Ճանապարհային անվտանգության կանոնները փոքրիկների համար

Երբեք շուտ չէ սովորելու անվտանգության կանոնները

Զառա Սարգսյան
Կարմիր սաղավարտներով մանկապարտեզահասակ աղջիկները շարքով կանգնած
UNICEF Armenia/2023/Beryozkin
01 Սեպտեմբեր 2023

Ճանապարհատրանսպորտային պատահարները երեխաների և դեռահասների շրջանում մահերի առաջատար պատճառն են ամբողջ աշխարհում: Տարեկան աշխարհում 0-19 տարեկան մոտ 220,000 երեխա և դեռահաս է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացված վնասվածքների հետևանքով: Սա նշանակում է՝ օրական ավելի քան 600 կանխարգելի ճանապարհատրանսպորտային մահ երեխաների և երիտասարդների շրջանում կամ մեկ մահ գրեթե յուրաքանչյուր երկու րոպեն մեկ:

Հայաստանում միայն 2022 թվականին 31 երեխա է մահացել, իսկ 804-ը վիրավորվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով: Այս մահերն ու վանսվածքները կանխագելի են, հետևաբար՝ անվտանգության տարրական կանոնների իմացությունն էական նշանակություն ունի:

 

Մանկապարտեզահասակ երեխաները նկարվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ
UNICEF Armenia/2023/Beryozkin

«Ճանապարհային անվտանգությունը կենսական նշանակություն ունի երեխաների և երիտասարդների համար: Ավելի փոքր երեխաները հատկապե՛ս խոցելի են, քանի որ վարորդները նրանց դժվարությամբ են նկատում, նրանք ավելի քիչ են ճանաչում վտանգավոր իրավիճակները և չեն կարող անվտանգ վարքագծի վերաբերյալ ճիշտ ու գիտակցված որոշումներ կայացնել»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը [լուսանկարի կենտրոնում]: «Երբեք վաղ չէ նրանց սովորեցնել անվտանգության հիմնական կանոնները, քանի որ ճանապարհային անվտանգությունը բոլորիս խնդիրն է»:

Ահա այս նկատառումներից ելնելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համատեղ, մշակել է նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ճանապարհային անվտանգության մասին գործնական ուսումնական փաթեթ, որն այս գործընթացում ներգրավում է նաև նախադպրոցական տարիքի մանկավարժներին և ծնողներին: Ծրագրին արդեն ծանոթացել են Երևանի, Տավուշի և Լոռու 20 մանկապարտեզներ՝ հնարավորություն տալով երեխաներին կրթելու և խաղալու միջոցով կյանքը փրկելու համար հմտություններ ձեռք բերել: Խաղի միջավայրը բարելավելու համար մանկապարտեզներին տրամադրվել են տարբեր նյութեր՝ ճանապարհային նշաններ և դերակատարման համապատասխան հագուստ/ հանդերձանք, իսկ խաղահրապարակի մի մասը վերածվել է փեքրիկ խաչմերուկի՝ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու համար:

 

Կինը երեխաներին ճանապարհային ոստիկանի հագուստ է հագցնում
UNICEF Armenia/2023/Beryozkin

5-ամյա Մանեն Երևանի թիվ 58 մանկապարտեզում իր ընկերների հետ միասին մասնակցել է առաջին գործնական պարապմունքին։ «Առաջին վարժության ժամանակ ես բարձր գնահատական ստացա և դարձա ոստիկան: Ես պետք է հետևեի, թե ինչպես են իմ ընկերները խաղահրապարակում անցնում ճանապարհը և սուլում էի՝ նշան տալով մյուս ընկերներս, որ քշեն իրենց մեքենաները: Նաև պետք է սուլեի, եթե տեսնում էի, որ ընկերներս սխալ են անում։ Շատ հավես էր»:

Խաղահրապարակում գործնական պարապմունքները լրացնելու համար՝ մշակվեց նաև տեսանյութերով կրթական փաթեթ և աշխատանքային գրքույկ՝ գունազարդման համար նախատեսված էջերով, որոնք ուղղորդում են երեխաներին և ծնողներին թեմայից թեմա: Փաթեթը մշակվել է  ՀՀ ռողջապահության նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ճանապարհային ոստիկանության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ:

«Երեխաների ուշադրությունը հեշտ է շեղել, հետևաբար՝  կարևոր է, որ նրանք փոքր տարիքից սովորեն ճանապարհային անվտանգության կանոնները և կիրառեն դրանք: Երեխաներին  ռիսկերին ծանոթացնելն ու նրանց անվտանգ լինելու վերաբերյալ կարգուկանոն սովորեցնելը փոքրիկների զարգացման կարևոր բաղադրիչ է: Այսպիսով, մեր խնդիրն էր երեխաներին պաշտպանելու համար զինել մանկավարժներին համապատասխան պարագաներով և նյութերով ՝ սովորեցնելու նրանց կյանք փրկող ուղերձներ և հմտություններ»,- նշել է ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի անդամ Մերի Ներսիսյանը:

Երեխաների համար նախատեսված կրթական փաթեթից բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցել է Առողջապահության նախարարությանը Մանկական վնասվածքների կանխարգելման ազգային ռազմավարության և 2018-2023 թվականների գործողությունների ծրագրի մշակման գործում, ինչպես նաև մշակել է երեխաների վնասվածքների վերաբերյալ վիճակագրական գրանցման և հաշվետվության ձևաթուղթ, որը ներառվել է Առողջապահության էլեկտրոնային համակարգ՝ ապահովելու երեխաների վնասվածքների պատճառների, տարիքային կառուցվածքի և այլ ձևերի վերաբերյալ տարանջատված տվյալների առկայությունը:

Ճանապարհային կանոնների քարտեզ փոքրիկների համար
UNICEF Armenia/2023/Beryozkin

Համաշխարհային բանկի գնահատականներով` այն երկրները, որոնք ներդրումներ չեն կատարում ճանապարհային անվտանգության ոլորտում, կորցնում են մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի իրենց պոտենցիալ աճի 7 տոկոսից մինչև 22 տոկոսը: Այսպիսով, միջին հաշվով, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների 10 տոկոս կրճատումը մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ն բարձրացնում է 3,6 տոկոսով: Փոփոխությունները հնարավոր են, իսկ կանխարգելումը՝ առանցքային: