Հոդված
Ինչ կարող է անել ծնողը երեխային օգնելու համար
Ձեզ ենք ներկայացնում մի քանի սկզբունքներ, որոնք կարևոր են դժվար իրավիճակներում երեխաներին օգնելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
- Հայերեն
- English
07 Հոկտեմբեր 2020
- Շրջապատել երեխային անվերապահ սիրով, ուշադրությամբ և հոգատարությամբ:
- Ուշադրություն դարձնել երեխայի օրվա ռեժիմի հստակ կազմակերպմանը: Արտակարգ իրավիճակներում հաճախ խարխլվում է երեխայի կայունության, աշխարհի հանդեպ վստահության զգացումը, մեծանում անորոշությունը: Ուստի երեխային հարաբերական կայունության զգացումով ապահովելու համար ծնողները պետք է փորձեն հնարավորինս պահպանել առօրյա սովորական ռեժիմը (օրինակ՝ քնի, սննդի, սովորելու, հանգստի ժամեր և այլն) Այնպես կազմակերպել երեխայի առօրյան, որ նա ունենա նաև ֆիզիկական ակտիվության, ակտիվ խաղերի հնարավորություն:
- Երեխային տալ հստակ դերեր ու պարտականություններ, որոնց շուրջ նա կունենա զբաղվածություն օրվա ընթացքում: Օրինակ՝ սրբել փոշին, ջրել ծաղիկները, կերակրել շանը և այլն:
- Կազմակերպել երեխայի անվտանգ շփումը հասակակիցների հետ(օրինակ՝ առցանց, հեռախոսով և այլն):
- Վերահսկել երեխային տրվող տեղեկատվական հոսքի ծավալն ու բովանդակությունը: Ընդ որում կարևոր է հաշվի առնել, որ երեխան ընկալում է ոչ միայն անմիջականորեն իրեն հաղորդվող տեղեկույթը, այլև այն ամենն, ինչ խոսվում է շրջապատում:
- Երեխայի իրավիճակային պատկերացումներն ու անհանգստությունները հասկանալու համար կարելի է խոսել նրա հետ, իսկ փոքրիկների դեպքում՝ կիրառել խաղային, նկարչական մեթոդներ: Օրինակ՝ կորոնավիրուսի (COVID-19) դեպքում սիրելի խաղալիքին դիմակ ենք հագցնում, հարցեր տալիս խաղալիքին ու խնդրում երեխային պատասխանել խաղալիքի անունից: Նույնը կարող ենք անել նկարելու կամ ծեփելու միջոցով: Այս մեթոդների օգնությամբ մենք ոչ միայն կարող ենք կարևոր տեղեկություն ստանալ մեր երեխայի հոգեկան վիճակի, անհանգստությունների ու մտքերի մասին, այլև օգնել նրան ավելի լավ հասկանալ սեփական մտքերն ու արտահայտել հույզերը:
- Սովորեցնել երեխային նոր իրավիճակում հոգ տանել իր և շրջապատի մասին: Օրինակ՝ սովորեցնել երեխային կորոնավիրուսի (COVID-19) դեպքում՝ վարակից պաշտպանվելու, ռազմական գործողությունների դեպքում՝ սեփական ու այլոց անվտանգությունն ապահովելու քայլերը և այլն: Այսպիսով՝ կարևոր է երեխայի հետ քննարկել ստեղծված նոր իրականությունը և նրան տալ տեղեկություն այն մասին, թե ինչպես պաշտպանի իրեն ու իր միջավայրը:
- Ունենալ ընտանեկան ավանդույթներ, համատեղ ժամանցի պահեր (օրինակ՝ ընթերցել երեխայի համար, ընտանիքով խաղալ սեղանի խաղեր և այլն):
Ինչ կարող է անել ծնողը երեխային օգնելու համար