ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 11 դպրոցների պայմանները

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ ավելի քան 8,600 աշակերտ վերսկսել է դասերն ավելի բարելավված դպրոցական միջավայրում։

Լուսին Մկրտչյան
Children in classroom.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
03 Փետրվար 2022

«Ի ուրախություն մեզ, մեր դպրոցի մասնաշենքերից մեկը համալրվեց նոր գույքով և արդեն վերանորոգված սանհանգույց ունի։ Մենք էլ այդ ամենից ոգևորված՝ փոխեցինք մասնաշենքի պատուհանները», ազդարարվել է հոկտեմբերի 13-ին Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին և գործընկերներին աջակցության համար, ինչն իր հերթին խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում հյուրընկալած դպրոցների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի ձեռքբերումներից մեկը։

Ճապոնիայի կառավարության անհետաձգելի օգնության դրամաշնորհի շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ կահավորել է Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզի 11 դպրոցների 30 դասասենյակ և վերանորոգել 10 դպրոցների սանհանգույցները։ Արդյունքում Աբովյանի դպրոցում 535 աշակերտ, իսկ երեք մարզերում միասին, ընդհանուր առմամբ, ավելի քան 8,620 աշակերտ օգտվում է բարելավված պայմաններից։

Alvard Poghosyan, UNICEF Education Specialist
UNICEF Armenia/2021/Galstyan

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը արձագանքման մեր ծրագրերի շրջանակում ուսումնասիրեցինք դպրոցների կարիքները՝ առաջնահերթությունը տալով այն դպրոցներին, որոնք Լեռնային Ղարաբաղից նոր աշակերտներ էին ընդունել և հավելյալ աջակցության կարիք ունեին։ Շատ դպրոցներում նոր դասասենյակի կարիք կար և նաև որոշ բարելավումներ էին պետք պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար, ինչը կարևոր էր նաև ՔՈՎԻԴ-19 վարակի տարածումը կանխելու գործում»։

մանրամասնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

«41 տարվա ընթացքում դպրոցական գույքը մի քիչ թարմացվել էր միայն մեկ անգամ։ Լեռնային Ղարաբաղի 2020թ-ի հակամարտությունից հետո դպրոցում աշակերտների թիվն ավելացել էր 40-ով և նոր կահույքն ուղղակի անհրաժեշտություն էր»,-

պատմեց Աբովյանի թիվ 8 դպրոցի տնօրեն՝ Լուսինե Բաղդասարյանը։
Lusine Baghdasaryan, Principal of Abovyan school #8.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
Children in a new refurbished classroom.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Նախկինում մենք գրքերը պահում էինք դասարանի չօգտագործվող սեղանների վրա։ Հիմա արդեն՝ մեր նոր պահարանում։ Տեսեք, այդտեղ ենք դնում նաև տեխնոլոգիական դասի աշխատանքները»,- ասաց 11-ամյա Եվան։

«Երբ բերեցին մեր նոր աթոռ-սեղաններն ու պահարանները, մենք երեխաներով պայմանավորվեցինք, որ չենք փչացնելու՝ չենք նկարելու սեղանների վրա ու միշտ մաքուր ենք պահելու»,- վրա բերեց Եվայի դասընկեր Սամվելը։

«Հիմա դասի գալն ավելի հավես է»։

Children are washing their hands in school.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Միահերթ և 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող այս դպրոցն ունի 520 աշակերտ։

«5 մասնաշենքից յուրաքանչյուրն ունի իր սանհանգույցները, սակայն այս մեկինն ավելի քան 15 տարի չի շահագործվել, փակ է եղել։ Այս մասնաշենքում սովորող երեխաները սանհանգույցից օգտվելու համար ստիպված էին մի շենքից մյուսը գնալ»,- ցույց է տալիս տնօրենը՝ Լուսինե Բաղդասարյանը։

«2021թ-ի օգոստոսին մեր այցերը դպրոցներ փաստեցին նաև, որ սանհանգույցները շատ անմխիթար վիճակում են, մինչդեռ համավարակը պարտադրում է սանիտարահիգիենիկ կանոնների պատշաճ պահպանում։ Վերանորոգելով սանհանգույցները՝ մենք նաև կանխարգելում ենք ՔՈՎԻԴ-19-ի հետագա տարածումը՝ այդպիսով դպրոցն ավելի անվտանգ դարձնելով թե՛ աշակերտների, թե՛ նրանց ընտանիքների համար»,-ավելացրեց տիկին Պողոսյանը։

«Ճապոնիայի կառավարության հետ այս համագործակցության շնորհիվ բարելավվել է Հայաստանում 8,619 աշակերտի ուսումնական միջավայրը։ Մենք պետք է առաջնահերթությունը տանք երեխաների կրթությանը և անենք հնարավորը, որ դպրոցները լինեն անվտանգ և արձագանքեն երեխաների կարիքներին՝ թե՛ կրթական, թե՛ ֆիզիակական պայմանների և թե՛ հոգեբանական առողջության տեսանկյունից»։

School N8 in Abovyan.
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Այս ֆինանսավորումը ՅՈՒՆԻՍԵՖ-ին թույլ տվեց նաև արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և այս մարզերում հաստատված երեխաների կրթական և հոգեբանական կարիքներին։ Քանի որ հակամարտությունը ուսումնական տարվա ընթացքում էր տեղի ունեցել, երեխաները ծանր սթրեսի էին ենթարկվել, դադարել էին հաճախել դպրոց, ի լրումն՝ պետք է հարմարվեին իրենց անծանոթ միջավայրին։

Այդ գործընթացին աջակցելու համար 2021թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Մանկական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ նաև վերապատրաստել է 85 ուսուցչի Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերից։ Նպատակը արտակարգ իրավիճակներում երեխայակենտրոն որակյալ կրթություն տրամադրելն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար դպրոցում լրացուցիչ դասեր կազմակերպելն էր։ Արդյունքում 250-ից ավել երեխաներ հնարավորություն ստացան բարելավել իրենց գիտելիքները և լրացնել բաց թողած ուսումնական ծրագրերը:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ՝ բարելավելու արտակարգ իրավիճակներում ուսումնական գործընթացի պլանավորումն ու կազմակերպումը, ներառյալ՝ կրթական բացերին արձագանքելը և այդ բացերը լրացնելու համար ուսուցիչներին անհրաժեշտ մոտեցումներն ու գործիքները տրամադրելը։ Ավելին՝ սոցիալ-զգայական ուսուցումը կլինի մեր աշխատանքի հիմքում՝ ապահովելու, որ երեխաների և ուսուցիչների հոգեբանական կարիքները հաշվի են առնվում և համապատասխան արձագանք են ստանում։