ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ UPSHIFT ծրագիրը Հայաստանում

2018թ. սկզբին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» միավորեցին իրենց ջանքերը Հայաստանում ներդնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ UPSHIFT ծրագիրը

Ժաննա Ուլիխանյան
Երիտասարդները սեղանի շուրջ նստած աշխատում են իրենց շնորհանդեսի վրա:
UNICEF Armenia/2018/Ghazaryan
20 Փետրվար 2019

Ինչ է UPSHIFT-ը

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում 12–18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: «UPSHIFT Հայաստան»-ը իր մեջ ներառում է դեռահասների զարգացման, սոցիալական նորարարության և ձեռնարկատիրության առաջատար մոտեցումների տարրեր: Երիտասարդները կստանան հաղորդակցության, առաջնորդության, ստեղծագործական ու քննադատական մտածողության որոշ հմտություններ, կսովորեն համացանցի անվտանգության ու առողջ ապրելակերպի կարևորության մասին:

Երեք աղջիկ խմբով աշխատում են իրենց ծրագրի շնորհանդեսի վրա:
UNICEF Armenia/2018/Ghazaryan

Ովքե՞ր կարող են մասնակցել

Նախնական փուլում ծրագիրը կընթանա Գյումրի և Սպիտակ քաղաքներում՝ ներգրավելով 12-ից 18 տարեկան մոտ 500 դեռահասների և նրանց ուսուցիչների: Ծրագրին դիմելու համար դեռահասները 5 հոգուց բաղկացած խմբով պետք է ներկայացնեն համայնքային ծրագրի գաղափար: Յուրաքանչյուր թիմ ունենալու է մենթոր, ով աջակցելու է թիմին՝ ծրագրի մշակման ու իրականացման գործում։

Եթե դուք բնակվում եք Գյումրի կամ Սպիտակ քաղաքներում և ունեք համապատասխան տարիք, ապա դիմեք Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ +37495919197 կամ գրեք yic@yic.am էլեկտրոնային հասցեին:

Երիտասարդ աղջիկն ու տղան միասին աշխատում են իրենց ծրագրի շնորհանդեսի վրա:
UNICEF Armenia/2018/Ghazaryan

Արդյունքում…

Ծրագրի վերջին հատվածում մրցակցության արդյունքում կընտրվեն 50 պատանի, ովքեր կստանան աջակցություն կյանքի կոչելու իրենց մշակած ծրագրերը: Ընտրվելու են լավագույն 10 գաղափարները՝ 8-ը Գյումրիից, 2-ը՝ Սպիտակից։ Ընտրված ծրագրային գաղափարները թիմերի կողմից պետք է իրականացվեն իրենց համայնքներում մայիսից մինչև հուլիս ամիսների ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ UPSHIFT ծրագրի մասին կարող եք կարդալ հետևյալ կայքէջում՝ www.unicef.org/innovation/UPSHIFT