Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունն առցանց տիրույթում

Ձեր երեխայի առցանց գործունեությունը դրական և ապահով դարձնելու 5 միջոց

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Դեռահաս աղջնակը աշխատում է համակարգչով՝ նստած իր սենյակում գրասեղանի մոտ։ Սեղանին դրված հայելիում երևում է նրա սիրունատես դեմքը։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan
09 Փետրվար 2021

Եթե ձեր ընտանիքը կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) բռնկման ժամանակահատվածում մնացել է տանը, ապա, հավանական է՝ որ երեխաները զգալիորեն ավելի շատ ժամանակ են անցկացնում առցանց տիրույթում: Դասեր, ընկերների ու տատիկ-պապիկների հետ զրույցներ, մինչև անգամ՝ ժամանցի որոշ տեսակներ տեղափոխվել են առցանց տիրույթ:

Կապի մեջ լինելը օգնում է երեխաներին ու դեռահասներին՝ նվազեցնել այս նոր (ժամանակավոր) իրողությունների ազդեցությունը և շարունակել կրթվել և ստեղծագործել: Սակայն, ծնողների համար այս ամենը նոր մարտահրավերներ է ստեղծում: Ինչպե՞ս առավելագույնս օգտվել ինտերնետի հնարավորություններից՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր վնասը: Դա դժվար է անգամ սովորական պայմաններում, ՔՈՎԻԴ-19-ի նման առողջապահական ճգնաժամերի դեպքում՝ առավել ևս:

Առցանց տիրույթում երեխաների անվտանգությունն ապահովելու 5 գործուն միջոց.

 

1. Ապահովեք նրա անվտանգությունը՝ անկեղծ զրույցի միջոցով

Անկեղծ խոսեք երեխայի հետ այն մասին, թե ում հետ և ինչպես կարող է շփվել: Համոզվեք, որ նա հասկանում է բարյացակամ և աջակցող շփումների կարևորությունը, և որ չարամիտ, խտրական և անպատշաճ շփումները երբևէ ընդունելի չեն: Եթե երեխան առերեսվել է դրանցից որևէ մեկին, ապա հորդորեք, որ այդ մասին պատմի ձեզ կամ իր համար վստահելի մեկ ուրիշ մեծահասակի: Զգոն եղեք և ուշադրություն դարձրեք, եթե երեխան ընկճվում կամ ինքնամփոփ է դառնում առցանց զբաղմունքների կամ պատահածի արդյունքում, կամ, եթե ենթարկվել է կիբերբուլիինգի: Միասին սահմանեք համապատասխան սարքերից օգտվելու կանոններ. երբ, ինչպես, որքան ժամանակ երեխան կարող է անցկացնել առցանց հարթակներում:

 

2. Պաշտպանեք նրան տեխնոլոգիաների միջոցով

Ստուգեք, թե որքանով է երեխայի համապատասխան սարքը համալրված ամենավերջին ծրագրային ապահովմամբ և հակավիրուսային ծրագրերով: Հավաստիացեք նաև, որ գաղտնիության պաշտպանիչ կարգավորումները միացված են: Ծածկեք վեբ-տեսախցիկները, երբ դրանցից չեք օգտվում: Ավելի փոքր տարիքի երեխաների դեպքում, այնպիսի գործիքները, ինչպիսիք են՝ ծնողական հսկողության ծրագրերը, այդ թվում՝ ապահով որոնումները, կարող են օգնել համացանցային գործունեությունը դրական դարձնելու գործում:

Զգուշացեք առցանց անվճար կրթական աղբյուրներից: Երեխան երբևէ չպետք է իր լուսանկարը կամ ամբողջական անուն-ազգանունը տրամադրի՝ այդ աղբյուրներից օգտվելու համար: Չմոռանաք ստուգել գաղտնիության պաշտպանիչ կարգավորումները՝ տվյալների հավաքագրման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար: Երեխային սովորեցրեք անձնական տեղեկատվությունը գաղտնի պահել, առավել ևս՝ չտրամադրել անծանոթներին:

Աղջիկը, համակարգչի առջև նստած, մասնակցում է առցանց դասերին։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan

3. Նրա հետ ժամանակ անցկացրեք թվային աշխարհում

Ձեր երեխայի համար ստեղծեք ընկերների, ընտանիքի և անձամբ ձեզ հետ առցանց շփվելու ապահով և դրական հնարավորություններ: Ուրիշների հետ կապը պահպանելը առավել, քան երբևէ, կարևորվում է այս ժամանակներում, և դա կարող է ձեզ համար հիանալի հնարավորություն լինել՝ «վիրտուալ շփումներում» բարություն և սրտացավություն դրսևորելու լավ օրինակ ծառայել:

Օգնեք երեխային՝ ճանաչել ապատեղեկատվությունն ու տարիքին ոչ հարիր նյութերը և խուսափել դրանցից. դրանք կարող են է՛լ ավելի խորացնել ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սթրեսը: Ձեզ և ձեր երեխայի համար հասանելի են հեղինակավոր այնպիսի կազմակերպությունների թվային աղբյուրներ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը. դրանք կօգնեն վարակի մասին ստույգ տեղեկություններ ստանալ:

Ձեր երեխայի հետ միասին որոնեք և գտեք նրա տարիքին համապատասխան հավելվածներ, խաղեր, առցանց ժամանցի այլ հնարավորություններ:

>> Ինչպես ձեր երեխայի հետ խոսել կորոնավիրուսի մասին

 

4. Խրախուսեք առցանց տիրույթում դրսևորվող առողջ սովորությունները

Խթանեք և հսկեք առցանց և տեսազանգերի ժամանակ երեխաների պատշաճ վարքը: Քաջալերեք, որ երեխան բարի և հարգալից լինի դասընկերների հետ, հաշվի առնի, թե ինչ հագուստ պետք է կրի, և տեսազանգերին չմիանա, օրինակ՝ իր ննջարանից:

Ծանոթացեք դպրոցական ուղեցույցներին և օգնության հեռախոսահամարներին՝ կիբերբուլիինգի կամ ոչ պատշաճ առցանց նյութերի մասին հայտնելու համար:

Քանի որ երեխաները առցանց տիրույթում ավելի շատ ժամանակ են անցկացնում, նրանք կարող են ավելի շատ տեսնել այնպիսի գովազդներ, որոնցում գովազդվում են անառողջ սնունդ, գենդերային կարծրատիպեր կամ տարիքին ոչ հարիր նյութեր: Օգնեք նրանց՝ տարբերակել առցանց գովազդները և հնարավորությունից օգտվելով՝ նրանց հետ քննարկեք այդ պահին էկրանին հայտնված բացասական որոշ հաղորդագրությունների վատ կողմերը:

>> Ինչ անել կիբերբուլիինգի երևույթների ժամանակ

 

5. Թույլ տվեք զվարճանալ և ինքնադրսևորվել

Տանը ժամանակ անցկացնելը կարող է հիանալի հնարավորություն լինել երեխայի համար՝ սեփական տեսակետն արտահայտելու և ճգնաժամի ընթացքում աջակցության կարիք ունեցողներին օգնելու առումով:

Խրախուսեք երեխային՝ օգտվելու թվային գործիքների ընձեռած հնարավորություններից, որոնք նրան ստիպում են շարժվել, օրինակ՝ երեխաների համար նախատեսված առցանց մարմնամարզության տեսանյութերը և տեսախաղերը, որոնք ֆիզիկական ակտիվություն են ենթադրում:

Չմոռանաք առցանց գործունեությունը հնարավորինս հավասարակշռել իրական գործունեությամբ, այդ թվում՝ դրսում զբոսանքներով: