Աքսելերատոր #5՝ ստարտափ գաղափարներ Հայաստանի տարբեր մարզերում ապրող աղջիկներից ու երիտասարդ կանանցից

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրի հիմնական նպատակն է օգնել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին ստեղծել սեփական ստարտափն ու մուտք գործել ՏՏ ոլորտ։

Ժաննա Ուլիխանյան
Accelerator #5 winning teams.
UNICEF/UNDP
25 Փետրվար 2021

Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Աքսելերատոր #5 ծրագրի փակման արարողությունը։

Ի՞նչ է Աքսելերատորը․ ներկայացնենք թվերով․ ավելի քան 300 աղջիկ և երիտասարդ կին մասնակից, 10 նոր ստարտափային գաղափար, 30 շաբաթ դասընթացներ՝ ծրագրավորում, մարքեթինգ, գործարարություն, բիզնես անգլերեն, 3 հաղթող թիմ, 750-1 500 ԱՄՆ դոլար մրացանակային ֆոնդ։ Իսկ արդյունքում՝ նվազագույնը երեք նոր ստարտափ Հայաստանում և նոր ՏՏ հմտություններ բոլոր մասնակիցների համար։

Այլ կերպ ասած՝ Աքսելերատոր #5-ը մի ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին և օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափն ու մուտք գործել ՏՏ ոլորտ՝ իրականացնելով նրանց համար տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ։

Այս ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:

Փակման արարողությանը առաջինը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին․ «Սա Հայաստանի ապագայի մասին է, Հայաստանում աղջիկների և երիտասարդ կանանց հզորության մասին է։ Այն աղջիկների, որոնք բավականին քաջություն են ունեցել հաղթահարել խոչընդոտներն ու նոր հմտություններ զարգացնել, մտածել նոր ստարտափեր և մասնակցել ու դառնալ Հայաստանում տեխնոլոգիական շարժման ապագան։ Մենք իսկապես ուրախ ենք համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և համատեղ պնդել, որ տեխնոլոգիական հմտությունների վրա յուրաքանչյուր աղջիկ, կին կարող է հույս դնել հաջողության և առաջնորդության հասնելու իրենց ճանապարհին»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը նույնպես շեշտեց, որ տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ կազմակերպված այս ծրագիրը իսկապես կարող է որոշիչ դեր խաղալ և տեխնոլոգիայով հետաքրքրված բոլոր աղջիկների համար, անկախ բնակության վայրից կամ հասարակության շերտից, ավելի շատ հնարավորություններ ստեղծել։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավատում է, որ յուրաքանչյուր աղջիկ և կին պետք է հնարավորություն ունենա սովորել այն, ինչ իրեն հետաքրքրում է, պետք է զարգանալու բոլոր հնարավորությունները ստանա՝ անկախ իր բնակության վայրից։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան հաստատում է, որ այս իրավունքը բոլոր երեխաներին է վերաբերում։ Ուստի մեր պարտականությունն է ձեռք մեկնել նրանց»,- ամփոփեց տիկին Մարիանը։

Միջոցառմանը ոգևորիչ խոսքով հանդես եկավ նաև SoloLearn ծրագրի տնօրեն և համահիմնադիր Եվա Հյուսյանը։ Նա ներկայացրեց իրենց ստարտափի հաջողության որոշ գաղտնիքները։ Ըստ այս ընկերության վիճակագրության՝ յոթ տարվա ընթացքում ընկերությունում կանանց ներգրավվածության մասնաբաժինը կրկնապատկվել է՝ հասնելով 30 տոկոսի, ինչը մոտ է աշխարհի միջին ցուցանիշին, ինչը նաև հստակ ցույց է տալիս, թե որքան ճանապարհ ունենք դեռ անցնելու։

«Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված աշխարհը իսկապես տակնուվրա է եղել, իսկ թվային տեխնոլոգիաները գրավել են աշխարհն ու մեր կյանքը, բոլորի համար է կարևոր զինվել ՏՏ հմտություններով՝ անկախ սեռից, բնակության վայրից, նույնիսկ անկախ աշխատանքային ոլորտից»,- ասաց Եվան և հավելեց․«Արա՛ ինչ ուզում ես անել, արա բոլորից լավ, բոլորից արագ։ Եթե դու իսկապես ուզում ես անել դա, ապա թույլ մի՛ տուր, որ որևէ խոչընդոտ արգելակի քեզ»։

Եվ Աքսելերատոր #5-ի աղջիկները արեցին դա։ Մրցույթին մասնակցելը, առավել ևս հաղթելը դժվար է, որովհետև այստեղ կարևորվում է ոչ միայն ստարտափի բիզնես ներուժը, այլ նաև դրա հանրօգուտ լինելը, ասել է, թե ինչով կօգնի այդ ծրագիրը հասարակությանը կամ շրջակա միջավայրին։

Եկե՛ք միասին կարդանք երեք հաղթող թիմերի ստարտափերի մասին և եկե՛ք ինքներս էլ 1-5 միավորանոց սանդղակով քվերակենք, թե մեզ անձամբ որքանով կօգնեն այս ծրագրերը (5-«ինձ օդ ու ջրի չափ պետք է այս ծրագիրը», 1-«ինձ միևնույնն է՝ կլինի նման բան, թե ոչ»):

Ահա երեք հաղթող ստարտափերի գաղափարները․

Accelerator #5 winning teams_ Arigyugh

ԱրիԳյուղը ծրագիր է, որ կնպաստի Հայաստանի գյուղերում աշխատատեղերի բացմանն ու գյուղում զբոսաշրջիկների թվի ավելացմանը։ Հայաստանի գյուղերից մեկում մի տաքուկ ու շատ յուրահատուկ հյուրատուն կստեղծվի, որտեղ կաշխատեն հենց գյուղի բնակիչները։ Ծրագրի միջոցով թիմը փորձելու է մարդկանց ներկայացնել Հայաստանի գյուղերի ոչ այնքան հայտնի կամ տարածված հուշարձաններն ու տեսարժան վայրերը։ Խրախուսելով զբոսաշրջիկների ներհոսքը՝ թիմի անդամները կփորձեն եկամուտի աղբյուր ստեղծել գյուղի բնակիչների համար՝ հուսալով, որ գյուղից արտագաղթը նույնպես կնվազի։ Թիմը ստացավ 1500 ԱՄՆ դոլար:

Accelerator #5 winning teams_ GTA team

«ԳՏԱ»-ն աշխատանքի հարթակ է ՏՏ ընկերությունների համար, որը արհեստական բանականության միջոցով կիրականացնի թեկնածուների հարցազրույցները, կընտրի ամենահարմար ու տաղանդավոր աշխատակիցներին ընկերությունների համար, ավելին՝ կօգնի ընկերություններին պահել այդ աշխատողներին։ Հարթակում ամեն մի ընկերություն կկարողանա իր էջն ունենալ՝ ըստ իրենց ցանկացած դիզայնի ու բովանդակության։Թիմը ստացավ 750 ԱՄՆ դոլար:

Accelerator #5 winning teams_ Hogatar

«Հոգատար»-ը հավելված է, որը կօգնի մայրերին ընտրել տարբեր զարգացնող դասընթացներ երեխայի համար և վստահ լինել, որ երեխային ապահով և անվտանգ տրանսպորտով մեկ վայրից մյուս վայր կհասցնեն՝ դայակի ուղեկցությամբ։ Հավելվածը նաև հնարավորություն կտա մայրերին հեռախոսով հետևել երեխային։ Այս թիմի անդամները պլանավորում են վերապատրաստել ու երեխաների հետ ճիշտ վարվելու համապատասխան գիտելիքներով զինել բոլոր աշխատողներին։ Թիմը ստացավ 750 ԱՄՆ դոլար:

Հետաքրքրե՞ց, դուք էլ հանրօգուտ ստարտափային գաղափար ունե՞ք, ուրեմն սպասեք հաջորդին՝ Աքսելերատոր #5 vol3-ին։

 

Հ․Տ. Հա՛, չմոռանա՛ք գնահատել թիմերին։ Որպես փոքր երեխայի մայր՝ ես 6 միավոր եմ տալիս «Հոգատար» ստարտափին և սպասում եմ, թե երբ կկարողանամ օգտվել այս ծառայությունից։