Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այլընտրանքային նախակրթարան է բացել Պրիվոլնոյե բնակավայրում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացել է Մարդու իրավունքների պաշտպանին և ՄԻՊ-ին առաընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդին՝քննարկելու երեխայի իրավունքները Պրիվոլնոյեի դպրոցականների հետ

04 Հունիս 2024
Children cutting red ribbon with HRD and UNICEF Representative
UNICEF Armenia/2024/Galstyan

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։ Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:


Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: 
Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից, չափազանց կարևոր է, որպեսզի երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից մեկը:

«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են», - ասել է Անահիտ Մանասյանը:

Իր հերթին, Քրիստինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։ 

«Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը, որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», - նշել է Քրիսթինե Վայգանդը:

Պրիվոլնոյեի միջնակարգ դպրոցում կայացած միջոցառման նպատակն էլ ուղղված էր՝ խթանելու երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։ 

Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Պաշտպանի աշխատակազմի, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ:  

Միջոցառման շրջանակում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:

Անահիտ Մանասյանը Պրիվոյնոյե բնակավայրում մասնակցել է նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը: Պաշտպանը նշել է, որ մարզային բնակավայրերում որակյան նախակրթական հաստատությունների, դպրոցների առկայությունը համայնքի զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր դերակատարություն ունի:

Քրիստինե Վայգանդն էլ ընդգծել է, որ վաղ մանկական ուսումնառությունն ամուր հիմք է դնում երեխաների ապագա կյանքի համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց զարգացնելու տարբեր ձիրքեր և պատրաստվել դպրոցին:

Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի և մարզպետարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: