Հենրիխ Մխիթարյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2016 թ-ի նոյեմբերին

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Henrikh Mkhitaryan with a girl who has a disability smiling to the camera.
UNICEF Armenia/2016/Publicis
14 Նոյեմբեր 2019

Հավասար հնարավորությունների չեմպիոնը

 

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 2007 թվականի հունվարին կայացած իր դեբյուտին հետևած 518 խաղերի ընթացքում դառնալով 200 գոլի և 75 գոլային փոխանցումների հեղինակ։

Հենրիխը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը, հանդես է գալիս «Ռոմա» իտալական ակումբում որպես կիսապաշտպան՝ խաղալով 77 համարի մարզաշապիկով։ Հենրիխը խաղացել է եվրոպական բարձրագույն ակումբներում՝ հանդիսանալով «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ, ուր նա 2017 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակչում դարձել է գոլի հեղինակ՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։

2013-2016 թվականներին նա հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) Մխիթարյանը հանդես է եկել նախ երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Հենրիխը ՀՀ նախագահի կողմից ստացել է  առաջին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար և 8 անգամ ճանաչվել է Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։

Նա տիրապետում է 6 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն), իսկ այժմ սովորում է իտալերեն։ Հենրիխն ավարտել է  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։

«Յուրաքանչյուր երեխա որակյալ կրթության իրավունք ունի: Եվ կարևորը այն է, թե ինչ երեխան կարող է անել, ոչ թե ինչ չի կարող անել»:

Հենրիխ Մխիթարյան