UPSHIFT կամ երիտասարդների ներուժը զարգացնելու նոր հնարավորություն Հայաստանում

Վարդանի նման երիտասարդներն ակտիվորեն փնտրում են իրենց ներուժը զարգացնելու և գաղափարներն իրականացնելու հնարավորությունը, և բոլորիս շահից է բխում նրանց ձեռք մեկնել

Ֆերնանդո Սանչես
Gyumriver team after setting up the net in the river.
UNICEF Armenia/2019/Publicis

06 Օգոստոս 2019

Ռեզինե կոշիկները հագին, գործիքները ձեռքերում ու մեծ խանդավառությամբ՝ Վարդանը կազմ-պատրաստ է մտնել Գյումրիի գետի մեջ` երբևէ առաջին աղբը մաքրող ցանցը տեղադրելու համար:

Վարդանը UPSHIFT Հայաստան ծրագրի առաջին փուլի մասնակիցներից է: Այս ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում 12–18 տարեկան դեռահասների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը: Այն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերով:

Վարդանի թիմը որոշել էր մարտահրավեր նետել մի խնդրի, որն անտեսվել է տասնամյակներ շարունակ: Չնայած որ Գյումրի գետը քաղաքի բնության կարևոր ժառանգություններից մեկն է՝ քաղաքացիները շարունակաբար աղբ են թափել գետի մեջ: Վարդանի թիմը, չվախենալով խնդրի բարդությունից, կազմակերպեց գետի տարատեսակ մաքրման օրեր և, ի վերջո, տեղադրեց երկու ցանց, որոնք կհավաքեն գետում լողացող աղբը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե շրջակա միջավայրի խնդիրներն այդքան էլ կարևորված չեն ի տարբերություն մյուս խնդիրների, սակայն Վարդանն ու իր ընկերներն ապացուցում են, որ երիտասարդները նոր կանոններ են թելադրում՝ վերհանելով նոր խնդիրներ և, ինչն ավելի կարևոր է, առաջարկելով այդ խնդիրների նորարարական լուծումներ: UPSHIFT-ը ստեղծեց բարենպաստ միջավայր, որը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրները և գործի անցնել դրանք լուծելու համար:

Gyumriver team trying to set up a net for the river.
UNICEF Armenia/2019/Publicis

Շատ դժվար է տեսականորեն թվարկել առաջնորդ լինելու բնութագրիչները: Շատ ավելի հեշտ է դա անել, երբ իսկական առաջնորդի կերպար ունես շուրջդ: Վարդանը ոչ միայն հստակ պատկերացնում է իրեն շրջապատող խնդիրները, այլ նաև՝ հաստատակամ է մասնակցել դրանց լուծմանը: «UPSHIFT-ն ինձ հնարավորություն տվեց իրացնել մեր՝ երիտասարդներիս ուժը: Սկզբում ոչ ոք չէր հավատում մեր նախագծի հաջողությանը: Մարդիկ ասում էին, որ գետը չափազանց կեղտոտ է, անիմաստ է դրա վրա ժամանակ ծախսելը, և որ մեր ցանցը չի աշխատի: Բայց մենք ապացուցեցինք, որ մեր նախաձեռնությունը կարող է հաջողության հասնել, իսկ մեր գետը կարող է մաքրվել ու մնալ այդպիսին»:

Վարդանի թիմը ոչ միայն տեղադրեց ցանցը գետի մեջ, այլև` համոզեց Գյումրու քաղաքապետարանին շաբաթը երկու անգամ հավաքել ցանցի մեջ կուտակված աղբը: Թիմի նախաձեռնությունը սկզբում միայն նորարար գաղափար էր, սակայն այս երիտասարդներն ապահովեցին վերջինիս կայունությունը՝ գաղափարի շուրջ աշխատող թիմ ձևավորելով: Այս փայլուն երիտասարդներն իսկապես հաջողված սոցիալական ձեռնարկատիրության հոյակապ օրինակ են:

A river with set up net and the first plastic bottle that fall into the net.
UNICEF Armenia/2019/Rejon Sanches

Գյումրին հայտնի է որպես Հայաստանի մշակութային սիրտ և դժբախտ իրադարձություններ վերապրած քաղաք. այն նաև տոկուն ու դիմակայուն լինելու օրինակ է ծառայել բոլորիս: Եվ, իսկապես, Վարդանի խոսքերը մեծ հույս ու վստահություն են ներշնչում: Վարդանը նկարագրում է, թե ինչպես է UPSHIFT-ը օգնել իրեն կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Նա մտադիր է սովորել քաղաքաշինություն և վերադառնալ Գյումրի՝ նպաստելու իր քաղաքի զարգացմանը: Վարդանը հպարտությամբ է խոսում Գյումրու անցյալի մասին և, միաժամանակ, ներկայացնում քաղաքի ապագայի իր տեսլականը. «Չեմ կարծում, որ մեր հանրային կառույցներն ու ղեկավարները լիովին գիտակցում ու օգտագործում են քաղաքի առավելություններն ու իրացնում նրա ողջ ներուժը: Նախևառաջ, Գյումրին ունի շատ արժեքավոր ճարտարապետություն, որ համեմատելի չէ Հայաստանի որևէ այլ քաղաքի ճարտարապետության հետ: Քաղաքում զբոսաշրջությունը պետք է զարգացնել, սակայն մինչ այդ պետք է այն մաքրել և մաքուր պահել, որպեսզի մեր քաղաքը լավագույն տեսքով ներկայանա զբոսաշրջիկներին»: Ապագա Գյումրիի վերաբերյալ Վարդանի հստակ պատկերացումը հավանաբար պատահական չէ: Գուցե մենք հիմա խոսում ենք Գյումրու ապագա քաղաքապետի հետ. մի գաղափար, որ անընդհատ պտտվում է Վարդանի մտքում:

Վարդանը համարում է, որ UPSHIFT-ի արժեքներից մեկը մասնակիցների գաղափարները իրականություն դարձնելու կոմպրոմիսը փնտրելն ու գտնելն է: Նա նշում է, որ «երիտասարդությունը հավատում է ուտոպիստական գաղափարների և ունակ է ավելի իդեալիստական մտածել, քան իրենց ծնողները»:

Vardan is sitting near the river and thinking.
UNICEF Armenia/2019/Rejon Sanchez

UPSHIFT-ը Վարդանին սովորեցրել է, որ իրականում ուտոպիստական գաղափարներն իրականացնելու համար պետք է շատ աշխատել, լինել կազմակերպված և ձեռք բերել նոր հմտություններ:

Vardan and his team with confidence are smiling to the camera after finishing the work.
UNICEF Armenia/2019/Rejon Sanchez

UPSHIFT-ը նրան զինել է մի շարք նոր հմտություններով՝ սկսած մանրակրկիտ ծրագիր կազմելուց, մինչև՝ մեծ թվով կամավորներ առաջնորդելու հմտություն:

Երբ Վարդանին հարցրեցի, թե ինչու UPSHIFT-ը գրավեց նրա ուշադրությունը, պատասխանեց, որ չափազանց շատ ազատ ժամանակ ուներ և նոր ծրագրեր էր փնտրում: Հայ երիտասարդությունը արժանի է պայծառ ապագայի, բայց նրանց նաև պետք է տրվի իրական հնարավորություն՝ այդ ապագան կերտելու համար: UPSHIFT Հայաստանը բարձրաձայնեց երիտասարդների ձայները, նրանց նոր հմտություններով զինեց և թևեր տվեց՝ պահանջել համայնքներում իրենց հասանելի դերն ու տեղը:

Վարդանի նման երիտասարդներն ակտիվորեն փնտրում են իրենց ներուժը զարգացնելու և գաղափարներն իրականացնելու հնարավորությունը, և բոլորիս շահից է բխում նրանց ձեռք մեկնել: