10 պարզ կանոն, որոնք կօգնեն ձեզ համացանցում ավելի անվտանգ լինել
Համացանցում անվտանգ լինելու խորհուրդներ միջին և ավագ դասարանցիների համար։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
- Բարձրաձայնի՛ր խնդիրը։ Եթե քեզ ապահով չես զգում, և ինչ-որ բան է պատահել համացանցում, անհապաղ խոսի՛ր վստահելի մեծահասակի հետ։ Եթե դա աշխատող տարբերակ չէ, ապա կարող ես դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ զանգահարելով 116 թեժ գծին կամ խորհրդատվություն ստանալու համար՝ նամակ գրելով պաշտպանի գրասենյակ: Ծանոթացի՛ր Մարդու իրավունքների պաշտպանի երեխաների համար նախատեսված կայքէջին։
- Սոցիալական մեդիայի հարթակներում հարգի՛ր մյուս մարդկանց տեսակետը՝ նույնիսկ այն դեպքում, եթե համաձայն չես նրանց հետ։
- Դու անձնական կյանքի իրավունք ունես։ Մյուսներն էլ ունեն։ Մյուս մարդկանց կյանք ներխուժելը կամ նրանց հեռախոսով իրենց էջերը մտնելը, մեղմ ասած, լավ բան չէ։
- Մի՛ բամբասիր կամ ամոթալի և վիրավորող նկարներ ու պատմություններ մի՛ տարածիր սոցիալական մեդիայի հարթակներում։ Հնարավոր է՝ կատակը քեզ անվնաս թվա, բայց խորը վիրավորի դիմացինիդ։ Մենք բոլորս էլ արժանապատվություն ունենք և պետք է հարգված լինենք։
- Երկու անգամ մտածի՛ր մինչ «ուղարկել» կոճակը սեղմելը․սա հատկապես այն դեպքերում, եթե ջղային ես ու վրդովված։ Եթե նկարը կամ տեսանյութն արդեն տարածել ես, ապա դժվար է կռահել, թե ով այն կտեսնի ու ինչպես կարձագանքի դրան։ Այն համացանցից ջնջելը գրեթե անհնար է, քանի որ հնարավոր է մեկն արդեն նկարել ու պահպանել է այն։
- Եթե սոցիալական մեդիայի հարթակներում որևէ բան ես կարդացել կամ տեսել, որից վրդովվել ես կամ վիրավորվել, ապա կարող ես զեկուցել (report it) դրա մասին։ Սոցիալական մեդիայի շատ հարթակներում կարող ես զեկուցել առանձին գրառման կամ նկարի մասին, եթե այն հակասում է նաև հարթակի ընդհանուր կանոններին։ Շատ հարթակներ էլ հնարավորություն են տալիս քեզ արգելափակել (block) անձանց, եթե չես ցանկանում տեսնել նրանց գրառումները։ Ի դեպ, նրանք նաև չեն կարողանա քեզ նամակներ գրել։ Ավելին կարող ես իմանալ «Ի՞նչ պետք է դեռահասները իմանան կիբերբուլիինգի մասին» հոդվածից։
- Սոցիալական հարթակներում կարող ես նաև փոխել անձնական կարգավորումները, ինչի շնորհիվ կկարողանաս վերահսկել, թե ով կտեսնի տարածածդ գրառումները, նկարները և տեսանյութերը։ Լա՛վ մտածիր, թե ինչ և ում ես ուղարկում։ Գուցե ակնհայտ բան ենք շեշտադրում, բայց հիշի՛ր և մի՛ տարածիր անձնական տեղեկատվություն՝ բնակությանդ հասցեն, հեռախոսահամարդ, բանկային տվյալներ և այլն։ Եթե քո էջում կարգավորումներ սահմանված չեն, ապա բոլորը կարող են տեսնել և կարդալ այն ամենը, ինչ տարածում ես։
- Նոր ընկերներ ձեռք բերելը հրաշալի է, սակայն մինչ ընկերության առաջարկը ընդունելը, լավ զննի՛ր այդ անձի էջը, փորձիր հասկանալ, թե նա ով է ։ Արդյո՞ք ընդհանուր ընկերներ ունեք։ Նույն քաղաքու՞մ եք ապրում։ Ճնշման տակ անծանոթից ընկերության առաջարկ մի՛ ընդունիր։ Եթե այդ անձը վստահելի չի թվում կամ անգամ մի քիչ կասկածում ես, ապա ստուգի՛ր սոցիալական մեդիայի էջերիդ կարգավորումները և այնպես արա՛, որ այդ անձը քո անձնական տեղեկատվությունը չտեսնի։ Հիշիր, որ հատկապես համացանցում, մարդիկ իրենց այնպիսին չեն ներկայացնում, ինչպիսին կան, և ավելի դժվար է կռահել՝ ստո՞ւմ են նրանք, թե՞ ոչ։
- Զգուշացի՛ր համացանցով ստացվող աշխատանքի առաջարկներից։ Դու դիմե՞լ ես որևէ թափուր հաստիքի համար կամ որևէ մեկին դիմե՞լ ես այս պատրվակով։ Եթե ոչ, ապա պետք է շատ զգույշ լինել։ Նախապես տվյալներ հավաքի՛ր այդ ընկերության մասին։ Խորհուրդ ենք տալիս՝ միայնակ չգնալ հարցազրույցի։ Փոխարենը՝ վստահելի որևէ մեծահասակի խնդրիր, որ ուղեկցի քեզ։
- Վստահի՛ր ինտուիցիայիդ։Եթե զգում ես, որ մի բան այն չէ համացանցում և անվտանգ չես, ապա վստահի՛ր ինտուիցիայիդ և դիմի՛ր վստահելի մեծահասակի կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զանգահարելով 116 թեժ գծին կամ խորհրդատվություն ստանալու համար՝ նամակ գրելով պաշտպանի գրասենյակին։ Համացանցում անախորժություններից խուսափելու համար նաև ծանոթացի՛ր անձնական տվյալների գաղափարին և թե որ դեպքերում կարող ես դիմել ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Ուսումնասիրի՛ր «Զգո՛ւյշ երեխաներ են» գրքույկն ու ստուգի՛ր գիտելիքներդ գրքույկի թեսթի միջոցով:
Եթե սովորական աշխարհում վտանգները շատ են, ապա թվային աշխարհում դրանք հազարապատիկ են, քանի որ թվային աշխարհը անսահման է ու հասանելի բոլորին։ Եվ ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ՝ թվային աշխարհում պետք է ամեն ինչ անել պաշտպանվելու համար։ Կարդացե՛ք նաև Բեյբիսեֆ-ի հոդվածը։