Տասը գաղափար Գյումրիի ու Սպիտակի երիտասարդներից

Տասը թիմ, հիսուն երիտասարդ աղջիկներ ու տղաներ եկել էին մասնակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի UPSHIFT ծրագրի առաջին փուլին

Ժաննա Ուլիխանյան
 Երիտասարդներին հմտություններ փոխանցող Upshift ծրագրի առաջին փուլը, երբ ներկայացվում են երիտասարդների ծրագրերը:
UNICEF Armenia/2019/Ghazaryan
16 Ապրիլ 2019

Բարև: Եթե դու կիրակի օրը լինեիր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, ապա կհամոզվեիր, որ իսկապես եկել է երիտասարդների հերթը. սա նրանց ժամանակն է:

Տասը թիմ, հիսուն երիտասարդ աղջիկներ ու տղաներ եկել էին մասնակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի UPSHIFT ծրագրի առաջին փուլին և ներկայացնելու այն գաղափարները, որոնց շնորհիվ ուզում են իրենց համայնքն ավելի լավը դարձնել ու լուծել համայնքի որոշ խնդրիներ: Ճիշտ է, խնդիրները շատ են, սակայն յուրաքանչյուր թիմ հաջողել էր ընտրել մեկն ու կենտրոնանալ դրա վրա: Այսպիսով, ներկայացնում ենք մեր տասը թիմերին ու նրանց տասը գաղափարները, որ այսօրվանից մենթորների աջակցությամբ պետք է վերածվեն տասը ծրագրերի:

UPSHIFT Հայաստան ծրագրի երկրորդ փուլում կներկայացվեն արդեն մանրամասն պլանավորված 10 ծրագրերն ու դրանցից կընտրվեն հաղթող հինգը, որոնց իրականացման համար թիմերին կտրվի որոշակի ֆինանասավորում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս գլոբալ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2018թ վերջին հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերի շնորհիվ:

Իսկ դու հետևյալ ծրագրերից ո՞րն ես հավանում: Իսկ ո՞ր մեկը կհաղթի:

1 Համայնք մեր ձեռքերով

 

UPSHIFT Հայաստանի առաջին թիմի 3 աղջիկները և երկու տղաները նստած են սեղանի շուրջ ու ձեռքով են անում:
UNICEF Armenia/2019/Ghazaryan

12-17 տարեկան հինգ երիտասարդ առաջարկում են Գյումրու կենտրոնում տարբեր թեմատիկայով նստարաններ տեղադրել, քանի որ ընկերներով երկար զբոսնելիս նստելու ու հանգստանալու տեղ չեն գտնում: 17-ամյա Նադյան հատկապես կարևորում է ընթերցանության նստարան ունենալը. նստարան, որի կողքին կլինի նաև գրքերով դարակ, ու ցանկացողները կնստեն, կհանգստանան ու համ էլ կկարդան ու կզարգանան:

2. Պահպանենք մերը

UPSHIFT Հայաստանի երկրորդ թիմն է՝ կազմված տասներեքամյա երկու աղջիկներից ու երկու տղաներից:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

8-րդ դասարանում սովորող չորս հոգուց կազմված այս թիմը որոշել է բարեկարգել Գյումրու Ֆայտոն սրճարանի մոտ գտնվող այգին: Ասել է թե բարեկարգելու մեջ մտնում է, թե՛ այգու մաքրումը, թե՛ աղբամանների տեղադրումը, թե՛ ծառատունկը: «Գունավոր այգու» յուրահատկությունն այն է, որ այգու հատակին բազմաթիվ գունավոր ոտնահետթքերը տանելու են դեպի այգու բազմաթիվ աղբամաններ: «Հույս ունենք, որ այսպիսով կկարողանանք խրախուսել մաքրությունը»,-ասում է ծրագրի ամենափոքր մասնակիցներից մեկը՝ 13-ամյա Նարեկը: 

 3.Smart map կամ, եթե կուզեք, «խելացի քարտեզ»

 

Երրորդ թիմի անդամներից մեկ աղջիկ ու տղա բռնել են կարմիր մի թուղթ, որի վրա գրված է թիմի անունը:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

Զբոսաշրջիկներին իրենց քաղաքն ավելի լավ ցույց տալու համար այս երիտասարդներն առաջարկում են քաղաքում գոնե երեք տեղ տեղադրել տերմինալի տեսքով եռալեզու սենսորային քարտեզ, որի շնորհիվ կարող ես ընտրել՝ ուր ես ուզում գնալ և տեղեկատվություն ստանալ, թե ինչ փոխադրամիջոցով/տրանսպորտով կարող ես հասնել այդտեղ: Աղջիկներն ու տղաները «կանաչ» են մտածում՝ առաջարկելով այդ քարտեզների էներգիայով սնուցումը կազմակերպել արևային մարտկոցներով: Իսկ գաղափարը ծնվել է, երբ մասնակիցներից մեկը կորել է Երևանում:

«Երևանում կորել էի, հեռախոս չունեի ու չէի գտնում տան ճանապարհը: Այ, եթե այսպիսի մի բան լիներ, հաստատ չէի դիմի ոստիկանություն ու անձամբ տան տեղը կգտնեի»:

 4.Կտոր մը տանիք

 

Գյումրու կոլորիտին հարիր այս անվանմամբ ծրագիրը Գյումրուց մոտ 32 կմ հեռավորության վրա գտնվող Ջրափի գյուղում ավտուբուսային կանգառ հիմնելու մասին է: Պարզվում է՝ գյուղում կանգառ չկա, իսկ հատկապես անձրևային օրերին դրա կարիքը շա՜տ կա: Հերի՛ք է՝ բնակիչները թրջվեն ավտոբուսին սպասելիս:

«Չթրջվելու համար, ի՞նչ է պետք, դե իհարկե, տանիք, իսկ գյումրվա լեզվով ասած՝ կտոր մը տանիք»: 

16-ամյա Գարուշ
Կտոր մը տանիք ծրագրի գաղափարի հեղինակ Գարուշը նստած է իր թիմի անդամների հետ սեղանի շուրջ:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

 5.Էկոլոգիապես մաքուր տոպրակներ

 

Էկոլոգիապես մաքուր տոպրակներ ծրագրի գեղեցիկ ձեռագրով գրված կոնցեպտն է A4 ֆորմատով թղթի վրա:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

Էսպես է եղել: Սուրենը մտածել է գաղափարը, ներկայացրել ընկերներին ու համոզել, որ միանան իրեն: Ընկերներն էլ, մի կողմ են դրել իրենց գաղափարներն ու միացել Սուրենին: Իսկ գաղափարը հետևյալն է՝ ստեղծել կտորե տոպրակներ ու ազատել իրենց համայնքը պոլիէթիլենային տոպրակներից: Բնավ անիրագործելի չէ, քանի որ այս թիմը որոշել է ստեղծագործ դիզայնով գրավել բնակիչներին, տոպրակների մեջ դրված հատուկ բուկլետներով պատմել դրա կարևորության մասին ու անվճար տրամադրելով՝ համոզել մեկընդմիշտ հրաժարվել պոլիէթիլենից:

6. Gyumriver կամ Գյումրու գետակ

 

Գյումրու գետակի մաքրման համար երեք աղջիկներից ու մեկ տղայից կազմված այս թիմն աշխատում է ծրագրի վրա:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

15-ամյա երեք աղջիկ ու մեկ տղա թիմ են կազմել Գյումրու գեղատեսիլ վայրերից մեկին՝ Գյումրու գետակին նոր շունչ տալու համար: Այս թիմը համոզված է, սակայն, որ սա մեկանգամյա աշխատանք չէ, ու գետակը աղբից ու պլաստիկից մաքրելը խնդրի միակ լուծումը չէ: Թիմը հստակ գիտակցում է, որ պետք է այլ հովանավորներ ու աջակիցներ գտնի, որպեսզի ամբողջ ծրագիրը հաջողի: Երիտասարները ասում են, որ «կստիպեն» նաև քաղաքապետարանին օգնել իրենց:

Վարդանը դաշնամուր նվագելիս:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

«Բացի մաքրման աշխատանքներից՝ պետք է աշխատենք նաև մարդկանց հետ, որպեսզի այլևս աղբ չնետեն գետակի մեջ: Անձամբ մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես են շինաղբ թափում գետակի մեջ, մոտեցել եմ, խնդրել, որ չթափեն, բայց ցավոք...»,- ասում է թիմի անդամ Վարդանը, ով նաև ընդմիջումների ժամանակ բոլորին հիացնում էր իր դաշնամուրային կատարումներով:

7.Սպորտային մարզագույքի ձեռք բերում

12-ամյա Գոռը պատմում է ծրագրի մասին:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

7-րդ դասարանցիների այս գաղափարը ընտրվել է ողջ դպրոցի կողմից՝ առաջ անցնելով մյուս գաղափարներից: Նրանք ուզում են վերազինել իրենց մարզադահլիճը գնդակներով, պահարաններով, դարպասներով և մի շարք այլ գույքով:

Ամենափոքր մասնակիցներից մեկը՝ 12-ամյա Գոռը, ճիշտ է, երազում է բժիշկ դառնալ, բայց ֆիզկուլտուրան իր ամենասիրած առարկան է: Ու շաբաթը երեք անգամ հաճույքով է գնում ֆիզկուլտուրայի դասերին, չէ՞ որ առողջ ապրելակերպի համար սպորտով զբաղվելը շատ կարևոր է:

8.Ծառատունկ ու թռչունների համար տնակներ

Աստղիկը Գյումրում ծառատունկ գաղափարով հանդես եկող թիմի անդամներից մեկն է:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

Հինգ հոգանոց այս թիմը ուզում է Գյումրիում թթվածնի քանակը շատացնել: Նրանք նախատեսում են դեկորատիվ ծառեր տնկել Գյումրու այգիներից մեկում, իսկ ծառերի վրա էլ պլաստմասե շշերից տնակներ կառուցել թռչունների համար: Ասում են, որ դեռ ահագին պիտի աշխատեն, որ գաղափարը ծրագիր դառնա, բայց մի բանում վստահ են, որ հաղթելու դեպքում, ծրագիրը չեն իրագործելու ու մի կողմ կանգնեն, պետք է ընկերներով միշտ հետևեն, որ ծառերը ջրված լինեն ու լավ աճեն, իսկ տնակների թռչունները՝ կեր ունենան:

9.Սննդի մնացորդների ճիշտ օգտագործում՝ կոմպոստացում ալտերնատիվ ջերմոցում

«Ձվի կճեպը, կարտոֆիլը, սննդի ամեն մնացուկ, նույնիսկ մսի ոսկորները կարող են օրգանական պարարտանյութ դառնալ»:

Սննդի մնացուկներն օրգանական պարարտանյութ դարձնելու ծրագիրը ներկայացնող երկու տղաները միմյանց ձեռք են սեղմում:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

Ասում է 16-ամյա Արսենը ու շարունակում. «համ ռեսուրսներն անիմաստ չեն կորչի, համ էլ էժան կլինի»:

Այս թիմը նպատակ ունի ոչ միայն հավաքել սննդի մնացուկները, այլ ստեղծել սեփական ջերմոց ու մշակել սեփական բանջարեղենը՝ օգտագործելով այս օրգանական պարարտանյութը: Բայց մինչ հստակ ծրագրի վերածելը, նպատակ ունեն այցելել գյուղամթերքի խանութներ ու հարցուփորձ անել գյուղատնտեսներին օրգանական պարարտանյութի պահանջարկի ու օգտագործման մասին:

10.Աղբի տեսակավորում Սպիտակում

Սպիտակից ջ աղջիկներից կազմված թիմի ծրագիրը աղբի տեսակավորման հետ է կապված:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

Այս խումբը միակն է, որ կազմված է միայն հինգ աղջիկներից: Ինչո՞ւ, որովհետև տղաներն ի սկզբանե ուրիշ գաղափար ունեին, իսկ երբ նրանց գաղափարը չընտրվեց ու ընտրվեց աղջիկներինը, չմիացան, քանի որ ծրագրի գաղափարին չհավատացին: Իսկ գաղափարը հետևյալն է. աղջիկները նախատեսում են հենց դպրոցի բակում տեղադրել հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորված հավաքելու և այն Ալավերդու վերամշակման գործարան ուղարկելու համար: Ասում են, որ հույս ունեն, որ այսպիսով վերջապես կձերբազատվեն դպրոցի շրջակայքի անդուր հոտից ու տգեղ աղբամաններից:

Ահա և արդեն ծանոթացար երիտասարդների գաղափարներին, իսկ վաղվանից սկսվում է մենթորների հետ ինտենսիվ աշխատանքը: Պետք է մինչև մայիսի 2-օրյա բութքեմփը (ինտեսնիվ թրեյնինգ) հասցնել վերլուծել իրավիճակը, միգուցե մի փոքր ձևափոխել ծրագրի նախնական գաղափարը, սահմանել նպատակը ու դեպի այդ նպատակը տանող խնդիրները, գտնել հնարավոր գործընկերներին ու գծել դեպի նպատակը տանող ճանապարհը՝ հստակ ձևակերպելով յուրաքանչյուր քայլն ու աշխատանքը:

 

Կհանդիպենք մայիսին բութքեմփում: