COVAX. ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի արդարացի հասանելիություն ամբողջ աշխարհում

Այս պատմական պահին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ունի ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութով ապահովելու և մատակարարելու ամբողջական համակարգ:

ՅՈՒՆԻՍԵՖ
Բժիշկը, ձեռքերում բռնած պատվաստանյութով սրվակը, ուշադիր զննում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։
UNICEF/UN0323294
09 Փետրվար 2021

Մեկնարկել է պատվաստանյութերի ձեռքբերման և մատակարարման՝ պատմության մեջ ամենախոշոր գործողությունը: Այն ղեկավարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Համաշխահային COVAX կառույցի անունից: Մենք աշխատում ենք ապահովել, որ մինչև 2021 թվականի ավարտը կառույցի շուրջ համախմբված բոլոր երկրների (ներկայումս 190) միջև արդարացիորեն բաշխվի ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի 2 միլիարդ դեղաբաժինը:

Ինչպե՞ս

COVAX կառույցի միջոցով, որը ղեկավարվում է «Gavi» պատվաստանյութերի դաշինքի, ԱՀԿ-ի և CEPI-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ արտադրողների և այլ գործընկերների հետ, աշխատում է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի դեղաչափերի ձեռքբերման, տեղափոխման և պահեստավորման ուղղությամբ: Համագործակցելով PAHO շրջանառու ֆոնդի հետ՝ մենք ղեկավարում ենք ցածր և ցածր ու միջին եկամուտ ունեցող 92 երկրների համար կատարվող գնումները և մատակարարումը։ Միաժամանակ, աջակցում ենք միջինից բարձր և բարձր եկամուտ ունեցող ավելի քան 97 պետությունների գնումների գործընթացին: Այսպիսով, պատվաստանյութը հասանելի է դառնալու աշխարհի բնակչության ավելի քան չորս հինգերորդ մասի համար:

Ե՞րբ

Երբ ԱՀԿ-ն հաստատի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կսկսի պատվաստանյութերի՝ արտադրողներից դեպի երկրներ տեղափոխման գործընթացը: Նախնական 2 միլիարդ դեղաբաժին նախատեսված է առաջնագծում աշխատողների՝ առողջապահական ոլորտի և սոցիալական աշխատողների, ինչպես նաև բարձր ռիսկային գոտում գտնվող և խոցելի խմբերի մարդկանց համար:

Ինչու՞ ՅՈՒՆԻՍԵՖ-ը

Որպես պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խոցելի երեխաներին օգնելու համար գնումների և լոգիստիկայի ոլորտում ունի եզակի և երկարատև փորձ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարեկան ավելի քան 2 միլիարդ դեղաբաժին պատվաստանյութեր է գնում` գրեթե 100 երկրների անունից ընթացիկ պատվաստումների և հիվանդությունների բռնկումներին արձագանքման համար: Մենք «Gavi» պատվաստանյութերի դաշինքի գնումների գլխավոր գործընկերն ենք, և վերջին 20 տարվա ընթացքում օգնել ենք կյանք փրկող պատվաստանյութեր հասցնել ավելի քան 760 միլիոն երեխաների՝ կանխելով ավելի քան 13 միլիոն մահ:

Պատվաստելով առողջապահական ոլորտի աշխատողներին, մենք ապահովում ենք, որ նրանք կարողանան վերադառնալ աշխատանքի, իսկ երեխաներն ու մայրերը ստանան իրենց համար անհրաժեշտ և կարևոր առողջապահական ծառայությունները՝ պատվաստումներ, թերսնուցման, մալարիայի և լուծի նման այլ մահացու հիվանդությունների բուժում, ինչպես նաև ծննդօգնություն, նախածննդյան և հետծննդյան խնամք, նաև՝ նորածինների համար ծառայություններ:

Սրանք այն կարևորագույն ծառայություններն են առանց որոնց վտանգվում է միլիոնավոր երեխաների կյանքը: Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ի պատճառով անհրաժեշտ լոքդաունի ընթացքում բազմաթիվ ծառայությունների խափանումները՝ մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ հիվանդություն հանգեցնի այլ հիվանդությունների բռնկումների, հատկապես, որ դրանք կարող են փոխել երեխաների առողջության բարելավման գործում տարիների առաջընթացը: