Նոր իրականություն` նոր կանոններ էկրանի առջև անցկացրած ժամանակի վերաբերյալ

Ինչպես կարող են ընտանիքներն արդյունավետ օգտագործել էկրաններն ու հավասարակշռել էկրանի առջև անցկացրած ժամանակը այլ օգտակարի հետ

Դանիել Քարդեֆելթ Ուինթեր և Ժասմինա Բըրն
Դավիթը Զումով մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
21 Օգոստոս 2020

Այսօր աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ տեղաշարժի սահմանափակման դրության մեջ է, իսկ սովորողների ավելի քան 90%-ը՝ կրթությունից զրկված։ Տարօրինակ չէ, որ երեխաների և նրանց ծնողների մեծ մասը արտաքին աշխարհի հետ առնչվում են էկրանների միջոցով և շնորհիվ, որոնց օգտագործումը ծնողները ժամանակին արգելում էին կամ հնարավորինս սահամանափակում։

Եկել է ժամանակը ընդունելու, որ համացանցը շատ կարևոր գործիք է, որի շնորհիվ երեխաները սովորում են, խաղում, շփվում ընկերների հետ ու դուրս գալիս արտաքին աշխարհ։ Կարճ ասած՝ համացանցից նրանք շա՜տ բան կարող են սովորել։

Բայց այս «թռիչքը» դեպի թվային աշխարհ կարող է շատ անհանգստացնել և նույնիսկ ընկճախտի մեջ գցել այն ծնողներին, ովքեր մինչև համավարակը հնարավորինս կրճատում էին երեխաների առցանց անցկացրած ժամանակը։

Իսկ ինչպե՞ս կարող են երեխաները և իրենց ընտանիքներն ավելին քաղել թվային աշխարհից և հավասարակշռություն գտնել թվային աշխարհում անցկացրած ժամանակի և այլ օգտակար ու կարևոր գործերի միջև։

Էկրանի առջև անցկացրած ժամանակը և խաղի ժամանակը համավարակի օրերին

Սոցիալական մեդիան և խաղերը հնարավորություն են տալիս իրական կյանքից ժամանակավորապես փախչել և ապահովել այդքան կարևոր սոցիալական ներգրավվածությունը։

Թվային խաղերի ցանցերը, օրինակ՝ Steam-ը, փաստում է, որ վերջին շաբաթներին կտրուկ աճել է հարթակից օգտվող օրական օգտատերերի թիվը։ Մարտի սկզբից մինչ ապրիլի սկիզբ հարթակի օգտատերերի թիվն աճել է 19 միլիոնից մինչ ռեկորդային՝ 23,5 միլիոն։ Հատկապես տարածված են Animal Crossing series or Minecraft խաղերը, որոնց շնորհիվ օգտատերերը կարող են միայնակ կամ ընկերների հետ միասին նոր աշխարհ կառուցել։

Աղջնակը նստած է իր անկողնու վրա՝ գրկին դրված է համակարգիչ և նա ամբողջովին ընկղմված է համակարգչի մեջ։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan

Խոսենք վտանգների մասին

Վերջերս հրապարակված հետազոտությունը փաստում է, որ էկրանները միայն փոքր ազդեցություն են թողնում երեխայի հոգեկան առողջության և բարեկեցության վրա։ Ծնողների աջակցությունը, ընտանեկան հարաբերությունները կամ մանկության տարիներին տեղի ունեցած վատ փորձառություններն ավելի մեծ ազդեցություն են թողնում երեխայի վրա, քան էկրանները։ Այս հետազոտությունը մեծածավալ հարցումներ է ներառում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ապրող ավելի քան 350 000 երեխաների հետ, այդ թվում՝Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և ԱՄՆ-ում։

Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր՝ «Մեծանալով թվային աշխարհում» զեկույցը պնդում է, որ երեխաների մի փոքր խումբ թվային տեխնոլոգիաներից օգտվելիս անխուսափելիորեն բախվելու է անբարենպաստ փորձառության, սակայն դա ուղղակիորեն կապված չէ առցանց անցկացրած ժամանակի հետ։ Այսինքն՝ խնդիրը ոչ այդքան ժամանակն է, որքան՝ ինչ են անում նրանք համացանցում, ինչ բովանդակություն են կարդում և դիտում, ինչ միջավայրում են ապրում և ում կարող են դիմել, երբ խնդիր ծագի։

Էկրաններին նաև մեղադրում են երեխաների՝ ֆիզիկապես պասիվ լինելու մեջ, ինչը գլոբալ առումով մահացության առաջնային գործոններից մեկն է, և որը նաև նպաստում է մանկական գիրության մակարդակի բարձրացմանը։ Ոմանք պնդում են, որ էկրանից օգտվելու ժամանակը սահմանափակելը երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստելու տարբերակներից մեկն է։ Բայց հետազոտությունը սա չի փաստում։ Երբ բոլորը այսօր փակված են տանը, հակառակը կարծես ավելի ճիշտ է․ ակտիվ վիդեո խաղերը կամ մարմնամարզությունը կարող են օգնել նրանց ֆիզիկապես ավելի ակտիվ լինել։

Բայց չմոռանանք հավասարակշռելու կարևորության մասին։ Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք օգնել յուրաքանչյուր երեխային գտնել ոսկե միջինը թե՛ համավարակի ժամանակ և թե՛ համավարակից հետո։

Երկու եղբայրներ պարում են՝ էկրանին դրված խաղին նայելով։
UNICEF/UNI314054/Klincarov

Ահա մի քանի նկատառում, որոնք պետք է հաշվի առնել

  • Ընկերների հետ կապի մեջ լինելը կարևոր է։ Այս արտասովոր ժամանակներում, երբ ամեն ինչ անորոշ է ու անկանոն, երեխաների համար շատ կարևոր է շարունակել խաղալ և շփվել ընկերների հետ։ Վիդեո խաղերը, տեսախաղերը և սոցիալական մեդիան կարող են արժեքավոր լինել երեխաների համար՝ առաջարկելով կապի մեջ լինելու հնարավորություն այն դեպքերում, երբ նվազել են սոցիալական շփումները, երբ այլ ժամանցի տարբերակ չկա, երբ ամեն-ինչ սահմանափակ է, և անհանգստությունն ու վախերը ցրող այլ գործիք չկա։
  • Ակտիվ ներգրավվածություն և ծնողների վերահսկողություն։ Ծնողները կարող են վերահսկել երեխաների առցանց գործողությունները՝ սահմանափակելով նրանց որոշ գործողություններ։ Երեխաների հետ պետք է խոսել, պետք է հասկանալ, թե ինչ են նրանք անում առցանց, համոզվել, որ նրանք իրենց տարիքին համապատասխան խաղեր են խաղում, հետևել նրանց տրամադրությանն ու էմոցիաներին խաղալու ժամանակ և այլն։ Երեխայի հետ միասին վիդեոխաղ խաղալով, օրինակ, կարող եք հետևել նրա առցանց վարքին ու ապահովել, որ նա անվտանգ լինի։ Այդպես նաև շատ դրական էմոցիաներ կստանաք։
  • Ֆիզիկական ակտիվություն՝ էկրանների առջև։ Հաշվի՛ առեք , որ համավարակի օրերին շատ երեխաներ ֆիզիկապես այնքան ակտիվ չեն լինելու, որքան նախկինում էին՝ մինչև համավարակը։ Եթե ուսումը, խաղը և շփումը այսօր հնարավոր է ապահովել միայն էկրանների միջոցով, ուրեմն՝ մենք երեխաներին ակտիվ պահելու նոր ուղիներ պետք է գտնենք։ ԱՀԿ-ն օրինակ առաջարկում է տանը մնալ և այս խաղերի ու վարժությունների միջոցով շարունակել ակտիվ մնալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն, իր հերթին, մշակել է տարբեր խաղեր, որոնք կօգնեն տանը լավ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ #LearningAtHome / #ՏանըՀավեսԷ արշավի էջում երեխաների համար մի շարք զարգացնող խաղեր կգտնեք։

Ինչպես ցույց տվեց կորոնավիրուսը, մենք շարունակաբար ավելի ու ավելի շատ ենք հիմնվում թվային տեխնոլոգիաների վրա, չէ՞ որ այն մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակն է։

Ուրեմն, երեխաների կողմից այս սարքավորումներն օգտագործելու ձևը և ժամանակը վերանայելու ճիշտ պահն է, քանի որ շատ հաճախ մենք հակված ենք վախենալ այն ամենից, ինչ անսովոր է ու անծանոթ։ Ու սա նաև այն պահն է, որ ծնողները կարող են օգտագործել՝ ավելի մոտիկից ծանոթանալու իրենց երեխաների թե՛ թվային թե՛ իրական աշխարհներին։