Այլընտրանքային մանկապարտեզ կառուցելու Շամուտի օրինակը՝ քայլ առ քայլ

Որպեսզի յուրաքանչյուր երեխա նախադպրոցական կրթություն ստանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
3-ամյա աղջնակը, որ հաճախում է Շամուտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնած նախադպրոցական կենտրոնը, գրկել է իր ամենասիրած փափուկ տիկնիկ Արամին:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
16 Օգոստոս 2018

Ծանոթացե՛ք՝ այս փոքրիկը Մարիամն է: Նա ապրում է Շամուտում ու արդեն մեկ տարի է՝ ամեն օր հաճախում է գյուղի նախադպրոցական կենտրոն: Դեռ մեկ տարի առաջ Շամուտում, ինչպես Հայաստանի մի շարք այլ գյուղերում, մանկապարտեզ չկար:

Քանի որ Շամուտը փոքր գյուղ է, իսկ այնտեղ ապրող երեխաների թիվը՝ քիչ, ավանդական մանկապարտեզի կառուցումը բավական թանկ արժեր ու չէր նախատեսվում: Արդյունքում գյուղի տասնյակ երեխաներ չէին ստանում իրենց համար անփոխարինելի համարվող նախադպրոցական կրթություն: Վերջերս էլ հրապարակվեց Հարվարդի համալսարանի նոր հետազոտոթյունը, որը ուսումնասիրելով 1960-2016 թվականներին իրականացրած 22 բարձրորակ հետազոտություն, կրկին փաստում է, որ վաղ մանկական կրթություն ստացած երեխաներն ավելի հավանական է ավելի մեծ առաջադիմություն ունենան դպրոցում, ստանան բարձրագույն  կրթություն, քան նրանք, ովքեր չեն ստանում վաղ մանկական կրթություն:

Որպեսզի յուրաքանչյուր երեխա նախադպրոցական կրթություն ստանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել՝ հիմնվելով ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են՝ կարևորը երեխայի կենտրոն հաճախելու պարբերականությունն է՝ տարիների առումով և ոչ թե տևողությունը՝ ժամերի առումով:

Ահա երեխաների համար այլընտրանքային մանկապարտեզ կառուցելու Շամուտի օրինակը՝ քայլ առ քայլ:

Քայլ 1: Դե իհա՛րկե, ամենաառաջին քայլը համայնքի կողմից այլընտրանքային նախադպրոցական ուսուցման կարիքի գնահատումն է:

Քայլ 2: Ոչ պակաս կարևոր է տարածքի հարցը: Ի տարբեություն ավանդական մանկապարտեզի, որի կառուցման համար անհրաժեշտ է առանձին շինություն, փոքր համայնքների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացրած այլընտրանքային մոդելը կարելի է գործարկել հետևյալ շինություններից որևէ մեկում՝

  • Համայնքային շենք
  • Դպրոց
  • Մասնավոր տարածք, նույնիսկ՝ բնակարան

Յուրաքանչյուր համայնք պետք է ընտրի ամենահարմար տարբերակն ու այնտեղ սենյակ առանձնացնի: Շամուտի այլընտրանքային մանկապարտեզը ստեղծվել է փոքրիկ գյուղի դպրոցի սենյակներից մեկում, քանի որ դպրոցը կենտրոնական դիրք ունի, անվտանգ է, իսկ ընտրված սենյակն առանձնացված հատվածում է և սանհանգույցն ու բակը շատ մոտ են սենյակին: Գուցե սա ձեզ համար ուղղակի մի փոքրիկ սենյակ է, սակայն Շամուտի երեխաների համար սա մի ողջ աշխարհ է, ընկերներին հանդիպելու, նրանց հետ խաղալու ու կրթվելու գունավոր աշխարհ:

 

2-ամյա Արամը և 4-ամյա Արտակը իրենց ժպտացող մայրիկի հետ միասին մտնում են Շամուտի նախադպրոցական կենտրոն:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Երկուսուկես տարեկան Արամն ամեն օր մայրիկին համոզում է, որ իր չորսամյա եղբոր՝ Արտակի հետ ինքն էլ գա Շամուտի նախադպրոցական կենտրոն: Մայրիկը ու կենտորնի դաստիարակը դեմ չեն լինում:

Քայլ 3: Այնուհետև պետք է տվյալ բնակավայրում հանրային քննարկում կազմակերպել, հանդիպել համայնքի անդամների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները այս քննարկման ժամանակ Շամուտի բնակիչներին մանրամասն ներկայացրել են նախագիծը, նախադպրոցական կրթության կարևորությունը ու այն բաց թողնելու վտանգները: Այնուհետև, Թումանյան խոշորացված համայնքում, որի կազմում է նաև Շամուտը, համայնքի ավագանու նիստ հրավիրվեց, և Շամուտում նախադպրոցական կրթության ծառայություն հիմնելու որոշումն ընդունվեց:

Շամուտի նախադպրոցական կենտրունի օրվա դասն ավարտվել է ու մինչ տուն գնալը, երեխաներն ուրախ-ուրախ վազվզում են միջանցքում:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Շամուտի նախադպրոցական կենտրունի օրվա դասն ավարտվել է ու մինչ տուն գնալը, երեխաներն ուրախ-ուրախ վազվզում են միջանցքում:

Քայլ 4: Հաջորդիվ, ընտրված սենյակի վերանորոգումն էր, ինչին մեծ պատրաստակամությամբ աջակցեցին հենց իրենք՝ գյուղի բնակիչները: «Բոլորն էլ մասնակցել են՝ պատերն են ներկել, կահույքն են հավաքել, դես ու դեն տարել. հա բա ի՞նչ, իրենց երեխեքի համար են անում, հա՛մ փող չենք տալիս, հա՛մ էլ ավելի սրտացավ ենք անում»,- ասում է Շամուտի վարչական ներկայացուցիչը:

Շամուտի նախադպրոցական կենտրոն հաճախող հինգ երեխա միասին խաղում են իրենց նախընտրած սեղանի խաղերից մեկը:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Կենտրոն հաճախող հինգ երեխա միասին խաղում են իրենց նախընտրած սեղանի խաղերից մեկը: Այս խաղի միջոցով նրանք սովորում են հերթ պահել և համբերատար սպասել ու թույլ տալ, որ ավելի փոքրիկնեն ինքնուրույն անեն իրենց քայլը:

Քայլ 5: Վերանորոգմանը հաջորդեց սենյակի կահավորումը: Անհրաժեշտ էր ձեռք բերել կահույք և խաղալիքներ: Հավանաբար նույնիսկ ավելորդ է ասելը, ո՛չ, հեչ էլ ավելորդ չէ. Ընտրվեցին բարձրորակ, թունավոր նյութեր չպարունակող, անվտանգ կահույք ու խաղալիքներ:

Երեխաները, գորգին նստած, կավիճով նկարում են փոքրիկ գրատախտակի վրա:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Շամուտի նախադպրոցական կենտրոնում երեխաները հնարավորություն են ստանում խաղալ ու սովորել լավագույն մանկական խաղերով ու իրերով:

Քայլ 6: Այս ամենին զուգահեռ դաստիարակներին գտնելու, վերապատրաստելու աշխատանքներն էին իրականացվում: Քանի որ երեխաների թիվը փոքր է, այլընտրանքային այս մոդելում աշխատում է հիմնականում երկու-երեք դաստիարակ: Դաստիարակները համայնքում ապրող կանանցից են ընտրվում: Շամուտում դաստիարակի աշխատանքի համար դիմումներն այնքան շատ էին, որ մշակվեցին հատուկ ստանդարտներ ու մրցույթ կազմակերպվեց: Կրթության, համապատասխան աշխատանքային փորձի ու լրացված թեստի հիման վրա էլ ընտրվեցին 2 դաստիարակները: «Այնքան ուրախ եմ, որ այս փոքր գյուղում կարողացա աշխատանք գտնել: Ես արդեն վաղուց հույսս կտրել էի»,-ասաց մեզ Մանեն, կենտրոնի դաստիարակը:

Մանեն՝ Շամուտի նախադպրոցական կենտրոնի դաստիարակը, Մարիամիկի հետ կանգնած է գրատախտակի մոտ և ժպիտով նայում է, թե ինչ է պատկերում փոքրիկը:
UNICEF Armenia/2016/Malkhasyan

«Այնքան ուրախ եմ, որ այս փոքր գյուղում կարողացա աշխատանք գտնել: Ես արդեն վաղուց հույսս կտրել էի»

Ընկեր Մանե

Դաստիարակների համար կազմակերպվեցին դասընթացներ հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ երեխայակենտրոն ուսուցում, մանկավարժական մեթոդներ, պլանավորում, միջավայրի կազմակերպում, ընտանիքի հետ համագործակցում, խաղի կարևորություն, խոսքի զարգացում և այլն:

 

Մանեն՝ կենտրոնի դաստիարակը, երեխաների համար հեքիաթ է կարդում: Երեխաները նստել են Մանեյի շուրջը հատակին ու ուշադիր լսում են նրան:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Կենտրոնում գրեթե ամեն օր հեքիաթ են կարդում երեխաների համար՝ թե նրանց զբաղացնելու, և թե՛ նրանց խոսքն ու հիշողությունը զարգացնելու համար:

Ի դեպ մի քանի ամիս անց ծրագրի համակարգողները կրկին այցելում են կենտրոններ և դիտարկում իրականացնում: Ամբողջ օրվա դիտարկման արդյունքում վեր են հանվում բոլոր բացերը, և դաստիարակի հետ միասին մշակում են դրանց հաղթահարման մեթոդները:

Քիչ էր մնում՝ մոռանայինք նշել մի անչափ կարևոր փուլի մասին: Թումանյանում կառուցվող բոլոր այլընտրանքային կենտրոնների համար որպես մայր մանկապարտեզ ընտրվեց Թումանյանի ավանդական մանկապարտեզը: Այս կապն իրականում կոչված է ապահովելու ծրագրի կայուն ու շարունակական զարգացումը: Այս առումով ևս մեկ կարևոր փաստ՝ Թումանյան համայնքը իր վրա է վերցրել Շամուտի կենտրոնի պահպանման ծախսերը:

Հիմա արդեն մարմնամարզության ժամն է: Շրջան բռնած երեխաները հետևում են դաստիարակին ու փորձում կրկնել նրա յուրաքանչյուր շարժումը:
UNICEF Armenia/2016/Malkhasyan
Հիմա արդեն մարմնամարզության ժամն է: Շրջան բռնած երեխաները հետևում են դաստիարակին ու փորձում կրկնել նրա յուրաքանչյուր շարժումը:

Վերջապես բացվեց կենտրոնն ու Մարիամը իր ընկերների հետ ստացավ իրենց համար առաջնային համարվող կրթության հնարավորությունը, չէ՞ որ դա նրանց իրավունքն է: Մինչդեռ հարևան գյուղում ապրող Աննան, Դավիթը, Նարեկը, Մարին, Նարեն, Սուրենը, Հակոբը, Ալենն ու Անահիտը՝ յուրաքանչյուր տասը երեխայից ութը, մեզ ու ձեզ են սպասում՝ հուսալով, որ իրենց հերթն էլ կհասնի: Կհասնի, չէ՞…