ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմն այցելել է Սյունիքի սահմանամերձ գյուղեր

Սյունիքի մարզի Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ, Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Դավիթ Բեկ, Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի երեխաները Ամանորին շեմին ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացան ուսուցողական և զարգացնող խաղեր, մանկական և պատանեկան գրքեր, պլանշետներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմ
A smiling girl of 8
UNICEF Armenia/2021/Martirosyan
25 Հունվար 2022

Դեկտեմբերի 22-25-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմն այցելեց Սյունիքի սահմանամերձ գյուղերը՝ Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն Դավիթ Բեկ, Շուռնուխ, Որոտան և Բարձրավան։ Ամանորի արձակուրդներին ընդառաջ որոշել էինք մի փոքր աջակցել դժվար հասանելի այդ գյուղերում ապրող երեխաներին՝ ապահովելու կրթության շարունակականությունը արձակուրդներից հետո, հատկապես երբ բնության քմահաճույքները կարող էին վատթարացնել հասանելիությունը, զրուցել նրանց հետ՝ փոքր-ինչ հասկանալու իրենց ցանկությունները, կարիքներն ու ապրումները:

Այս գյուղերին հասնելը դժվարացել, իսկ այնտեղ առկա իրավիճակը փոփոխվել է Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով սահմանների շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով: Սա նաև շարունակությունն էր նոյեմբերի 20-ի մեր այցելության, երբ տեղական ինքնակառավարման և այլ գործընկերների հետ հանդիպման ժամանակ ծանոթացանք կարիքներին և համաձայնության եկանք արձագանքել ամենահրատապներին: Այսպիսիով՝ ժամանակն էր կրկին ճանապարհ ընկնելու: 

Children in a classroom
UNICEF Armenia/2021/Martirosyan

Դավիթ Բեկում հետևեցինք հեռավար ուսուցման դասընթացին, որ կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և E-school Armenia -ի հետ մեր համատեղ ծրագրի շնորհիվ։ Նախկինում Դավիթ Բեկ-ի դպրոցին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ էինք տրամադրել հեռավար ուսուցման դասերը պատշաճ կազմակերպելու համար։ Այս այցելության ժամանակ Ծավի, Ներքին հանդի, Շիկահողի, Սրաշենի, Շիշկերտի, Ճակատենի և  Բաձրավան գյուղի բոլոր 58 աշակերտներին տրամադրվեցին պլանշետներ։ Իսկ մյուս՝ Դավիթ բեկ, Որոտան և Շուռնուխ գյուղերում պլանշետներ տրամադրվեցին հաշմանդամություն ունեցող, դժվար պայմաններում ապրող կամ պատերազմում զոհված կամ վիրավոր դարձած ծնողների 57 երեխաներին:

Three boys and UNICEF employee posing for the camera
UNICEF Armenia/2021/Martirosyan

«Չափազանց կարևոր է, որ երեխաները ստանան այնպիսի աջակցություն, որ համապատասխանի հենց իրենց կարիքներին, և որ այդ աջակցությունը ժամանակին լինի, հատկապես երբ խոսքը սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների մասին է, որոնք կարող է մատչելիության և անվտանգության հետ կապված յուրահատուկ խոչընդոտներ ունենան»:

Հասմիկ Առաքելյան, ՅՈՒՆԻՍԵՖԻ կրթության ծրագրի համակարգող

«Չափազանց կարևոր է, որ երեխաները ստանան այնպիսի աջակցություն, որ համապատասխանի հենց իրենց կարիքներին, և որ այդ աջակցությունը ժամանակին լինի, հատկապես երբ խոսքը սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների մասին է, որոնք կարող է մատչելիության և անվտանգության հետ կապված յուրահատուկ խոչընդոտներ ունենան: Տրամադրված պարագաների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակվող ծրագրերի շնորհիվ, հուսանք, առավել բարենպաստ պայմաններ կստեղծենք այս երեխաների կրթության շարունակականության համար, ինչպես նաև սոցիալհոգեբանական բարեկեցության, երբ երեխաները,գուցե, իրենց միայնակ զգան: Այս պահին մեր աշխատանքները կենտրոնացած են հեռավար ուսուցման հասանելիությունը ապահովող միջոցների ընդլայման շուրջ, քանի որ այս համայնքները առերեսվում են ժամանակավոր արգելափակումների կամ դպրոցների հասանելիության խափանումների հետ հակամարտության և կորոնավիրուսային համավարակի պատճառով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը:

«Իհարկե, անվտանգային հարցերը մնում են առաջնային մեր այցելած բնակավայրերի համար, բայց դպրոցների ջրի խնդիրը, ջեռուցումը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը պակաս կարևոր չեն երեխաների և ուսուցիչների համար»։

Վիգեն Շիրվանյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար
Children and UNICEF employee drawing.
UNICEF Armenia/2021/Martirosyan

«Մեր այցելած դպրոցները կարիք ունեն արտակարգ իրավիճակների արձագանքման վերապատրաստումների, աղետների ռիսկերի կառավարման մշակված պլանների: Դրանց մեծ մասում չկան ապաստարաններ։ Իհարկե, անվտանգային հարցերը մնում են առաջնային մեր այցելած բնակավայրերի համար, բայց դպրոցների ջրի խնդիրը, ջեռուցումը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը պակաս կարևոր չեն երեխաների և ուսուցիչների համար։ Կառավարության, այլ գործընկերների և դոնորների հետ համակարգելով՝  պետք է փորձենք մեր հետագա ծրագրերով արձագանքել այս խնդիրներին, և լուծել դրանք՝ ըստ առաջնահերթության»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը։

Children and UNICEF employee sitting on a bench and talking
UNICEF Armenia/2021/Martirosyan

«Երեխաներն ինձ պատմեցին, որ համայնքներում իրենց զարգացման համար շատ քիչ հնարավորություններ կան»:

Հասմիկ Ալեքսանյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող

Հանդիպեցինք նաև այս գյուղերում ապրող երեխաների և երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց հուզող խնդիրները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Ալեքսանյանն ամփոփեց․ «Երեխաներն ինձ պատմեցին, որ համայնքներում իրենց զարգացման համար շատ քիչ հնարավորություններ կան: Քննարկեցինք կյանքի համար կարևոր՝ այսպես կոչված 21-րդ դարի հմտություններ, և շատերը նշեցին, որ հրաշալի կլիներ, եթե կարողանային ձեռք բերել և գործնականում կիրառել դրանք, օրինակ, սովորել ինչպես կառավարել սթրեսը, դիմակայուն դառնալ, ձեռք բերել լսելու և շփվելու, հարաբերություններ ձևավորելու, առաջնորդելու հմտություններ և այլն։ Երիտասարդները դեռ չգիտեն՝ ինչպես կարող են իրենց համայնքի ակտիվ անդամ լինել, մասնակցել որոշումների կայացմանը, հանդես գալ համայնքի զարգացմանը նպաստող գաղափարներով, ծրագրերով: Առաջիկայում մենք կփորձենք օգտակար լինել մարզի դեռահասներին և երիտասարդներին՝ նրանց զարագանալու ու հզորանալու հնարավորություններ ընձեռելով: Անհամբեր կսպասեմ առաջիկա հանդիպումներին մեր ծրագրերը կյանքի կոչելիս»:

«Երեխաների, ծնողների և ուսուցիչների ուրախությունն ու երջանկությունը բառերով նկարագրելն անհնար է: Միանշանակ էր մի բան՝ իրենց հետ հանդիպումը ոգեշնչման ամենամեծ աղբյուրն էր թե՛ ինձ, թե՛ թիմի համար»:

Հերմինե Կատվալյան, Կրթության ծրագրի օգնական
UNICEF employee talks to children who are opening presents.
UNICEF Armenia/2021/Martirosyan

Մեր այցելության ընթացքում ձյուն էր տեղում, իսկ ձմեռն արդեն իր տիրապետության տակ էր առել գյուղերն ու համայնքները: Փաթեթներ էինք պատրաստել 10 գյուղերում բնակվող 168 երեխաների և երիտասարդների համար: Դրանք ներառում էին ուսուցողական և զարգացնող խաղեր, կավագործությամբ զբաղվելու փաթեթներ, մանկական և պատանեկան գրքեր, տաք հագուստ և այլն: Ու քանի որ մեր այցից ընդամենը օրեր անց Ամանորն էր, հույս ունեինք մի փոքր նրանց ուրախացնել ու կարծես՝ դա մեզ մոտ ստացվեց:

«Երեխաների, ծնողների և ուսուցիչների ուրախությունն ու երջանկությունը բառերով նկարագրելն անհնար է: Միանշանակ էր մի բան՝ իրենց հետ հանդիպումը ոգեշնչման ամենամեծ աղբյուր էր թե՛ ինձ, թե՛ թիմի համար:  Կարողանալ ցույց տալ երեխաներին, որ իրենց կողքին ենք, ստիպել նրանց հավատալ Ամանորի հրաշքին՝ աննկարագրելի մեծ հպարտություն էր ու է՛լ ավելի մեծ պատասխանատվություն մեր աշխատանքի ու երեխաների նկատմամբ»,- իր հույզերով կիսվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության բաժնի օգնական Հերմինե Կատվալյանը։

Three children in winter. They are carrying UNICEF presents.
UNICEF Armenia/2021/Martirosyan

Սակայն անգամ այլընտրանքային ճանապարհները դեռևս դժվարանցանելի են, հատկապես ձմռան ամիսներին և մառախլապատ եղանակային պայմաններին. դրանք դեռ ամբողջովին պատրաստ չեն, ասֆալտապատ չեն, դժվարանցանելի են ու վտանգավոր։

Ի լրումն այցելության ժամանակ տրամադրած փաթեթների, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նաև Սյունիքի տեղական առողջապահական հաստատություններին՝ կազմակերպելով մանկաբուժական շարժական կետեր և ամրապնդելով մոտակա առողջապահական հաստատությունների աշխատակիցների կարողությունները, որպեսզի երեխաներն ու իրենց ընտանիքներն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան՝ չնայած տիրող իրավիճակին: 2020-2021 թվականների ընթացքում սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրել Լեռանային Ղարաբաղից տեղահանված և Սյունիքում ապրուստ հիմնած երեխաներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև տրամադրել ենք գրենական պիտույքներ, վաղ ուսումնառության համար հավաքածուներ, սնունդ, հիգիենայի և այլ պարագաներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր ծրագրերի միջոցով Սյունիքի մարզի հետ համագործակցության երկար պատմություն ունի, ու 2022 թվականին և անդին շարունակելու ենք աջակցել երեխաներին՝ արձագանքելով նրանց կարիքներին: Կյանքի ենք կոչելու երիտասարդական զարգացման ծրագրեր, հիմնելու ենք վաղ ուսումնառության կենտրոններ և ամրապնդելու ենք առողջապահական և երեխայի պաշտպանության ծառայությունները Սյունիքում:

Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին՝ մենք հավատարիմ ենք մեր նպատակներին ու տեսլականին․ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ապահով, անվտանգ միջավայրում, պետք է որակյալ կրթություն ստանա և իր ողջ ներուժը զարգացնելու հնարավորություն ունենա։