Վաղարշապատի «Հասմիկ» և «Ոստան» նախադպրոցական հաստատություններում բացվել են նոր խմբասենյակներ
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 10, 2025 թ.: Դեկտեմբերի 10-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ներկա են եղել Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 «Հասմիկ» նախակրթարանի վերանորոգված խմբասենյակի բացման արարողությանը: Համագործակցության շրջանակում խմբասենյակ է բացվել նաև Վաղարշապատի թիվ 8 «Ոստան» մանկապարտեզում: Միջոցառմանը նաև ներկա է գտնվել և ներկաներին շնորհավորել Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:
Նոր խմբասենյակները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Յուրաքանչյուրը նախատեսված է 30 երեխայի համար:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ միջոցառման առիթը համագործակցության լավագույն օրինակներից է. պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինը և միջազգային կառույցը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցել են՝ ապահովելով կրթության հասանելիություն, որը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կարևոր թիրախներից է. «Կառավարության ծրագրով և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով մեծ տեղ է հատկացված նախադպրոցական տարիքի երեխաների կրթական համակարգում ընդգրկվածությանը: Հաստատությունների բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը միտված են կրթության որակի բարելավմանը, մանկապարտեզներ հաճախող երեխաների թվի աճին, որն ուղղված է մինչև 2030 թվականը 3-6 տարեկան երեխաների մինչև 95 տոկոս ընդգրկվածություն ապահովելու նպատակին»:
Կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության բովանդակությունը՝ նա նշել է, որ պետությունը հետևողական ջանքեր է իրականացնում այս ուղղությամբ՝ նոր ծրագրերի ներդրմամբ, մանկավարժական աշխատողների վերապատրաստումների իրականացմամբ. «Ներկա պահին ընթանում են նախադպրոցական մանկավարժների վերապատրաստման դասընթացները, որոնք նպատակ ունեն բարձրացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները: Առանց լավ մասնագետների՝ ամենալավ պայմաններ ունենալու դեպքում անգամ չենք կարող խոսել որակյալ կրթության մասին»:
«Վաղարշապատի թիվ 1 և թիվ 8 մանկապարտեզներում նորաբաց խմբասենյակները հնարավորություն կտան ավելի քան 60 երեխաների ընդգրկվել մանկապարտեզներում և ստանալ վաղ մանկական ուսումնառություն, իսկ թիվ 1 մանկապարտեզում նոր կառուցված մարզադահլիճը և բացօթյա խաղահրապարակը կընդլայնեն նրանց առողջ զարգացման և խաղի հնարավորությունները», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։
Սիլվիա Մեստրոնին հայտնել է, որ 2024-2025թթ․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերի 11 մանկապարտեզների՝ խմբասենյակները ընդլայնելու և նոր երեխաներ ընդգրկելու գործում, ինչի շնորհիվ 350 տեղահանված և հյուրընկալ համայնքների երեխաներ հնարավորություն են ստացել հաճախել նախակրթարաններ: «Այս նախաձեռնությունը նպաստում է ազգային ծրագրերին՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը, ինչը երեխաների կյանքի հիմնարար առաջին քայլերից մեկն է»։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ հեքիաթներ» երաժշտական կրթական դասընթացը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագիրը մշակված է երեխաներին վաղ տարիքից ծանոթացնելու դասական երաժշտությանը, նպաստելու ճանաչողական զարգացմանը, հուզական ինտելեկտի և ստեղծագործական մտածողության ձևավորմանը, հիմք դնելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառությանը և բազմակողմանի աճին։ Այն նաև նպաստում է երեխաների ընդհանուր հոգեսոցիալական բարեկեցությանը:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: