Որո՞նք են կանաչ հմտությունները

Կանաչ հմտությունները 21-րդ դարում ցանկացած երեխայի կրթության կարևոր մասն են, սակայն ոչ բոլոր դպրոցներին է հաջողվում դա պատշաճ կերպով ներառել ուսման մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ
Աղջնակը ջրում է տանը տնային բույսը:
UNICEF Armenia/2021/Gevorgyan
13 Մարտ 2025

Կլիմայական ճգնաժամը մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերներից մեկն է, և այն ինքնուրույն չի հաղթահարվի:

Երեխաներին նախապատրաստելու և բոլորի համար կայուն ապագա ապահովելու ամենակարևոր ուղիներից մեկը նրանց կրթելն է և  այսպես կոչված «կանաչ հմտություններ» փոխանցելը: Կանաչ հմտություններ ասելով հասկանում ենք այն գիտելիքը, կարողությունները, արժեքներն ու վերաբերմունքը, որ հարկավոր են՝ շրջակա միջավայրը հարգող, ռեսուրսները ճիշտ օգտագործող և կայուն հասարակությունում ապրելու համար:

Երեխաները կրթության միջոցով են հասկանում իրենց շրջապատող աշխարհը: Փոքր երեխաներին սովորեցնում ենք, օրինակ, որ գնդակը ընկնում է գետնին ձգողականության շնորհիվ, որ ջուրը սառույց է դառնում, երբ ջերմաստիճանը ցածր է, և որ բույսը աճում է սերմից: Սակայն աշխարհը փոխվում է, և այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին, պետք է համալրվի նոր գիտելիքով․ լինի դա ուսուցում այն մասին, թե ինչպես են կապված էկոհամակարգերը, ինչու է օզոնային շերտը պաշտպանում Երկիրը, և թե ինչու է մթնոլորտում ածխածինը առաջացնում ջերմաստիճանի բարձրացում և թե ինչու է կարևոր ու ինչպես խնայել հիմնական ռեսուրսները:

Առաջին հայացքից այս հմտությունները կարող են թվալ «անջատ» կրթության այլ առարկաներից, սակայն կլիման և շրջակա միջավայրը ազդեցություն ունեն դպրոցական բոլոր առարկաների վրա և վերաբերում են երեխաների կյանքի յուրաքանչյուր ոլորտի։ Այդ պատճառով է, որ դրանց ուսուցումը պետք է ներառել ուսումնական բոլոր բնագավառներում և փուլերում:

Կանաչ հմտությունները նաև կարևոր են աշխատաշուկայի տեսանկյունից: Քանի որ կլիմայական ճգնաժամը շարունակվում է, յուրաքանչյուր ոլորտում ավելի ու ավելի շատ պահանջ կա մասնագետների, որոնք տիրապետում են կայուն զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքի: Մասնավորապես, գյուղատնտեսներ, որոնք մասնագիտացած են ցածր ածխածնային տեխնոլոգիաների մեջ, ինժեներներ, որոնք կառուցում են ծովային հողմատուրբիններ, կամ ճարտարապետներ, որոնք նախագծում են էներգաարդյունավետ շենքեր: Ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են վայրի բնության և բնական միջավայրի պաշտպանության համար, ինչպիսիք են բնապահպան գիտնականները, անտառային տնտեսության աշխատողները և բնապահպանները:

Այդ թվում են նաև բազմաթիվ մասնագիտություններ, որոնք կարող են չդիտվել որպես «կանաչ աշխատատեղեր», սակայն կարևոր դերակատարություն ունեն ավելի կայուն հասարակությունում, օրինակ՝ հեծանիվի մեխանիկները, գնացքների մեքենավարները կամ կլիմայի ոլորտում մասնագիտացած ուսուցիչները: Այս կոնտեքստում կարող ենք ու պետք է նաև դիտարկենք գյուտարարներին, մտքի առաջնորդներին և ստեղծագործողներին, որոնք պատկերացնում և ստեղծում են լուծումներ ավելի կայուն մոլորակ ունենալու համար:

Դեռահասները նստած կանաչ խոտի վրա քննարկում են կլիմայակն հարցերը:
UNICEF Armenia/2022

Որքան ավելի շատ աջակցություն և կրթություն կարողանանք տրամադրել երեխաներին ամենավաղ տարիքից, մեր բնակչությունը այնքան ավելի շատ կներգրավվի կլիմայի խնդիրների լուծման գործընթացին՝ ավելի կանաչ Հայաստան ունենալու համար:

Դպրոցական ուսումնական ծրագրերում ներառելով կլիմայի վերաբերյալ կրթությունը և կանաչ հմտությունները՝ մենք կարող ենք կրթել տեղեկացված և նախաձեռնող անհատների սերունդ, որոնք ունեն կլիմայի փոփոխությանը հարմարվելու և շրջակա միջավայրի կայունությունը պաշտպանելու համար անհրաժեշտ տեսլական և հմտություններ:

Աշխարհում, որտեղ ջերմաստիճանն արագ բարձրանում է, ջերմային ալիքները, ջրհեղեղները և կլիմայական այլ աղետներն ավելի տարածված են դարձել, և բնական միջավայրերը փլուզվում են, կլիմայական հմտությունները նույնքան անհրաժեշտ են, որքան գրել ու կարդալ սովորելը: Եվ դրանք ապագայում կշարունակեն դառնալ ավելի ու ավելի հրատապ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ մշակել է միջին և ավագ դասարաններում կանաչ հմտությունների ուսուցմանը նպաստող երկու ձեռնարկ, որ ուսուցիչները կարող են օգտագործել նախագծային կամ այլ տիպի աշխատանքներ ձեռնարկելիս.

Ահա, թե ինչ կարող են անել ծնողները շրջակա միջավայրի մասին հոգացող երեխաներ դաստիարակելու համար։