Level up երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ կյանքի հիմնարար հմտություններով է զինում ոչ միայն 350 երիտասարդներին, այլև՝ նրանց հետ աշխատող 50 մասնագետներին

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Մայիսի 18-ին այցելեցինք Գավառ՝ մասնակցելու երիտասարդների հետ աշխատող մասնագետների վերապատրաստմանը։ Արձանագրել ենք՝ ով ինչ ասաց կյանքի հիմնարար հմտությունների կարևորության և այս վերապատրաստումների մասին։

«Պատերազամական իրավիճակի արձագանքման ընթացքում գնահատում էինք դեռահասների, երիտասարդների կարիքները, և պարզ դարձավ, որ դեռահասներին ու երիտասարդներին հատուկ հմտություններ են պետք՝ պատրաստ լինելու և հաղթահարելու ոչ միայն այս ճգնաժամերը, այլև՝ կյանքի տարբեր լարված ու բարդ շրջանները։ Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ որոշեցինք աշխատել սոցիալական և էմոցիոնալ հմտությունների և ընդհարապես կյանքի հիմնարար հմտությունների զարգացման ուղությամբ։
Մշակեցինք կյանքի հիմնարար 16 հմտությունների վերաբերյալ վերապատրաստման փաթեթը՝ ադապտացնելով այն Հայաստանյան իրավիճակին։ Հասկացանք, որ փաթեթին նախ պետք է ծանոթացնենք դեռահասների ու երիտասարդների հետ աշխատող մասնագետներին, հետո նաև՝ դեռհասաներին ու երիտասարդներին։ Առաջին փուլում աշխատում ենք Արագածոտնում, Գեղարքունիքում, Տավուշում և Երևանում, սակայն հուլիսից սկսած՝ ծածկելու ենք նաև մյուս բոլոր մարզերը։
Ծրագրի ավարտին նախատեսում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում տեղադրել վերապատրաստումների վերջնական և ամբողջական փաթեթը` բոլոր աշակերտների և բոլոր մասնագետների համար այն հասանելի դարձնելով»։

«Ներգրավել ենք կրթական ոլորտում աշխատող ՀԿ-ներին, դպրոցների հոգեբաններին, տնօրեններին, համապատասխան առարկաների ուսուցիչներին, երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների, ովքեր հետագայում մարզում կարող իսկապես փոփոխություն բերել համայնքում և մարզում։
Այս վերապատրաստումները կարևոր են, նախ, որովհետև մարզերում են իրականացվում և մարզում աշխատող մասնագետին աշխատանքի նոր մեթոդներ և նոր գործիքներ ենք տրամադրում։ Այնուհետև՝ սա ևս մեկ քայլ է՝ բարելավելու կրթության որակը։ Եթե չունենք անընդմեջ վերապատրաստվող մասնագետներ, չենք կարող իրականացնել որակյալ կրթություն։ Իսկ հասարակության զարգացումը սկսվում է որակյալ կրթությունից»։

«Դասընթացի ընթացքում մենք ոչ միայն 16 հմտությունների թեմաներն ենք ուսումնասիրում, այլ նաև խմբի հետ աշխատելու համար անհրաժեշտ հմտություններն ենք փոխանցում՝ ինչ է խումբը, ինչպես ձևավորել այն, ինչպես կանոններ հաստատել, ինչպես լսել բոլորին ու իսկական թիմ ստեղծել։
Հետո սկսում ենք հերթով ուսումնասիրել 21-րդ դարում շատ անհրաժեշտ հմտություններ` ինքնաճանաչում, սթրեսի կառավարում, հուզական կարգավորում, դրական մտածողություն, ինքնահարգանք, միջանձնային հարաբերությունների հմտություններ և արդյունավետություն, ապրումակցում, լսելու հմտություններ, վեճերի կարգավորում, հարաբերությունների կարգավորում, վստահ հաղորդակցություն, մտածելու հմտություններ, նպատակների սահմանում, որոշումների կայացում, խնդիրների լուծում, քննադատական և ստեղծագործ մտածողություն, աշխատունակության հմտություններ, դիմակայունություն։
Ավելորդ է ասել, որ սրանք անհրաժեշտ հմտություններ են բոլորի համար՝ թե՛ փոքրերի, թե՛ դպրոցահասակ երեխաների, թե՛ դեռահասների, թե՛ երիտասարդների ու թե՛ մեծահասակաների համար։ Սակայն նմանատիպ թեմաների շուրջ մենք գրեթե չենք խոսում՝ ոչ դպրոցում, ոչ ընտանիքում, ոչ համալսարանում, չնայած, որ կյանքում անընդհատ բախվում ենք այդ իրավիճակների հետ»։

«Ես երեխաների հետ աշխատանքի համար նոր մեթոդներ սովորեցի ու անձամբ էլ նոր հմտություններ ձեռք բերեցի։ Հատկապես կուզենայի առանձնացնել նոր վարժանքները և հարցաշարերը, որոնք այսուհետ կկիրառեմ երեխաների հետ իմ աշխատանքում՝ դասերն ավելի ինտերակտիվ դարձնելու համար։
Նաև անպայման ուզում եմ նշել, որ վերապատրաստումից հետո մի քանի անգամ հնարավորություն ունենք անհատապես աշխատել դասընթացավարի հետ, որն ինձ հնարավորություն կտա դասընթացավարի աջակցությամբ լուծել այն խնդիրները, որոնց կբախվեմ անձամբ դասընթացների ժամանակ»։

«Արդեն 17 տարի է՝ մեր դպրոցում դասավանդում եմ կյանքի հմտություն առարկան։ Ունենք մեթոդական ցուցումներ 1-7 դասարանների համար, սակայն կյանքի 16 հիմնարար հմտությունների վերաբերյալ նոր ուղեցույցը, որ ստացա այս վերապատրաստումներին, ծածկում է 1-8 դասարանները և շատ ավելի մանրամասն է ու համակարգված։ Դպրոցիս ծրագիրը ավելի թեթև է։
Ես անպայման սա պետք է հաշվի առնեմ ամեն մի թեմային նախապատրաստվելիս, որպեսզի հնարավորինս լավ կառուցեմ դասս ու ավելի լավ մատուցեմ այն երեխաներիս։ Պետք է նշեմ, որ երեխաները սիրով են հաճախում իմ դասին, չեն բացակայում, քանի որ սա երեխաներին տալիս է այն, ինչ իրենց պետք է կյանքում, ինչի հետ նրանք առնչվում են անընդհատ՝ ամեն օր, ամեն վայրկյան»։

«Դեռահասներին անհրաժեշտ է ոչ միայն քիմիայի ճիշտ բանաձևեր սովորել, այլ նաև՝ կյանքում անհրաժեշտ հմտություններ՝ հաղորդակցության, որոշում կայացնելու, նպատակներ սահմանելու հմտություններ ձեռք բերել։ Այս վերապատրաստումն ինձ հնարավորություն ու հմտություններ տվեց դեռահասներին ավելի լավ հասկանալ, նրանց հետ իրենց լեզվով խոսել, ու հետագայում նրանց պետքական հմտություններ փոխանցել»։

«15-18 տարեկան դեռահասների հետ աշխատելու համար միայն լավ մանկավարժ, լավ քիմիկոս, ֆիզիկոս լինելը քիչ է, դու պետք է նաև լինես շատ լավ հոգեբան։ Որպեսզի երեխաներին կարողանաս առարկան հասանելի դարձնել, նախ պետք է իրենց հետ լեզու գտնես։ Ուստի, ես ոչ թե կարևորում եմ, այլ չափից շատ եմ կարևորում այս վերապատրաստումները։ Ափսոսում եմ, որ իմ դպրոցի բոլոր ուսուցիչները հնարավորություն չունեն մասնակցել և հուսով եմ՝ սա շարունակական բնույթ կկրի։ Նաև ուզում եմ նշել, որ արտակարգ թեմաներ են ընդգրկված, որոնք անհրաժեշտ են, ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին։
Մենք պետք է սովորենք կյանքը, հետո առարկան, որպեսզի կարողանանք կյանքում ճիշտ օգտագործել այդ առարկան։ Այսօրվա ժամանակի պահանջն է՝ կյանքի հմտությունները դպրոցական ուսուցման մեջ ներառել։ Միայն այսպես կդաստիարակենք/ կմեծացնենք առողջ երեխա, առողջ երիտասարդ, առողջ մեծահասակ, և ի վերջո, առողջ հասարակություն»։