Երիտասարդական աշխատողներն ավարտել են Հայաստանի երիտասարդական ծառայությունների ամրապնդմանն ուղղված վերապատրաստման ազգային ծրագիրը

27 Նոյեմբեր 2026
Youth Workers Complete National Training Programme to Strengthen Youth Services Across Armenia
UNICEF Armenia/2026/Galstyan

Երևան, 27 նոյեմբերի 2026թ. – Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող և համայնքային մասնագետ հաջողությամբ ավարտել է «Երիտասարդական աշխատողների վերապատրաստման» ծրագիրը, որը մշակվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։  Վերապատրաստման ազգային ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը, մասնագիտական մակարդակն ու արդյունավետությունը Հայաստանի ողջ տարածքում։

2026 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված ծրագիրը համախմբել էր երիտասարդական կենտրոնների և տարածքների, երիտասարդական քաղաքականության իրականացման համար պատասխանատու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Վերապատրաստման նպատակն էր խթանել որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանքը ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական և անձնային կարողությունները։ Երեք փուլով իրականացված ծրագիրը համադրում էր տեսական ուսուցումը, գործնական առաջադրանքները և դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանքը։ Մասնակիցները նաև ուսումնական այցեր են կատարել Արթիկի և Ախուրյանի երիտասարդական կենտրոններ, Սառնաղբյուրի և Անի համայնքի երիտասարդական տարածքներ՝ ձեռք բերելով գործնական փորձ և ծանոթանալով երիտասարդական աշխատանքի արդյունավետ մոդելներին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը
UNICEF Armenia/2026/Galstyan

«Եվրոպական միությունը համոզված է, որ երիտասարդները Հայաստանի ամենամեծ ներուժն են։ Ներառական, ժողովրդավարական և դիմակայուն հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել ոչ միայն ենթակառուցվածքներում և հաստատություններում, այլև այն մարդկանց կարողությունների զարգացման գործում, որոնք ամեն օր անմիջականորեն աշխատում են երիտասարդների հետ։ Երիտասարդական աշխատողներն առանձնահատուկ դեր ունեն երիտասարդների հմտությունների զարգացման, ինքնավստահության ամրապնդման և նրանց համար նոր հնարավորությունների ստեղծման գործում՝ միաժամանակ նպաստելով նրանց բարեկեցությանը, սոցիալական ներառմանը և համայնքային կյանքին ակտիվ մասնակցությանը», - 

նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը։

Վկայականների հանձնման արարողության ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեսթրոնին ընդգծեց երիտասարդական աշխատողների զարգացման ուղղությամբ ներդրումների կարևորությունը՝ որպես դեռահասների զարգացման առանցքային դերակատարների։ 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեսթրոնի:
UNICEF Armenia/2026/Galstyan

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար Հայաստանում երիտասարդական աշխատանքի մասնագիտացման և ինստիտուցիոնալ ամրապնդման գործընթացի խթանումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Անհատական վերապատրաստումներից զատ, մենք գործընկերների հետ աշխատում ենք ձևավորելու այնպիսի համակարգ, որը երիտասարդական աշխատողներին կտրամադրի հստակ կարողությունների շրջանակ, մասնագիտական չափորոշիչներ, շարունակական ուսումնառության հնարավորություններ և մասնագիտական ճանաչում»։ 

 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
UNICEF Armenia/2026/Galstyan

«Երիտասարդական աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ․ այն երիտասարդների ներուժի բացահայտման և երկրի ապագայի կերտման կարևորագույն գործիքներից մեկն է։ Երիտասարդական աշխատողը պարզապես ծրագրեր իրականացնող մասնագետ չէ։ Նա այն մարդն է, որն օգնում է երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, լսելի դարձնել իրենց ձայնը և ստեղծել բովանդակալից մասնակցության հնարավորություններ։ Այսօր մեր ձեռքբերումը վերապատրաստված 50 մասնագետներն են, սակայն իրական հաջողությունն այն դրական փոփոխություններն են, որոնք նրանց աշխատանքը կբերի երիտասարդների կյանքում և մեր համայնքներում», – 

նշել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթու

Վերապատրաստման ծրագիրը շարունակությունն է Հայաստանում երիտասարդական աշխատանքի մասնագիտացմանն ուղղված ջանքերի, որոնք գործադրվում են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումից և երիտասարդական աշխատողների ու երիտասարդական կենտրոնների մասնագիտական չափորոշիչների մշակումից հետո։ 

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն աջակցել է երիտասարդական աշխատանքի մասնագիտացման գործընթացին՝ նախարարության և ծրագիրն իրականացնող կազմակերպության հետ համագործակցությամբ վերանայելով և կատարելագործելով երիտասարդական աշխատողների վերապատրաստման ուսումնական ծրագիրը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան առողջության, երիտասարդների բովանդակալից մասնակցության և ներառման թեմաներով ուսումնական մոդուլների կատարելագործմանը, որպեսզի ծրագիրն առավելագույնս արձագանքի երիտասարդների բազմազան կարիքներին և կյանքի տարբեր իրավիճակներին։ Վերանայման արդյունքում բարելավվել են վերապատրաստման ուսումնական փաթեթի որակն ու արդիականությունը՝ երիտասարդական աշխատողներին զինելով արդիական գիտելիքներով, գործնական հմտություններով և դեռահասների ու երիտասարդների բարեկեցությանը, ներգրավվածությանն ու ներառմանը նպաստող մոտեցումներով։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շարունակում են աջակցել երիտասարդական աշխատանքի առավել ամուր և կայուն համակարգի ձևավորմանը՝ ապահովելու, որ դեռահասներն ու երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու, ակտիվորեն մասնակցելու և լիարժեք զարգանալու անվտանգ, ներառական և իրենց ներուժի իրացմանը նպաստող միջավայրում։ 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am  կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: