրվեց սահմանափակ ռեսուրսներով հնարավոր դարձնել նշված ծառայության մատուցումը նաև փոքր բնակավայրերում։
Յուրաքանչյուր երեխայի համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակեց մանկապարտեզի այլընտրանքային մոդել, որը փորձարկվեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրմանի կողմից Սյունիքի մարզի 8 համայնքներում։ Փորձարկված ծրագիրը հաջող էր, մշակված մոդելը՝ ծախսարդյունավետ, ինչի շնորհիվ էլ գտել է իր տեղը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված նախադպրոցական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների ցանկում: Այնուհետև, հենվելով առկա փորձի վրա և հաշվի առնելով խոշորացված համայնքների առանձնահատկությունները, մոդելը լրամշակվեց և բարեփոխված բովանդակությամբ գործարկվեց Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 4 գյուղական բնակավայրերում։
Ձեռնարկում համառոտ նկարագրված են այն 8 քայլերը, որոնք պետք է/կարող է իրականացնել համայնքի ղեկավարը իր համայնքում նույնպես այս մոդելի այլընտրանքային նախադպրոցական հաստատություն հիմնելու համար:
Դրանք են՝
- Համայնքի կողմից այլընտրանքային նախադպրոցական ուսուցման կարիքի գնահատում դիտարկվող բնակավայրում,
- Բնակավայրում ծառայությունը մատուցելու շենքային պայմանների և դրանց օգտագործման հնարավորությունների գնահատում,
- Դիտարկվող բնակավայրում հանրային քննարկման կազմակերպում,
- Ծառայության մատուցման գործընթացի նախապատրաստական փուլ,
- Համայնքի ավագանու նիստի անցկացում,
- Համայնքի ավագանու որոշումների կիրարկում և բնակավայրում նախադպրոցական կրթության ծառայության հիմնում,
- Ծառայության գործարկում բնակավայրում,
- Մոնիթորինգի իրականացում:
Իրականացվող քայլերը առավել մանրամասնորեն ներկայացված են փաստաթղթում:
