Կյանքի հմտություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ կյանքի հիմնարար հմտություններով է զինում 350 երիտասարդների։ Ամեն ինչ առջևում է

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Արդեն 6 ամիս է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արագածոտնում, Գեղարքունիքում, Տավուշում և Երևանում համախմբել է ավելի քան 350 երիտասարդների՝ ուսումնասիրելու կյանքի հիմնարար հմտությունները։
Տասնվեց մասից բաղկացած դասընթացի ընթացքում երիտասարդները յուրաքանչյուր դասին ուսումնասիրում են այնպիսի կարևոր հմտություններ,
ինչպիսիք են.
ինքնաճանաչումը, սթրեսի կառավարումը, հուզական կարգավորումը, դրական մտածողությունը, որոշումների կայացումը, խնդիրների լուծումը, ինքնահարգանքը, միջանձնային հարաբերությունների հմտությունները, ապրումակցումը, լսելու հմտությունները, վեճերի կարգավորում, հարաբերությունների կարգավորում, վստահ հաղորդակցություն, մտածելու հմտություններ, նպատակների սահմանում, քննադատական և ստեղծագործ մտածողություն, աշխատունակության հմտություններ, դիմակայունություն։
Ծրագրի շրջանակում այցելեցինք Տավուշի մարզի Իջևան քաղաք, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և երիտասարդները մեզ պատմեցին վերապատրաստումների և իրենց անձնական ձեռքբերումների մասին։

«Մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում և պետք է սովորենք դիմակայել բոլոր առաջացող մարտահրավերներին։ Հենց դրա համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործարկել է կյանքի հմտությունների այս դասընթացը, որպեսզի երիտասարդներին հնարավորություն ընձեռի ձեռք բերել այն հմտությունները, որոնք կօգնեն նրանց ավելի պատրաստ լինել բազմազան մարտահրավերների, զարգացնել դիմակայունությունը, նպատակներ սահմանել ու հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնել իրենց և իրենց համայնքերի համար»։
«Այս դասընթացներն ինձ համար իսկապես կարևոր էին։ Կարծում եմ՝ այսպիսի հմտությունների ուսուցումը պետք է անպայման ներառվի դպրոցի ուսումնական ծրագրում։ Օրինակ, 10-րդ դասարանում «առողջ ապրելակերպի» դասերի նման կարող ենք մի քանի դասաժամ էլ տրամադրել կյանքի հմտությունների ուսուցմանը։ Ինձ համար ամենաօգտակարը նպատակների սահմանման բաժին էր․ հասկացա, որ նախ պետք է ճիշտ գնահատել իրավիճակն ու ավելի ճիշտ նպատակներ սահմանել ու ամենակարևորը, սովորեցի, թե ինչ պետք է անել, ինչ մասերի պետք է բաժանել նպատակը, ինչ քայլեր պետք է մշակել, որ հասնեմ իմ նպատակին»:


«Պետքական բաներ սովորեցինք, որ կարևոր է հատկապես պատանեկության շրջանում։ Այն, ինչ այստեղ սովորեցինք, դպրոցում չէինք սովորի, հաստա՛տ։ Դասընթացից հետո հասկացա, որ ես չպետք է կուլ գնամ մյուսներին, չպետք է անեմ բաներ, որ մյուսներն են ուզում ու սպասում ինձնից, սակայն ես դա չեմ ուզում։ Այսինքն, սկսեցի ինձ ավելի լավ ճանաչել, ավելի լավ հասկանալ, թե ինչ եմ ուզում, ինչը՝ ոչ»։
«Դասերի ընթացքում հոգեբանից լիքը խորհուրդներ եմ հարցրել, և նա ինձ շատ է օգնել։ Սովորել եմ հարաբերություններում սահմաններ դնել, փորձել ավելի լավ հաղորդակցվել, որ համ ես չտուժեմ համ էլ դիմացինին չնեղացնեմ»։


«Ես սկսեցի մասնակցել դասընթացին, ու սկզբում ինձ թվաց, որ ամեն ինչն էլ գիտեմ։ Հետո արդեն ընթացքում հասկացա, որ դասերի արդյունքում օգտակար էր ընկերներիս կարծիքը լսելը։ Ինչ-որ բան փոխվեց, ես հիմա ավելի լավ եմ կարողանում կառավարել հույզերս։ Իրականում, մի քիչ տաքարյուն եմ, ու շուտ եմ բարկանում, հիմա սկսել եմ ավելի հանգիստ նայել շատ բաների։ Կարծում եմ, ամեն մի երիտասարդին այս դասընթացն ինչ-որ լավ օգուտ կտա»։
«Երբ ուսուցիչն ասաց, որ այսպիսի հետաքրքիր դասընթաց է կազմակերպվում, մեծ հաճույքով որոշեցի մասնակցել։ Ուրախ եմ, որ նման որոշում կայացրի։ Դասերից մեկի ընթացքում վերլուծություն արեցինք ու ես հասկացա, թե որքան ժամանակ եմ անիմաստ ու անարդյունավետ ծախսում ։ Բոլորս էլ ունենք ժամանակի գողեր՝ հեռախոս, ընկերներ, հեռուստացույց, որոնց մենք պետք է վերահսկենք ու թույլ չտանք գողանալ այն թանկարժեք ժամանակը, որ հաստատ կարող ենք ավելի նպատակային օգտագործել»։


«Վա՜յ, ինձ շատ էր պետք այս դասընթացը։ Օգնեց, որ որոշ բացասական գծերի վրա աշխատեմ։ Օրինակ, շատ վատատես էի, հիմա արդեն համեմատաբար ավելի լավատես եմ դարձել․ ամեն անգամ փարձում եմ լավը գտնել և միայն վատի վրա չկենտրոնանալ։ Եթե էլի նման դասընթաց լիներ, հա՛մ ընկերներիս կասեի, հա՛մ էլ ինքս մեծ սիրով նորից կգայի։ Ախր, մեր քաղաքում երիտասարդների ու հատկապես, երիտասարդ աղջիկների համար այնքա՜ն քիչ են հետաքրքիր զբաղմունքները»։

«Այս 16 դասերը բոլորին պետք են, ու դեռ դրա մի եռակի ավելին է անհրաժեշտ։ Երկու կարևոր բան առանձնացնեմ։ Առաջինը վերաբերմունքն է․երիտասարդների հետ շփումից զգացի, որ նրանց համար սա շատ կարևոր է, իրենք իրենց կարևորված են զգում, հասկանում են, որ իրենց մասին հոգ տանող, մտածող կա։ Երկրորդը՝ հենց բովանդակությունը․ երբ երիտասարդների հետ խոսում ես կյանքում անընդհատ պատահող երևույթներից, իրենց իմացածը, այստեղից-այնտեղից լսածը և մասնագիտական ուղղորդումը փազլի պես հավաքվում ու ամբողջանում է՝ ձևավորելով հստակ ու ավելի գրագետ մոտեցում, թե ինչպես կարող են վարվել հետայսու նման իրավիճակում հայտնվելիս։ Կարծում եմ՝ կրտսեր դպրոցից սկսած՝ պետք է կյանքի հմտությունները տարիքին հարիր ձևով հրամցնել երեխաներին»։