Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանում COVID-19 պատվաստումների մասին

ՈՉ ՈՔ պաշտպանված չէ, քանի դեռ ԲՈԼՈՐԸ պաշտպանված չեն:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
On 24 February 2021, an employee holds a COVID-19 vaccine vial produced for the COVAX facility at a manufacturer in Pune, a city located in the western Indian state of Maharashtra.
UNICEF/UN0421707/COVAX/Dhiraj Singh
08 Ապրիլ 2021

COVID-19- ի դեմ պատվաստումը մարդկության պատմության ամենազանգվածային նախաձեռնություններից է: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ ապահով չեն բոլո՛րը:

Ահա թե ինչու ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջ աշխարհում համագործակցում է ԱՀԿ-ի, գործընկերների և կառավարությունների հետ՝ COVAX- ի միջոցով, որն առավելագույն ջանքեր է գործադրում COVID-19 պատվաստանյութերն առավել կարիքավորներին հասցնելու համար, անկախ նրանից թե աշխարհի որ կենտում են նրանք ապրում: COVAX-ի նպատակն է  2021թ.-ին COVID-19 պատվաստանյութի  2 միլիարդ դեղաչափ անվտանգ, արդյունավետ և մատչելի հասանելի դարձնել նրանց համար, ում դրանք առավել անհրաժեշտ են: Որպես COVAX- ի մաս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորում է COVID-19 պատվաստանյութերի գնումն ու առաքումը՝ հիմնվելով՝ աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը լինելու, տասնամյակների փորձի վրա:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, USAID- ի ֆինանսավորմամբ, աջակցում է առողջապահության համակարգի ամրապնդմանը՝ բուժհաստատություններին ապահովելով կենսական անհրաժեշտության սարքավորումներով և պարագաներով, բուժաշխատողներին վերապատրաստելով,  խնամատարներին զինելով COVID-19- ի վերաբերյալ գիտահեն տեղեկատվությամբ: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաջակցի Առողջապահության նախարարությանը` COVID-19 պատվաստանյութերի պապանման համար անհրաժեշտ սառը շղթայի/համակարգերի արդիականացման և առաջնային գծի առողջապահության մասնագետների վերապատրաստման գործում:

 

  1. Հայաստանն ինչպես/որտեղից է ստանում ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստանյութերը։

  2. Հայաստանում ե՞րբ կսկսվեն պատվաստվել ՔՈՎՒԴ-ի դեմ։

  3. Մեր երկրում ո՞ր պատվաստանյութերն են հասանելի լինելու, ինչու՞ դրանք։

  4. Առաջինն ո՞վքեր են պատվաստվելու, ինչու՞։

  5. Պատվաստանյութերը անվճա՞ր են լինելու։ Այլ մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴ-ի դեմ, պատվաստանյութ հասանելի կլինի՞։

  6. Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

  7. Հայաստանում երեխաների հիվանդացության ի՞նչ ցուցանիշներ ունենք: Ե՞րբ են պատվաստվելու երեխաները:

  8. Կրկնավարակի դեպքերի ի՞նչ ցուցանիշներ կան:

  9. Ինչպիսի՞ կողմնակի էֆեկտներ կարող է ունենալ պատվաստանյութը:

  10. Պե՞տք է արդյոք դիմակ կրել պատվաստում ստանալուց հետո:

  11. Ես հիվանդացել-առողջացել եմ, ես դեռ պատվաստանյութի կարիք ունե՞մ:

  12. Եթե ունեմ COVID-19 ախտանիշներ, ես պե՞տք է գնամ պատվաստման:

  13. Որքա՞ն արագ կարող են COVID-19 պատվաստանյութերը կանգնեցնել համաճարակը։

  14. Ինչպե՞ս են գործում ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը

  15. Ինչպե՞ս պատահեց, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն այդքան արագ մշակվեցին

  16. ՔՈՎԻԴ-19 ո՞ր պատվաստանյութն է ինձ համար ամենից պիտանին

  17. ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը կգործե՞ն վիրուսի նոր տարբերակների դեմ

  18. Ո՞ր դեպքում հարկավոր չէ ՔՈՎԻԴ-19 պատվաստում ստանալ

  19. Պե՞տք է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութ ստանալ կրծքով կերակրելիս

  20. ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը կարո՞ղ է ազդել վերարտադրողականության վրա

  21. Ի՞նչ է COVAX-ը

  22. ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին ոչ ստույգ տեղեկություններ են շրջանառում։ Ի՞նչ անել

  23. ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը կարո՞ղ է ազդել Ձեր ԴՆԹ-ի վրա

  24. Արդյոք ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը պարունակում է կենդանական ծագման նյութեր

 


 

Հայաստանն ինչպես/որտեղից է ստանում ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստանյութերը։

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերին միացել է «COVAX FACILITY» նախաձեռնությանը: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցություններ է վարում բոլոր հնարավոր պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Հայաստանում ե՞րբ կսկսվեն պատվաստվել ՔՈՎՒԴ-ի դեմ։

Մինչ օրս ՌԴ-ի «Ուղիղ ներդրումների հիմնադրամի» կողմից Հայաստանի Հանրապետությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 2 060 դեղաչափ պատվաստանյութ (1 030 անձի համար): Ներկայում իրականացվում են պատվաստումներ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հիվանդանոցային բուժում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցությունները շարունակվում են:

Մեր երկրում ո՞ր պատվաստանյութերն են հասանելի լինելու, ինչու՞ դրանք։

«COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում երկրներին պարբերաբար առաջարկվում են պատվաստանյութեր: Մինչ օրս առաջարկվել է 4 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sanofi/GSK, Pfizer/Biotech, Novavax: Pfizer/Biotech պատվաստանյութը մերժվել է երկրի կողմից` պահպանման սառնարանային անբավարար կարողությունների պատճառով (առնվազն -70°C ջերմաստիճանային պայմաններ): Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Առաջինն ո՞վքեր են պատվաստվելու, ինչու՞։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվելու են ռիսկի խմբերի անձանց շրջանում, ովքեր առավել խոցելի են կորոնավիրուսային հիվանդության առումով, մասնավորապես.

  1. Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
  2. Բուժաշխատողներ,
  3. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
  4. 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

Պատվաստանյութերը անվճա՞ր են լինելու։ Այլ մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴ-ի դեմ, պատվաստանյութ հասանելի կլինի՞։

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Այլ մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴ-ի դեմ, պատվաստանյութ հասանելի կլինի՞, դա վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն կլինի և արդյոք այդ ոլորտը ԱՆ-ն վերահսկելու է և ինչպե՞ս։

Ելնելով կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից՝ պատվաստումները կարող են առաջարկվել նաև բնակչության այլ խմբերին՝ դասախոսներ, ուսուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, զինծառայողներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ, հանրային տրանսպորտի աշխատակիցներ, պետական ծառայողներ:

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Մասնավոր կազմակերպությունների կողմից կարող են առաջարկվել վճարովի պատվաստումներ:

Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

Հղի կանայք ծանր COVID-19 ստանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ոչ հղի կանայք: Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց, ովքեր ունեն COVID-19-ով վարակվելու անխուսափելի բարձր ռիսկ, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին, պատվաստվելու տարբերակները քննարկել իրենց բուժող բժշկի հետ:

Հիշեք, որ հետազոտությունները շարունակվում են, և այս խորհուրդը կվերանայվի, երբ ավելի շատ տվյալներ վերլուծված լինեն: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք: Եթե մտահոգություններ ունեք, խոսեք ձեր բժշկի հետ:

Ապատեղեկատվությունն ավելի արագ է տարածվում, քան ճշմարտությունը։ Որևէ տեղեկություն առցանց տարածելուց առաջ պատասխանեք տեսանյութում նշված 5 հարցին։

UNICEF

Հայաստանում երեխաների հիվանդացության ի՞նչ ցուցանիշներ ունենք: Ե՞րբ են պատվաստվելու երեխաները:

Մինչ այս պահը 7 431 երեխա է վարակվել կորոնավիրուսով, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների 4,12%-ը:

Մինչ այժմ COVID-19 պատվաստանյութերի փորձարկումները 16 տարեկանից ցածր երեխաների չեն ներառել: Սա նշանակում է, որ դեռ պարզ չէ, արդյո՞ք այդ պատվաստանյութերը երեխաների համար անվտանգ և արդյունավետ են:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ ընկերություններն արդեն ուսումնասիրություններ են սկսում ավելի ցածր տարիքային խմբերի շրջանում: Այս արդյունքները ստանալուց հետո նրանք կարող են սկսել երեխաների համար COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք:

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ ձեր երեխան շարունակի ընդունել իր սովորական մանկական պատվաստումները:

Կրկնավարակի դեպքերի ի՞նչ ցուցանիշներ կան:

Հաշվի առնելով վարակի հարուցիչի փոփոխականությունը՝ գիտնականների առջև ամբողջ աշխարհում հարց է ծագում նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կրկնավարակի հնարավորությունն ու դեպքայնությունը։ Սույն նպատակով ՀՀ–ում իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։

«ԱՐՄԵԴ» էլեկտրոնային համակարգից ելքագրվել են բոլոր այն անձանց տվյալները, ում մոտ 2 և ավել անգամ ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է COVID-19։ Ցուցակից բացառվել են այն անձինք, ում մոտ 2 դրական արդյունքների միջև ընկած ժամանակը կազմել է 90-ից պակաս օր։ Այդպիսով ստացված 101 անձից հետազոտմանը կամավորական մասնակցել է ընդամենը 73 անձ (73%): 73 դեպքից 36-ում (49%) հիվանդության երկու նախադեպերն էլ ունեցել են անախտանիշ/թեթև ընթացք։ 29 (40%) դեպքում առաջին անախտանիշ/թեթև նախադեպից հետո դիտվել է թոքաբորբով ուղեկցվող 2-րդ նախադեպը։ 7 (10%) դեպքում թոքաբորբով ուղեկցվող 1-ին նախադեպից հետո արձանագրվել է անախտանիշ/թեթև ընթացքով 2-րդ նախադեպը։ Թոքաբորբ երկու նախադեպերի ընթացքում հաստատվել է միայն 1 (1%) անձի մոտ` որն ունէր գայլախտ և շաքարային դիաբետ: Ինչ վերաբերում է կլինիկական պատկերին, ապա ամենահաճախ կրկնվող ախտանշաններն էին 37*-ից բարձր ջերմաստիճանն (25%), մկանացավը (8%) և հոտի զգացողության կորուստը (5.5%)։ Մնացած ախտանշանների համար համընկնումները չեն գերազանցել 4%-ը։

Իրականացված հետազոտությունը հնարավորություն չի ընձեռում պարզաբանելու արդոք այս դեպքերը կարող են համարվել կրկնավարակ, թե րեցիդիվ են: Կրկնավարակի դեպքի հաստատման համար անհրաժեշտ է ավելի խորացված համաճարակաբանական հետազոտություն՝ միջազգային մեթոդաբանության կիրառմամբ:

Ինչպիսի՞ կողմնակի էֆեկտներ կարող է ունենալ պատվաստանյութը:

Կողմնակի էֆեկտները մարմնի պատասխանն են պատվաստանյութերին և նշան են, որ ձեր մարմինը իմունային պաշտպանություն է կառուցում:

COVID-19 պատվաստանյութերի ամենատարածված կողմնակի էֆեկտներն են.

  • Թևի պատվաստված հատվածում որոշակի ցավ և այտույց։
  • Սարսուռ կամ տենդանման զգացողություն:
  • Հոգնածություն:
  • Գլխացավ։
  • Սրտխառնոց:
  • Հոդացավ կամ մկանային ցավ:

Այս կողմնակի էֆեկտները սովորաբար վերանում են մի քանի օրվա ընթացքում:

Պատվաստվելուց հետո՝ դիտարկման համար, Դուք ստիպված կլինեք պատվաստման կենտրոնում մնալ 20-30 րոպե: Սա նախատեսված է պատվաստանյութին ձեր արձագանքը վերահսկելու համար և համոզվելու, որ լուրջ կողմնակի էֆեկտներ ունենալու դեպքում օգնությունը չի ուշանա:

Լուրջ կողմնակի էֆեկտներ հազվադեպ են լինում: Եթե դա պատահի, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա պատվաստվելուց հետո՝ 30 րոպեի ընթացքում: Այս ժամանակահատվածում պատվաստման կենտրոնում սպասելը թույլ կտա, որ ծանր կողմնակի էֆեկտներ ունենալու դեպքում բուժաշխատողներն անհապաղ միջոցներ ձեռնարկեն:

Պե՞տք է արդյոք դիմակ կրել պատվաստում ստանալուց հետո:

Այո, COVID-19- ի պատվաստումից հետո պետք է շարունակել դիմակ կրել, ձեռքերը լվանալ և ֆիզիկական հեռավորություն պահպանել, քանի որ ոչ մի պատվաստանյութ 100% արդյունավետ չէ: Բացի այդ, չնայած COVID-19 պատվաստանյութերն ապացուցել են, որ արդյունավետ են վիրուսի զարգացումը կանգնեցնելու գործում, մենք դեռ չգիտենք, արդյոք դրանք պաշտպանում են վարակը միմյանց փոխանցելուց:

Սա նշանակում է, որ մինչև մենք ավելին չիմանանք, կարևոր է, որ պատվաստանյութ ստացող յուրաքանչյուր ոք շարունակի ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են ֆիզիկական հեռավորության պահպանումը, դիմակների հետևողական օգտագործումը, ձեռքերի կանոնավոր լվացումն ու մարդաշատ վայրերից խուսափումը:

Ես հիվանդացել-առողջացել եմ, ես դեռ պատվաստանյութի կարիք ունե՞մ:

Այո։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր COVID-19 հիվանդանալու կասկած են ունեցել կամ նրանց հիվանդությունը հաստատվել է, միևնույն է պատվաստվեն:

Դա պայմանավորված է նրանով, որ մենք դեռ չգիտենք, թե որքան ուժեղ է պաշտպանությունը, որը մարդիկ ձևավորում են COVID-19-ից վերականգնվելուց հետո, կամ որքան է այն տևում: Այդ է պատճառը, որ անգամ եթե նախկինում վարակված եք եղել կորոնավիրուսով, ապա պետք է պատվաստվեք:

Եթե ունեմ COVID-19 ախտանիշներ, ես պե՞տք է գնամ պատվաստման:

Ոչ։ Եթե ունեք COVID-19, կամ ախտանշաններ, որոնք հուշում են, որ կարող է COVID-19 ունենաք, մի՛ գնացեք պատվաստման: Քանի որ պատվաստման կենտրոնում կարող եք վիրուսը տարածել և վարակել այլ մարդկանց: Դուք կարող եք պատվաստվել վերջին անգամ COVID-19 ախտանիշներ ունենալուց 14 օր անց:

Որքա՞ն արագ կարող են COVID-19 պատվաստանյութերը կանգնեցնել համաճարակը:

Պատվաստանյութերը իրավիճակ են փոխում COVID-19-ի դեմ պայքարում: Բայց դրանք կախարդական փայտիկ չեն և չեն կարող անմիջապես կանգնեցնել համաճարակը: Պատվաստումը պաշտպանիչ վահանի դեր է կատարում՝ պաշտպանելով պատվաստված անձին և նրա շրջապատին վիրուսից: Պատվաստված մարդիկ պաշտպանում են չպատվաստվածներին:

Ինչքան ավելի շատ մարդ է պատվաստվում, այդքան զարգանում է հասարակական պաշտպանվածությունը, և հիվանդության շրջանառությունը դադարում է կամ դանդաղում: Սա կոչվում է «կոլեկտիվ իմունիտետ»:

Բայց, COVID-19 պատվաստանյութերի լայնածավալ համաշխարհային պահանջարկը նշանակում է, որ համաշխարհային մակարդակով կոլեկտիվ իմունիտետ կառուցելու համար բավարար քանակությամբ մարդկանց պատվաստումներ կատարելու համար ամիսներ, կամ, նույնիսկ, տարիներ կպահանջվեն:

Սակայն, թունելի վերջում միշտ լույս կա: Պատվաստանյութերը երեխաների և ընտանիքների կյանքը կրկին նորմալ հուն վերադարձնելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն են:

Բայց, մենք պետք է անենք այն ինչ կարող ենք՝ օգնելու գործընթացին և շարունակելու պաշտպանել մեր ընտանիքներն ու միմյանց՝

  • որքան հնարավոր է հաճախ ձեռքերը օճառով և ջրով կամ ձեռքի մաքրող միջոցներով 40 վայրկյան լվանալով,
  • այլ մարդկանցից մոտ 2 մետր հեռավորություն պահելով,
  • մարդկանց լավ օդափոխվող տարածքներում կամ դրսում հանդիպելով,
  • դիմակ կրելով, երբ չեք կարող ուրիշներից հեռավորություն պահպանել կամ գտնվում եք փակ հասարակական տարածքում: Ահա թե ի՞նչ պետք է իմանալ դիմակների և դրանց օգտագործման մասին։

Ինչպես է ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացին։

UNICEF

Ինչպե՞ս են գործում ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը

Պատվաստանյութը գործում է ընդօրինակելով վարակի գործոնը՝ ախտահարույց վիրուսը, բակտերիան կամ այլ մանրէն։ Այդպիսով, իմունային համակարգը «սովորում» է արագ և արդյունավետ կերպով արձագանքել դրանց։

Պատվաստանյութերն մշտապես այդպես են գործել՝ ներմուծելով վարակիչ գործոնի թուլացրած տարբերակը, ինչը մեր իմունային համակարգին թույլ է տալիս դրա մասին հիշողություն ձևավորել։ Այդպիսով, մեր իմունային համակարգն ի վիճակի է արագ հատկորոշել և պայքարել դրա դեմ, նախքան մենք դրանից կհիվանդանանք։ Հենց այդպես են մշակվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ որոշ պատվաստանյութեր։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մյուս խումբը մշակվել է նոր մոտեցմամբ: Դրանք կոչվում են սուրհանդակ ՌՆԹ, կամ mRNA պատվաստանյութ։ Փոխանակ հակագեներ ներմուծելու (մի նյութ, որն իմունային համակարգին դրդում է հակամարմիններ արտադրել), mRNA պատվաստանյութը մեր մարմնին մատուցում է այն գենետիկ կոդը, որը նրան անհրաժեշտ է, որպեսզի թույլ տա իմունային համակարգին ինքնուրույն հակագեն արտադրել։ mRNA պատվաստանյութի տեխնոլոգիան տասնամյակների ուսումնասիրության պատմություն ունի։ Այն կենդանի վիրուս չի պարունակում և չի միջամտում մարդու ԴՆԹ-ին։

Պատվաստանյութերի գործողության մասին լրացուցիչ տեղեկություններ կան այստեղ՝ WHO։

Ինչպե՞ս պատահեց, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն այդքան արագ մշակվեցին

Գիտահետազոտական մշակումներում աննախադեպ ներդրումների և համաշխարհային մակարդակով համագործակցության շնորհիվ, գիտնականներին հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում մշակել ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր։ Այդուհանդերձ, խստագույնս պահպանվել են ստանդարտ անվտանգության ընթացակարգերը և կիրառվել կարգավորող դաշտի չափորոշիչները։

Ի լրումն, ՔՈՎԻԴ-19-ի՝ ներկայում աշխարհի շատ երկրներում կիրառվող պատվաստանյութերի, խրախուսելի է այն, որ մշակման զանազան փուլերում են գտնվում ևս ավելի քան 200 պատվաստանյութի թեկնածու։ Դրանցից մի խմբաքանակ արդեն ենթարկվում է III Փուլի կլինիկական փորձարկման, ինչն օգտագործման համար հավանություն ստանալուն նախորդող վերջին քայլն է։

ՔՈՎԻԴ-19 ո՞ր պատվաստանյութն է ինձ համար ամենից պիտանին

ԱՀԿ կողմից հավանություն ստացած բոլոր պատվաստանյութերի բարձր արդյունավետությունը հաստատված է՝ ՔՈՎԻԴ-19 հիվանդության ծանր ընթացքից Ձեզ պաշտպանելու առումով։ Ուստի լավագույն պատվաստանութն այն է, որը ձեզ համար ամենից հասանելին է։

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը կգործե՞ն վիրուսի նոր տարբերակների դեմ

Ըստ ԱՀԿ-ի, ակնկալվում է, որ մինչև օրս հավանություն ստացած պատվաստանյութերը նոր տարբերակների դեմ առնվազն որոշակի պաշտպանություն կտրամադրեն։

Աշխարհով մեկ փորձագետները, շարունակաբար, ուսումնասիրում են այն, թե ինչպես է նոր տարբերակներում դրսևորվում վիրուսի վարքագիծը, ներառյալ՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի արդյունավետության վրա պոտենցիալ ներգործությունը։

Եթե հաստատվի, որ ո՛րևէ պատվաստանյութ նվազ արդյունավետ է այդ տարբերակներից մեկի կամ մի քանիսի դեմ, ապա հնարավոր կլինի պատվաստանյութի բաղադրությունը փոփոխել՝ վերջիններիս դեմ պաշտպանություն ընձեռելու համար։ Հետագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատվաստումները շտկել՝ ըստ անհրաժեշտության երկրորդ սրսկման և/կամ այլ թարմացումների միջոցով։

Իսկ մինչև այդ, կարևոր է ստանալ պատվաստումը և շարունակել իրականացնել վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումները, ինչն օգնում է նվազեցնել վիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու հավանականությունը։ Սա ներառում է ֆիզիկական տարածության ապահովումը, դիմակ կրելը, պատշաճ օդափոխությունը, ձեռքերը կանոնավոր լվանալը և, ախտանշաններ դրսևորելու պարագայում, առանց հետաձգելու բուժօգնության դիմելը։

Ո՞ր դեպքում հարկավոր չէ ՔՈՎԻԴ-19 պատվաստում ստանալ

Եթե տարակուսում եք, արդյո՞ք Ձեզ պետք է պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ, ապա զրուցեք բժշկի հետ։ Ստորև նշված առողջական խնդիրներով բոլոր անձինք հարկ է զերծ մնան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից, խուսափելու հնարավոր բացասական հետևանքից.

  • եթե ծանր ալերգիկ արձագանքի նախապատմություն ունեք ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի ցանկացած բաղկացուցիչի հանդեպ,
  • եթե ներկայում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդ եք կամ դրսևորում եք դրա ախտանշանները (թեև ապաքինվելուց հետո, ձեր բժշկի հավանությամբ, կարելի է պատվաստվել)։

Պե՞տք է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութ ստանալ կրծքով կերակրելիս

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են կրծքով կերակրողների՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հանգամանքները, սակայն, առայժմ առկա տեղեկությունները սահմանափակ են։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստումն առաջարկել, եթե կերակրող մայրն ընդգրկված է պատվաստման գերակա խմբերից մեկում, օրինակ՝ բուժաշխատող է։ Պատվաստումից հետո կարելի է շարունակել կրծքով կերակրումը, ինչը մնում է երեխային հիվանդություններից պաշտպանելու և նրա առողջությունն ապահովելու լավագույն միջոցը։

Կարդացե՛ք՝ «Անվտանգ կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի օրերին» հոդվածը։

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը կարո՞ղ է ազդել վերարտադրողականության վրա

Ո՛չ։ Թեև սոցիալական ցանցերում տեսած կլինեք հակառակի կեղծ պնդումներ, սակայն, գոյություն չունի ապացույց առ այն, թե ցանկացած պատվաստանյութ, ներառյալ՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը, ընդունակ են ազդել կանանց կամ տղամարդկանց պտղաբերության/վերարտադրողականության վրա։

Եթե դուք ներկայում փորձում եք հղիանալ, ապա ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո բնավ կարիք չկա հղիությունից խուսափել։

Ի՞նչ է COVAX-ը

COVAX-ը համաշխարհային մակարդակով մի նախաձեռնության մաս է, որի նպատակն է արագացնել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը և արտադրությունը, նաև՝ երաշխավորել աշխարհով մեկ դրանց արդարացի և հավասար հասանելիությունը։ Առանձին վերցրած և ո՛չ մի երկիր ՔՈՎԻԴ-19-ից ապահովվագրված  չէ, քանի դեռ բոլոր երկրները պաշտպանված չեն։

COVAX մեխանիզմն ընդգրկում է 190 երկրներ և տարածքներ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 90 տոկոսը։ Աշխատելով CEPI, GAVI, ԱՀԿ և այլ գործընկերների հետ, ՅՈւՆԻՍԵՖ-ն առաջնորդում է COVAX-ի անունից պատվաստանյութեր ձեռք բերելու և մատակարելու ջանքերը։

COVAX-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կան այստեղ՝ COVAX։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին ոչ ստույգ տեղեկություններ են շրջանառում։ Ի՞նչ անել

Դժբախտաբար, ՔՈՎԻԴ-19 վիրուսի և պատվաստանյութերի մասին համացանցում ծավալուն չճշտվախ նյութեր են զետեղված։ Առողջապահական ճգնաժամի պայմաններում ապատեղեկատվությունը կարող է խուճապ և վախ տարածել, մարդկանց պիտակավորելու պատճառ դառնալ: Այն կարող է նաև հանգեցնել մարդկանց պաշտպանությունից զրկելուն, կամ վիրուսի հանդեպ առավել խոցելի դարձնելուն։ Հավաստի փաստեր և խորհուրդ ստացեք վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են առողջապահության բնագավառի լիազոր մարմինը, ՄԱԿ-ը, ՅՈւՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն (UN, UNICEF, WHO

Եթե առցանց ըստ ձեր կարծիքի ոչ ստույգ կամ ապատեղեկացնող բովանդակություն տեսնեք, կարող եք կանխել դրա տարածումը, ապատեղեկատվության մասին հայտնելով ԱՀԿ-ի այս հարթակին։

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը կարո՞ղ է ազդել Ձեր ԴՆԹ-ի վրա

Ո՛չ։ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերից և ոչ մեկը որևէ կերպ չի ազդում կամ փոխազդեցության մեջ մտնում Ձեր ԴՆԹ-ի հետ։ Սուրհանդակ ՌՆԹ, կամ mRNA պատվաստանյութերը բջիջներին սովորեցնում են, թե ինչպես արտադրել այն սպիտակուցը, որը մարմնի իմունային արձագանք կառաջացնի։ Այդ արձագանքի բերումով արտադրվում են Ձեզ վիրուսից պաշտպանող համկամարմինները։ mRNA-ն ԴՆԹ-ից տարբեր է և նախքան տրոհվելը բջջի ներսում մնում է ընդամենը մոտ 72 ժամ։ Այդուհանդերձ, այն, երբևէ, մուտք չի գործում բջջի կորիզ, որտեղ պահվում է ԴՆԹ-ն։

Արդյոք ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը պարունակում է կենդանական ծագման նյութեր

Ո՛չ։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ ԱՀԿ կողմից հավանություն ստացած ոչ մի պատվաստանյութ կենդանական ծագման նյութ չի պարունակում։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Պատվաստումը թույլ կտա ավելի մոտ լինել

և

ՈՉ ՈՔ պաշտպանված չէ, քանի դեռ ԲՈԼՈՐԸ պաշտպանված չեն: