Պատվաստանյութեր. Հաճախ տրվող հարցեր
Պատվաստանյութերի վերաբերյալ ծնողների հաճախ տրվող հարցերի պատասխանները
- Հայերեն
- English
Ի՞նչ է պատվաստանյութը:
Պատվաստանյութը միջոց է, որը, սովորաբար, կիրառվում է մանուկ հասակում՝ լուրջ, հաճախ՝ մահացու հիվանդություններից նրանց պաշտպանելու համար: Խթանելով մարմնի բնական պաշտպանիչ հատկությունները: Դրանք ձեր մարմինը պատրաստում են հիվանդության դեմ առավել արագ և արդյունավետ պայքարի:
Ինչպե՞ս են գործում պատվաստանյութերը:
Պատվաստանյութերը օգնում են ձեր իմունային համակարգին, որպեսզի այն առավել արդյունավետ պայքարի վարակների դեմ՝ դրդելով ձեր իմունային համակարգին՝ արձագանքելու այս կամ այն հիվանդությանը: Հետագայում, երբ վիրուսը կամ մանրէն երբևէ թափանցի օրգանիզմ, ձեր իմունային համակարգը արդեն կիմանա, թե ինչպես պետք է պայքարի դրա դեմ:
Անվտա՞նգ են արդյոք պատվաստանյութերը:
Պատվաստանյութերը շատ ապահով են: Ավելի հավանական է, որ ձեր երեխան տուժի պատվաստանյութով կանխարգելելի հիվանդությունից, քան հենց բուն պատվաստանյութից: Բոլոր պատվաստանյութերը, նախքան հանրային գործածության համար հավանություն ստանալը, անցնում են անվտանգության խստագույն թեստավորում, այդ թվում՝ կլինիկական փորձարկումներ: Երկրները պատվաստանյութերը գրանցում են միայն այն ժամանակ, երբ դրանք համապատասխանում են որակի և անվտանգության խիստ ստանդարտներին:
Ինչո՞ւ պետք է պատվաստեմ իմ երեխային:
Պատվաստանյութերը կյանքեր են փրկում: Միայն կարմրուկի պատվաստումները 2000-ից 2018 թվականների ընթացքում կանխել են ավելի քան 23 միլիոն մահ:
Պատվաստումներն օգնում են պաշտպանել ձեր երեխային այնպիսի հիվանդություններից, որոնք կարող են լուրջ վնաս կամ մահ պատճառել, հատկապես՝ նորածինների պարագայում, ում իմունային համակարգը նոր-նոր է զարգանում:
Չպատվաստելու դեպքում կարող են վերադառնալ սուր վարակիչ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և պոլիոմիելիտը, որոնք ժամանակին ավերիչ ազդեցություն են ունեցել բազմաթիվ երկրներում:
Իմ երեխան ի վիճակի՞ է դիմանալ այս բոլոր պատվաստումներին:
Այո՛: Շատ ծնողներ մտահոգվում են, որ բազմաթիվ պատվաստանյութերը կծանրաբեռնեն իրենց երեխայի իմունային համակարգը: Սակայն երեխաները ամեն օր առնչվում են հարյուրավոր մանրէների հետ: Իրականում, սովորական մրսածությունը կամ անգինան ավելի շատ են ծանրաբեռնում ձեր երեխայի իմունային համակարգը, քան պատվաստանյութերը:
Բայց այդ հիվանությունները իմ բնակավայրին բնորոշ չեն: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է պատվաստեմ երեխայիս:
Որովհետև, թեև հիվանդությունները կարող են վերացած լինել ձեր երկրում կամ տարածաշրջանում, գնալով ավելի փոխկապակցված դարձող մեր աշխարհում այդ հիվանդությունները կարող են տարածվել այն վայրերից, որտեղ դրանք դեռևս առկա են:
Ի՞նչ է խմբային իմունիտետը:
Եթե որոշակի հիվանդության դեմ ձեր համայնքում շատերն են պատվաստված, կարող է առաջանալ մի երևույթ, որ կոչվում է խմբային իմունիտետ: Նման դեպքում հիվանդությունները չեն կարող հեշտորեն մարդուց մարդուն փոխանցվել, որովհետև մարդկանց մեծամասնությունը իմունիտետ կունենա դրա հանդեպ: Դրանով հիվանդությունից պաշտպանության մի շերտ է գոյանում անգամ նրանց համար, ովքեր չեն կարող պատվաստվել, ասենք՝ նորածինները:
Խմբային իմունիտետը նաև կանխում է հիվանդության բռնկումները՝ դժվարացնելով դրանց տարածումը: Հիվանդության դեպքերը գնալով նվազում են, երբեմն էլ՝ ընդհանրապես վերանում տվյալ համայնքում:
Պատվաստանյութը կարո՞ղ է իմ երեխայի հիվանդության պատճառ դառնալ:
Պատվաստանյութերը շատ անվտանգ են, և հազվադեպ են կողմնակի ազդեցություններ ունենում: Պատվաստումից հետո հնարավոր բոլոր «բարդություններն» ու անհարմարությունը, ասենք՝ ներարկման տեղում առկա բորբոքումը կամ ջերմության աննշան բարձրացումը, չնչին են և ժամանակավոր: Դրանց դեմ հաճախ կարելի է պայքարել բժշկի խորհրդով ամենահասարակ ցավազրկող դեղորայք ընդունելով կամ ներարկման տեղում սառը թրջոց դնելով: Եթե ծնողները մտահոգվում են, նրանք պետք է խոսեն իրենց բժշկի կամ բժշկական ծառայություն մատուցողի հետ։
Ի՞նչ հիվանդություններ են կանխում պատվաստումները:
Պատվաստումները ձեր երեխային պաշտպանում են այնպիսի լուրջ հիվանդություններից, ինչպիսիք են՝ պոլիոմիելիտը, որը կարող է անդամալուծության հանգեցնել, կարմրուկից, որը կարող է ուղեղի այտուց և կուրություն հարուցել, և փայտացումից, որը կարող է մկանների ցավագին կծկումներ, ուտելու և շնչառության դժվարություն առաջացնել, հատկապես՝ նորածինների մոտ: Ամենատարածված պատվաստանյութերի և դրանցով կանխարգելվող հիվանդությունների մասին տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով. ամենատարածված պատվաստանյութերը և դրանցով կանխարգելվող հիվանդությունները:
Կարո՞ղ եմ արդյոք հետաձգել պատվաստման ժամանակացույցը:
Ձեր երեխային պաշտպանելու լավագույն միջոցներից մեկը ձեր երկրում սահմանված պատվաստման ժամանակացույցին հետևելն է: Ամեն անգամ պատվաստումը հետաձգելով՝ դուք ավելացնում եք հիվանդության նկատմամբ ձեր երեխայի խոցելիությունը:
Իսկ եթե պատվաստելու փոխարեն ես թողնեմ, որ իմ երեխան հիվանդանա ջրծաղիկո՞վ:
Թեև ջրծաղիկը այնպիսի հիվանդություն է, որին բազմաթիվ ծնողներ ծանոթ են իրենց մանկությունից (պատվաստանյութը ներդրվել է 1995 թվականին), որոշ երեխաների մոտ կարող են լուրջ հետևանքներ և բարդություններ զարգանալ, որոնք էլ կարող են հանգեցնել մահվան կամ մշտական հաշմանդամության: Պատվաստանյութը վերացնում է հիվանդության բարդությունների ռիսկը և կանխում է երեխաների կողմից իրենց քույր-եղբայրների, ընկերների և դասընկերների վարակումը:
Պատվաստումների ի՞նչ ժամանակացույց է խորհուրդ տրվում:
Պատվաստումների ժամանակացույցը տարբեր երկրներում տարբեր է՝ կախված նրանից, թե որ հիվանդություններն են առավել տարածված: Խորհուրդ տրվող պատվաստանյութերի և դրանք ստանալու ժամկետների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր երկրի առողջապահական համապատասխան ծառայությունից, բժշկից կամ առողջապահության նախարարությունից: