Ինչպես ավելի անվտանգ օգտվել համացանցից․ խորհուրդներ երիտասարդներից
Համացանցի հետ կապված ամենաակտուալ հարցերին պատասխանում են Գյումրիից 13-18 տարեկան երիտասարդները:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Յուրաքանչյուր տարի Անվտանգ համացանցի օրվա կապակցությամբ փետրվարի 9-ի շաբաթվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը թեմայի վերաբերյալ մի շարք նյութեր է ստեղծում երիտասարդների համար, որոնք լի են մասնագետների կամ սոցիալական մեդիա ընկերությունների կողմից առանձնացված խորհուրդներով և գործիքներով։ Նպատակը մեկն է՝ համացանցն ավելի անվտանգ դարձնել երեխաների և երիտասարդների համար՝ աջակցելով և խրախուսելով նրանց պահպանել համացանցում անվտանգության կանոնները։
Բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կարևոր է լսել ոչ միայն մասնագետներին, այլև երիտասարդներին և հենց առաջին ձեռքից իմանալ, թե ինչն են կարևորում երիտասարդները, ինչպես են իրենք պաշտպանվում համացանցում, և թե արդյոք ողջունում են ծնողների կողմից նրանց առցանց գործունեության վերահսկողությունը։
Ահա թե ինչպես են պատասխանել համացանցի վերաբերյալ ակտուալ հարցերին մեր երիտասարդները․
Հարց 1. Ինչպես ես սովորաբար քեզ զգում առցանց: Անվտա՞նգ, թե՞ ոչ այդքան:
«Անվտանգ չեմ զգում, քանի որ անընդհատ հայտնվում են գովազդներ կասկածելի կայքերից»: Ալլա, 16տ
«Ապահով և անվտանգ, քանի որ սոցիալական ցանցի մասին բավականին տեղեկացված եմ, և իմ տվյալները փակ են այն կայքերում, որտեղ գրանցված եմ»: Տաթևիկ, 18տ
«Ոչ այդքան ապահով, քանի որ ներկա ժամանակներում համացանցից օգտվելը դարձել է վտանգավոր։ Չգիտես՝ ինչ իրավիճակում կհայտնվես հանկարծ: Մեր օրերում պարբերաբար տարածվում են համացանցային վիրուսներ, որոնք վնասում են ոչ միայն համակարգիչը, այլ նաև թիրախում են անձնական տվյալները»: Սաշիկ, 14 տ
«Առցանց հարթակում ինձ զգում եմ անվտանգ, քանի որ գիտեմ մեդիագրագիտության կանոնները և փորձում եմ հետևել դրանց: Անձնական էջերս ունեն հատուկ պաշտպանություն, հետևում եմ հիմնականում միայն պաշտոնական լրատվամիջոցներին, փորձում եմ զերծ մնալ կասկածելի կայքերից և անծանոթների հետ նամակագրությունից»: Էմիլյա, 16 տ
«Ոչ այդքան անվտանգ, քանի որ հեռախոսով եմ մտնում սոցիալական ցանցեր, որտեղ իմ էջերը բաց են: Բացի այդ էլ՝ սոցցանցերում առկա ընկերներից շատերի էջերը պաշտոնական չեն»։ Արթուր, 17 տ
Հարց 2․ Որքա՞ն հաճախ ես անհանգստություն զգում անդադար առցանց լինելիս։
«Օգտագործելիս չեմ հուզվում, բայց հետո հուզվում եմ՝ հասկանալով, որ ժամանակս այդքան էլ էֆեկտիվ չեմ օգտագործել»։ Ռաֆիկ, 13 տ
«Կարանտինային և պատերազմական շրջանում բոլորիս կյանքը ավելի շատ կենտրոնացված էր համացանցում։ Սթրես և խուճապ առաջացնող ինֆորմացիան ավելի քան շատ էր, իսկ զերծ մնալը կամ պաշտպանվելը 2 անգամ ավելի դժվար: Մեր առօրյայի մեծ մասն առցանց է անցնում: Դրա համար մենք պետք է ընտրենք այն կոնտենտը, որը մեզ ավելի դուրեկան է և անվտանգ»։ Էմիլյա, 16 տ
Հարց 3․ Դու ինչպե՞ս ես քեզ պաշտպանում համացանցում: Մի խորհուրդ կտա՞ս մեզ և ընկերներիդ:
«Հիմնականում փակում եմ անձնական տվյալները։ Խորհուրդ եմ տալիս դրանք հասանելի չդարձնել բոլորի համար։ Փակել կարևոր տեղեկությունները (հասցե, հեռախոսահամար, որոշ նկարներ) և այն ամենը, ինչը կուզեիք որպեսզի հասանելի չլինի անծանոթներին»։ Տաթևիկ, 18տ
«Չեմ բացում տարբեր գովազդներ»։ Վիկտորյա, 15 տ
«Սոցիալական հարթակներում տեղեկությունների բաժնում անձնական տվյալները հասանելի չեմ դարձնում և չեմ տրամադրում այլ մարդկանց, երբեմն անգամ ընկերներիս: Տեղեկություններ փնտրելիս օգտվում եմ վստահելի պաշտոնական կայքերից»։ Սաշիկ, 14 տ
«Չեմ բացում տարօրինակ կամ անհայտ հղումները, օգտագործում եմ միայն վստահելի ծրագրեր, ուշադրություն չեմ դարձնում տարօրինակ կամ անծանոթներից ստացած նամակներին»։ Ռաֆիկ,13 տ
«Սոցցանցերում ստեղծում եմ երկար գաղտնաբառեր և չեմ հրապարակում իմ կոնտակտային տվյալները»: Հարություն, 14 տ
«Խորհուրդ կտամ բոլորին օգտվել համացանցից ինչ-որ բան սովորելու համար ու փորձել ավելի շատ ժամանակ անցկացնել համացանցից դուրս: Իսկ առցանց գտնվելիս, խստիվ պահպանել մեդիագրագիտության կանոնները»: Անի, 16 տ
Հարց 4․ Պե՞տք է արդյոք ծնողները վերահսկեն երեխաների առցանց կյանքը: Եթե ինքդ ծնող լինեիր, ինչպե՞ս կվերահսկեիր երեխայիդ գործողությունները համացանցում։
«Այո, հատկապես դեռահասության շրջանում կարևոր է, քանի որ ավելի լավ է անվտանգ լինել՝ հաշվի առնելով համացանցում տարածում գտած ներկայիս խաղերի վտանգավոր լինելը և ինքնասպանության դեպքերի աճը: Եթե ինքս ծնող լինեի, կվերահսկեի երեխայիս գործողությունները, բայց ոչ նկատելի ձևով, որպեսզի չսահմանափակեմ նրան»: Տաթևիկ, 18տ
«Պետք է ուշադիր լինեն, թե ինչ է անում երեխան համացանցում, բայց չի կարելի անընդհատ ստուգել երեխայի հեռախոսը, որովհետև դա արդեն կլինի անձնական կյանքի իրավունքի ոտնահարում։ Ես չէի զրկի երեխայիս համացանց մտնելու իրավունքից, այլ նրան խորհուրդներ կտայի, թե ինչպես զգույշ լինել համացանցային հանցագործներից»։ Ռաֆիկ, 13 տ
«Կարծում եմ, որ ծնողները պետք է վերահսկեն երեխայի առցանց կյանքը վտանգավոր նյութերից պաշտպանելու համար՝ չմոռանալով, որ համացանցը անձնական տարածք է: Եթե ես ծնող լինեի կբացատրեի երեխայիս, թե ինչ չի կարելի անել համացանցում, կտեղեկանայի իր անձնական էջերի մասին, կփորձեի սահմանափակել կասկածելի կայքերից օգտվելը»: Էմիլյա, 16 տ
«Զրույցների միջոցով կբացատրեի անվտանգության կանոնները և հետագա հնարավոր վտանգները»: Բագրատ, 17 տ
«Ժամանակ առ ժամանակ կարելի է վերահսկել, հետաքրքրվել, թե ինչ կայքերից և խաղերից է երեխան օգտվում: Բայց ժամանակ առ ժամանակ»։ Սաշիկ, 14 տ
Երիտասարդների հետ այս քննարկման արդյունքում պարզվեց, որ մեդիագրագիտությունը նրանց օգնել է համացանցում ավելի անվտանգ վարք դրսևորել։ Ավելին, նրանցից շատերը համաձայնվեցին, որ ծնողները պետք է հետևեն իրենց երեխաներին առցանց կյանքում և խորհուրդներով օգնեն երեխաներին համացանց մուտք գործելիս։ Ավելին պետք է անենք, որպեսզի բոլոր երեխաները և երիտասարդները համացանցից անվտանգ օգտվելու կանոններն իմանան։
Եկե՛ք շարունակենք բարելավել թվային միջավայրում պաշտպանվելու մեր հմտությունները՝ կարդալով հաջորդ հոդվածը՝ «10 պարզ կանոն, որոնք կօգնեն ձեզ համացանցում ավելի անվտանգ լինել» հոդվածը։