ՔՈՎԻԴ-19-ը և դիմակները. խորհուրդներ ընտանիքների համար

Ի՞նչ է պետք իմանալ դիմակների և դրանք օգտագործելու մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ
Ընտանիք․ դիմակով մայրը սելֆի է նկարել իր երեք երեխաների հետ միասին։
UNICEF Armenia/2020/Grigoryan
04 Սեպտեմբեր 2020

Դիմակներն օգնում են կանխարգելել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, բայց շատ ծնողների պնդմամբ, անգամ այդ հանգամանքը ավելի դյուրին չի դարձնում երեխաներին դիմակների հետ ծանոթացնելու գործընթացը։

Շատ երկրներում տարատեսակ մանրէների տարածումը կանխելու նպատակով դիմակ կրելու փորձը երկար պատմություն ունի: Սակայն, բազմաթիվ ընտանիքներ 2020 թվականը կհիշեն առաջին անգամ դիմակ կրելու պատճառով:

Դիմակները կօգնեն կանխելու ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, թեև բազմաթիվ ծնողներ վկայում են, որ երեխաները դժվարությամբ եմ համաձայնում դրանք կրել:

Եթե  առաջին անգամ պետք է դիմակ կրեք, ապա, հավանաբար, շատ հարցեր կունենաք: Մենք փորձել ենք հավաքել դիմակը ճիշտ կրելու, ինչպես նաև ընտանիքի անդամներին դիմակ կրելու փորձին ծանոթացնելու վերաբերյալ ամենաթարմ մասնագիտական տեղեկությունները, որպեսզի Դուք կարողանաք ճիշտ որոշումներ ընդունել:

 

Ինչո՞ւ կրել դիմակ կամ ծածկել դեմքը

ՔՈՎԻԴ-19-ի տարածման միջոցներից մեկը վիրուս պարունակող կաթիլներն են, որ արտազատվում են, երբ մարդը խոսում, երգում, հազում կամ փռշտում է: Թեև ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, մենք արդեն գիտենք, որ վարակը կարող են տարածել նաև ախտանիշ չունեցող (ասիմպտոմ) մարդիկ: Իսկ դա նշանակում է, որ մարդը կարող է վարակակիր լինել և չիմանալ այդ մասին:

Ահա թե ինչու է այդքան կարևոր պահպանել հեռավորությունն այնտեղ, որտեղ ՔՈՎԻԴ-19-ը տարածված է: Սակայն, միշտ չէ, որ հնարավոր է հեռավորություն պահպանել, առավել ևս՝ մարդաշատ վայրերում: Նման պայմաններում պաշտպանված լինելու համար խորհուրդ է տրվում դիմակ կրել:

Հիշե՛ք, սակայն, որ միայն դիմակը չի կարող կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, պետք է շարունակել պահպանել հեռավորությունը և հաճախ լվալ ձեռքերը: Միայն բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելով մենք կհաղթահարենք ՔՈՎԻԴ-19-ը:

 

Ի՞նչ դիմակ օգտագործենք ընտանիքում

Ոչ բժշկական (կտորից, հատուկ եղանակով (այս մասին ստորև) կարված) դիմակներ: Եթե Դուք և Ձեր ընտանիքի անդամները ապրում եք այնպիսի բնակավայրում, որտեղ տարածված է ՔՈՎԻԴ-19-ը, և չունեք ախտանիշներ, ապա խորհուրդ է տրվում կրել ոչ բժշկական դիմակներ:

Բժշկական դիմակներ: Համավարակի պատճառով բժշկական դիմակների քանակն ամբողջ աշխարհում սահմանափակ է: Բժշկական դիմակ ցանկալի է կրել, եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը բարձր ռիսկային խմբում եք (60-ից բարձր տարիքի կամ հիվանդություն ունեցող անձինք) կամ եթե խնամում եք ՔՈՎԻԴ-19-ով հիվանդ մարդու: Բժշկական դիմակը կրում են նաև այլոց պաշտպանելու համար, եթե ունեք ՔՈՎԻԴ-19-ի ախտանիշներ:

 

Ո՞ր կտորն է ամենահարմարը դիմակի համար

Կտորից դիմակները կարվում են տարբեր նյութերից: Դուք կարող եք ինքներդ կարել դրանք տանը կամ գնել խանութից: Քանի դեռ կտորից դիմակների վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են, դրանց արդյունավետության մակարդակը կախված է օգտագործված գործվածքից և դրա շերտերի քանակից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել եռաշերտ դիմակներ, որ բաղկացած են.

  • ներքին շերտից (օրինակ՝ բամբակից),
  • միջին շերտից (օրինակ՝ պոլիպրոպիլենից),
  • արտաքին շերտից (օրինակ՝ պոլիէսթերից կամ պոլիէսթեր պարունակող կտորից):

Դեմքը ծածկելու համար ինչ նյութ էլ ընտրեք, այն պետք է ծածկի քիթը, բերանն ու կզակը և դեմքի վրա նստի առաձգական օղակների կամ կապերի միջոցով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի խրախուսում  արտաշնչման փականներով դիմակները: Այս փականները թույլ են տալիս, որ չզտված օդը դուրս գա, ինչը դրանք դարձնում է ավելի քիչ արդյունավետ՝ ՔՈՎԻԴ-19-ի նման հիվանդությունների փոխանցումը կանխելու գործում։

 

Ինչպե՞ս մաքրել կտորից դիմակը

Կտորից դիմակները լվացե՛ք օճառով կամ այլ մաքրող նյութով, ցանկալի է՝ տաք ջրում (առնվազն 60 0C), առնվազն օրական մեկ անգամ: Լվացքի մեքենայով լվալիս ընտրե՛ք տվյալ գործվածքի համար նախատեսված ամենաբարձր ջերմաստիճանը: Ձեռքով լվալիս օգտագործե՛ք տաք օճառաջուր: Լվալուց հետո դիմակը մինչև կրելը պետք է լավ չորացնել: Դիմակները պետք է պահել մաքուր տոպրակում:

 

Իսկ դեմքի վահաննե՞րը:

Դեմքի վահաններն օգնում են ապահովել աչքերի պաշտպանությունը, բայց նույնը չեն, ինչ դիմակները, երբ խոսքը վերաբերում է շնչառական կաթիլներից պաշտպանվելուն: Այնուամենայնիվ, նրանց համար, ովքեր դժվարանում են բժշկական դիմակ կրել (օրինակ՝ ճանաչողական, շնչառական կամ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ), դեմքի վահանները կարող են դիտարկվել որպես այլընտրանք: Եթե որոշեք օգտագործել մեկը, համոզվեք, որ այն ծածկում է ձեր ողջ դեմքը՝ հասնելով մինչև կզակի տակ:

Երիտասարդ աղջիկը մասնակցում է առցանց քննարկմանը։ Նա հանրային տարածքում է, դրա համար էլ դիմակ է կրում։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Կարո՞ղ եմ դիմակ դնելուց հիվանդանալ:

Չնայած դիմակ դնելը երբեմն կարող է անհարմար լինել՝ դա չի հանգեցնում CO2 թունավորման կամ թթվածնի պակասի առաջացման: Եթե բժշկական դիմակ եք դնում, համոզվեք, որ այն համապատասխանում է ձեզ, որ այն բավական ամուր է, որ թույլ է տալիս ձեզ նորմալ շնչել: Մի օգտագործեք մեկանգամյա օգտագործման դիմակը մեկից ավելի անգամ և միշտ փոխեք այն խոնավանալուն պես:

Երբ կտորից դիմակ եք դնում, համոզվեք, որ ձեռքերը լվացրել եք դիմակը դնելուց առաջ և հանելուց հետո և հաճախ լվացրեք ձեր դիմակը:

 

Ե՞րբ է պետք դիմակ դնել

Ծանոթացե՛ք տեղական իշխանությունների՝ սահմանված վայրերում և նշված տարիքային խմբերի համար դիմակ կրելու վերաբերյալ հրահանգներին:

Ձեր երեխաների համար դիմակ կրելու անհրաժեշտությունը կախված է մի շարք գործոններից, ներառյալ նրանց տարիքը և դիմակը անվտանգ ու պատշաճորեն կրելու կարողությունը: Մանրամասների համար տե՛ս «Ինչպես ճիշտ կիրառել դիմակը դպրոցում» հոդվածը:

Եթե Ձեր բնակավայրում ՔՈՎԻԴ-19-ը լայն տարածում ունի, ապա կտորից դիմակը պետք է կրել բոլոր հասարակական վայրերում, որտեղ միմյանցից հեռավորություն պահելը դժվար է, և բոլոր փակ տարածքներում: Հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և վատ օդափոխությամբ փակ տարածքներից:

Դիմակ կրելու և ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ, հաճախ, ոչ ճիշտ տեղեկություններ են շրջանառվում: Հետևաբար, Ձեր ընտանիքի առողջության վերաբերյալ որոշումներ  կայացնելիս, վստահե՛ք տեղեկատվության արժանահավատ աղբյուրների, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Առողջապահության նախարարությունը:

 

Ո՞ր դեպքում դիմակ պետք չէ կրել

Երբ կրողը (անչափահասներ, մանկահասակներ և/կամ շնչառական խնդիրներ ունեցողներ) ի վիճակի չէ առանց օգնության այն հանելու: Եթե ունեք առողջական խնդիր կամ հաշմանդամություն, որի պատճառով դժվարանում եք դիմակ կրել, խորհրդակցե՛ք Ձեզ բուժող բժշկի հետ:

Մարզվելիս ընտրե՛ք այնպիսի վայր, որտեղ դիմակ դնելն անհրաժեշտ չէ, օրինակ՝ տանը կամ այնպիսի տարածքում (օրինակ՝ դրսում), որտեղ հնարավոր է մարդկանցից հեռավորություն պահել: Չպետք է դիմակ դնել սպորտով զբաղվելիս կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս․ քրտինքից դիմակը կարող է խոնավանալ, ինչը կդժվարացնի շնչառությունը և բարենպաստ միջավայր կստեղծի մանրէների աճի համար:

 

Արդյո՞ք երեխաների համար անվտանգ է դիմակ կրելը:

Ելնելով ՔՈՎԻԴ-19-ի և երեխաների մոտ վարակի տարածման փորձագիտական ակնարկից և այլ գործոններից, ինչպիսիք են երեխաների հոգեսոցիալական կարիքները և զարգացման նշաձողերը, ԱՀԿ-ն և UNICEF-ը խորհուրդ են տալիս հետևյալը.

0-5 տարեկան երեխաներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն խորհուրդ են տալիս մինչև 5 տարեկան երեխաներին դիմակ չդնել: Այս որոշումը բխում է երեխաների անվտանգությունից և հիմնված է այն պնդման վրա, որ տարբեր երեխաներ զարգացման փուլերը հաղթահարում են տարբեր տարիքներում:

Որոշ երկրներում երեխաների՝ դիմակ կրելու պահանջները տարբեր են, հետևաբար, պետք է ծանոթանալ ըստ տարիքային խմբերի տեղական իշխանությունների սահմանված պահանջներին: Եթե պահանջվում է, որ մինչև 5 տարեկան երեխաները դիմակ կրեն, ապա նրանց անվտանգության ապահովության համար նրանք պետք է լինեն Ձեր կամ մեկ այլ խնամողի տեսադաշտում:

6-11 տարեկան երեխաներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն խորհուրդ են տալիս , որ 6-11 տարեկան երեխաների համար դիմակներ օգտագործելու որոշումը հիմնված լինի հետևյալ կետերի վրա.

  • Արդյոք ձեր բնակության վայրում դեպքերը շատ են
  • Արդյոք երեխան կարող է դիմակն ինքնուրույն անվտանգ և ճիշտ օգտագործել դիմակը
  • Արդյոք երեխան կարող է փոխել դիմակը կամ մաքրել իրենը
  • Արդյոք երեխան ապրում է հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի ենթարկվող այլ մարդկանց, ինչպիսիք են տարեցները և այլ ուղեկցվող առողջական խնդիրներ ունեցողների հետ միասին։

12 և բարձր տարիքի երեխաները

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն խորհուրդ են տալիս, որ նրանք պետք է դիմակ կրեն նույն կերպ, ինչ մեծահասակները:

 

Ինչպե՞ս պետք է երեխաները դիմակներ դնեն

Դիմակ դնելու համար երեխաները պետք է հետևեն նույն սկզբունքներին, ինչ մեծահասակները. Երեխաները պետք է ձեռքերն ախտահանեն առնվազն 20 վայրկյան, եթե օգտագործում են ալկոհոլի վրա հիմնված քսուք, կամ առնվազն 40 վայրկյան լվացվեն օճառով։ Համոզվեք, որ երեխայի դիմակի չափը համապատասխանում է, և այն ծածկում է քիթը, բերանը և կզակը։

Երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես ճիշտ դնել դիմակը, այդ թվում՝ չդիպչել դիմակի առջևին և չքաշել այն կզակի տակից։ Երեխաները պետք է դիմակը պահեն տոպրակի կամ տարայի մեջ։

 

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել երեխաների համար դիմակ ընտրելիս

Շատ դիմակներ նախատեսված են չափահասների համար և երեխաների համար հարմար չեն: Ընտրե՛ք Ձեր երեխայի համար ճիշտ չափսը: Հիշե՛ք, որ այն պետք է ծածկի քիթը, բերանը և կզակը, փակ լինի կողքերից ու չխանգարի տեսողությանը: Համոզվե՛ք, որ երեխան արագ քայլելիս ու խոսելիս նորմալ շնչում է:

 

Դիմակ կրելը կպաշտպանի՞ իմ երեխային դպրոցում:

Երեխաների և դեռահասների կողմից դպրոցներում դիմակների օգտագործումը պետք է դիտարկել միայն որպես ՔՈՎԻԴ-19-ի տարածումը սահմանափակելու ռազմավարության մի մաս:

ԱՀԿ-ն մի քանի միջոց է առաջարկում դպրոցներում ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու և երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության և հիգիենայի կանոնների պահպանումը, դպրոցի տնօրինության և ծնողների միջև մշտական հաղորդակցության ապահովում և այլն։

Դիմակ կրելու և հանելու կանոնների իլուստրացիա։
UNICEF Armenia

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը

Դիմակը ճիշտ դնելն ու հանելը կարևոր է Ձեզ և Ձեզ շրջապատողների առողջության համար: Տանը հետևե՛ք նշված կանոններին՝ դրանք սովորական դարձնելու համար.

 

Դիմակը դնելիս

Միշտ, նախ օճառով լվացե՛ք ձեռքերը:

Համոզվե՛ք, որ դիմակը մաքուր է, չունի պատռվածքներ կամ անցքեր: Մի՛ դրեք այն, եթե վնասված է կամ կեղտոտ:

Դիմակը դրե՛ք այնպես, որ ծածկի բերանը, քիթն ու կզակը և փակ լինի կողքերից:

Համոզվե՛ք, որ հանգիստ շնչում եք:

 

Դիմակը կրելիս

Փոխե՛ք դիմակը, եթե խոնավացել կամ կեղտոտվել է:

Դիմակը մի՛ քաշեք քթի կամ կզակի տակ կամ գլխի վրա. այն պետք է ամբողջությամբ փակի քիթն ու բերանը, որպեսզի արդյունավետ լինի:

Մի՛ դիպեք դիմակին այն կրելիս:

Եթե տանը որոշել եք հանել դիմակները և օրվա ընթացքում կրկին օգտագործել, ապա դրանք պահե՛ք մաքուր տոպրակներում: Յուրաքանչյուր դիմակը պահե՛ք առանձին տոպրակի մեջ: Դիմակը տոպրակում տեղադրելիս և դրանից հանելիս այն բռնե՛ք օղակներից կամ կապերից (առանց դիմակի մակերեսին դիպչելու)՝ հնարավոր աղտոտումից խուսափելու համար: Հիշե՛ք, որ մինչև դիմակը դնելը պետք է լվալ ձեռքերը:

 

Դիմակը հանելիս

Լվացե՛ք ձեռքերը մինչև դիմակը հանելը:

Դիմակը հանե՛ք՝ բռնելով այն օղակներից կամ կապերից: Խուսափե՛ք դիմակի առջևի մասին դիպչելուց:

Ձեռքերը լվացե՛ք նաև դիմակը հանելուց հետո:

Կտորից դիմակները պետք է լվալ ամեն օգտագործումից հետո և պահել մաքուր տոպրակի մեջ:

Բժշկական դիմակները մեկանգամյա են և օգտագործելուց հետո պետք է նետվեն փակ աղբամանի մեջ:

 

6 տարածված սխալներ, որոնցից պետք է խուսափել.

1. Դիմակն իջեցնել քթի տակ:

2. Կզակը թողնել բաց:

3. Դիմակն իջեցնել կզակի տակ:

4. Դիպչել դիմակին այն կրելիս:

5. Դիմակը թողնել թույլ կախված:

6. Կրել կեղտոտ, վնասված կամ խոնավ դիմակ:

Դիմակների մասին զրուցե՛ք երեխաների հետ

ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է ընտանեկան կյանքն ամբողջ աշխարհում՝ բերելով լարվածություն, տագնապի ու վշտի զգացումներ: Հասկանալի է, որ դիմակները կարող են է՛լ ավելի խորացնել այդպիսի զգացողությունները երեխաների շրջանում: Մասնավորապես մանկահասակների համար դիմակ կրելը կարող է շփոթություն և տհաճություն առաջացնել:

Եթե Ձեր ընտանիքում դիմակ կրելու փորձ չկա, անհրաժեշտ է երեխաների հետ խոսել անկաշկանդ՝ ընդառաջ գնալով նրանց: Դիմակ կրելը կարելի է դարձնել սովորություն, հետևաբար խնդրի լուծումը շարունակական հիշեցումների ու հետևողական վարքագծի մեջ է: Նաև կարևոր է հիշեցնել Ձեր երեխաներին, որ դիմակը կրելիս չպետք է մոռանալ նաև մյուս զգուշացումների (հեռավորություն պահել, ձեռքերը հաճախ լվալ) մասին՝ իրենց և այլոց պաշտպանելու համար:

Ահա մի քանի խորհուրդ Ձեր ընտանիքում դիմակ կրելը սովորություն դարձնելու համար.

 

Անկե՛ղծ եղեք

Ընտրե՛ք տարիքին համապատասխան բառեր և հաշվի՛ առեք երեխայի տագնապի զգացումը: Ընդգծե՛ք, որ դիմակ կրելը զվարճալի չէ ոչ ոքի համար: Բացատրե՛ք, որ դիմակ կրելով՝ հնարավոր է ապահովել բոլորի անվտանգությունը, հատկապես ծերերի ու հասարակության առավել խոցելի անդամների: Դիմակ կրելով՝ մենք ցույց ենք տալիս, որ հոգ ենք տանում միմյանց մասին:

Հիշեցրե՛ք նրանց, որ բազմաթիվ մասնագետներ ջանասիրաբար աշխատում են՝ կանխելու ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, սակայն նրանց հարկավոր է մեր օգնությունը, իսկ դա նշանակում է հետևել բոլոր նախազգուշացումներին:

Նաև կարևոր է, որ բոլորս հիշենք. միայն դիմակ կրելով հնարավոր չէ ապահովել անվտանգություն. պետք է հաճախ լվալ ձեռքերը և հեռավորություն պահել մարդկանցից դրսում:

 

Լսե՛ք և կարեկցե՛ք

Հարցրե՛ք Ձեր երեխաներին, թե ինչ են մտածում, և հետևե՛ք, թե դրսևորում են արդյոք տագնապի նշաններ, օրինակ՝ ժեստերի կամ ձայնի հնչերանգի փոփոխություն: Պատասխանե՛ք նրանց հարցերին: Խնդիր չէ, եթե բոլոր հարցերին պատասխանել չկարողանաք. իրավիճակը նոր է բոլորիս համար: Հիշեցրե՛ք նրանց, որ ցանկացած պահի կարող են Ձեզ դիմել իրենց մտահոգություններով: Պարբերաբար ստուգե՛ք նրանց ինքնազգացողությունը: Խոսակցությունը սկսելու համար, կախված երեխայի տարիքից, կարող եք հարցնել, թե ինչ են խոսում նրա ընկերները, և համոզվե՛ք, որ նրանց ստացած տեղեկությունները վստահելի են:

 

Սկսե՛ք տնից

Փորձե՛ք ինչ-որ ժամանակ դիմակը կրել տանը միասին և աստիճանաբար ավելացրե՛ք այդ ժամանակը, որպեսզի երեխաները սովորեն դրան: Հետևելով վերը նշված կանոններին՝ միասին վարժվե՛ք դիմակը դնելուն, կրելուն ու հանելուն:

Հիշե՛ք, որ մանկահասակները սովորաբար արձագանքում են տեսողական ազդանշաններին, օրինակ՝ ժպիտին: Հետևաբար ժպտացե՛ք դիմակը կրելիս և հետևե՛ք, թե ինչպես Ձեզ կօգնի Ձեր ձայնի հնչերանգը: Կարող եք նաև դիմակը դնել նրա սիրած խաղալիք կենդանուն, որպեսզի նրանց աչքը սովորի դիմակին:

 

Ներգրավե՛ք Ձեր երեխաներին

Դիմակները լինում են տարբեր գույների ու ձևերի, և երեխաները կարող են դրանք համարել ինքնարտահայտվելու միջոց: Փորձե՛ք դիմակի կամ կտորի ընտրությունը վերածել զվարճալի զբաղմունքի և երեխաներին հնարավորինս ներգրավե՛ք այդ գործում: Հիշե՛ք, ինչքան ավելի շատ Ձեր երեխային դուր գա դիմակի տեսքը, այնքան ավելի հավանական է, որ նա կկրի այն, նաև երբ մենակ լինի:

 

Եղե՛ք հետևողական

Դիմակ ճիշտ կրելը նոր սովորություն է, հետևաբար կարևոր է ճիշտ վարքագիծ ձևավորել: Գտե՛ք դիմակ կրելու կարևորության վերաբերյալ տեղեկությունները կրկնելու ուղիներ և խնդրե՛ք ընտանիքի անդամներին ուղղել միմյանց սխալները: Երեխաներն անմիջապես նկատում են դրանք, հետևաբար զգո՛ւյշ եղեք օրինակ ծառայելիս և խնդրե՛ք ընկերներին ու հարազատներին հետևել դիմակ կրելու հրահանգներին:

ՔՈՎԻԴ-19-ի, դրա ախտանիշների, տարածման միջոցների և Ձեզ ու Ձեր երեխաներին պաշտպանելու վերաբերյալ տեղեկություններ կգտնեք հետևյալ հղումով՝ COVID-19: What parents should know:

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: