Պատվաստումներն ու դրանց միջոցով կանխվող հիվանդությունները
Ավելին իմացե՛ք առավել լայնորեն խորհուրդ տրվող պատվաստանյութերի մասին:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին և դեռահասներին լուրջ, հաճախ՝ մահացու հիվանդություններից: Ստորև մեջբերված աղյուսակում նշված են այն պատվաստումները, որոնք խորհուրդ են տրվում կառավարությունների և բժիշկների մեծամասնության կողմից՝ երեխաներին և բնակչությանը բռնկումներից զերծ պահելու համար:
Պատվաստանյութը |
Հիվանդությունը |
Սիմպտոմները և ազդեցությունը |
ԲՑԺ |
Տուբերկուլյոզ |
Տուբերկուլյոզը (TB) վարակ է, որը ամենից հաճախ ախտահարում է թոքերը, իսկ նորածինների և փոքրահասակ երեխաների պարագայում ախտահարում է նաև այլ օրգաններ, օրինակ՝ ուղեղը: Ծանր ընթացող դեպքերում այն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների կամ մահվան: Վարակվելու դեպքում տուբերկուլյոզը դժվար բուժելի է, բուժումը՝ տևական և ոչ միշտ՝ բարեհաջող: |
Hep B |
Հեպատիտ B |
Հեպատիտ B վիրուսը լյարդի վտանգավոր վարակ է, որը, մանուկ հասակում ձեռք բերելիս, տասնամյակներ շարունակ կարող է սիմպտոմներ չդրսևորել: Այն կարող է կյանքի հետագա փուլերում վերաճել ցիռոզի կամ լյարդի քաղցկեղի: |
Պոլիոմիելիտ |
Պոլիովիրուս |
Պոլիոն վիրուս է, որ պարալիզում է վարակված 200 անձանցից 1-ին: Այդ դեպքերի 5-ից 10 տոկոսի դեպքում արձանագրվում է մահ՝ շնչուղիների պարալիզի հետևանքով: Պարալիզի առաջացման պահից պոլիոն այլևս անբուժելի է. հնարավոր է ընդամենը մեղմել սիմպտոմները: |
DTP |
Դիֆթերիա |
Դիֆթերիան վարակում է կոկորդը և նշագեղձերը՝ երեխաների համար դժվարացնելով շնչառությունը և կլլման ակտը: Ծանր ընթացքով դեպքերը կարող են վնասել սիրտը, երիկամները կամ նյարդերը: |
DTP |
Փայտացում |
Փայտացումը խիստ ցավոտ մկանային կծկումներ է հարուցում: Այն կարող է հանգեցնել երեխաների պարանոցի և ծնոտի մկանների սեղմման (ծնոտի սպազմի)՝ նրանց համար դժվարացնելով բերանը բացելը, կուլ տալը (կրծքով կերակրման ժամանակ) կամ շնչելը: Անգամ բուժման դեպքում, փայտացումը հաճախ մահացու ելք է ունենում: |
DTP |
Կապույտ հազ |
Կապույտ հազը առաջացնում է հազի նոպաներ, որոնք կարող են տևել շաբաթներ: Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել շնչառության դժվարությունների, թոքաբորբի և մահվան: |
Hib |
Հեմոֆիլուս ինֆլուենզա b տիպի (Hib) |
ՀԻԲ-ը մանրէ է, որը առաջացնում է թոքաբորբ, մենինգիտ և այլ ծանր վարակներ՝ գրեթե բացառապես 5 տարեկանը չլրացած երեխաների մոտ: |
Պնևմոկոկ |
Պնևմոկոկային հիվանդություններ |
Պնևմոկոկային հիվանդությունները ներառում են ինչպես մի շարք լուրջ հիվանդություններ՝ մենինգիտ և թոքաբորբ, այնպես էլ ավելի թեթև, սակայն առավել տարածված վարակներ՝ սինուսիտ և ականջաբորբ: Պնևմոկոկային հիվանդությունները ողջ աշխարհում հիվանդացության և մահվան տարածված պատճառներից են, հատկապես՝ 2 տարեկանը չլրացած երեխաների պարագայում: |
Ռոտավիրուս |
Ռոտավիրուս |
Ռոտավիրուսները հարուցում են ծանր լուծ և փսխում, որոնք փոքրահասակ երեխաների մոտ կարող են առաջացնել ջրազրկում, էլեկտրոլիտային հավասարակշռության խաթարում և շոկ: Դա կարող է հանգեցնել մահվան, եթե անմիջապես չսկսվի բուժումը, հատկապես՝ հեղուկի փոխարինում: |
MMR |
Կարմրուկ |
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որի սիմպտոմներից են՝ տենդը, քթարտադրությունը բերանի խոռոչում սպիտակ բծերը և ցանը: Ծանր ընթացք ունեցող դեպքերում՝ կարող է առաջանալ կուրություն, ուղեղի այտուց և մահ: |
MMR |
Խոզուկ |
Խոզուկը կարող է առաջացնել գլխացավ, տկարություն, տենդ և թքագեղձերի բորբոքում: Բարդություններից են՝ մենինգիտը, ամորձիների բորբոքումը և խլությունը: |
MMR |
Կարմրախտ |
Կարմրախտի վարակը երեխաների և չափահասների մոտ, սովորաբար, մեղմ ընթացք է ունենում, սակայն հղի կանանց մոտ այն կարող է հանգեցնել վիժման, վաղաժամ ծննդաբերության, մանկական մահացության և բնածին արատների: |
HPV |
Մարդու պապիլոմավիրուս (HPV) |
HPV-ն սովորաբար սիմպտոմներ չի ունենում, սակայն դրա որոշ տեսակներ կարող են հարուցել արգանդի վզիկի քաղցկեղ, որը կանանց մոտ քաղցկեղի՝ չորրորդ ամենատարածված տեսակն է: Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի (99 տոկոսի) պատճառը HPV-ն է: HPV-ն կարող է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց մոտ առաջացնել սեռական օրգանների գոյացություններ, ինչպես նաև՝ մարմնի տարբեր հատվածների քաղցկեղ: |
Հայաստանում խորհուրդ տրվող պատվաստումների ամբողջական ժամանակացույցին ծանոթանալու համար դիմեք ձեր բժշկին, առողջապահական համապատասխան ծառայություն կամ առողջապահության նախարարություն: