Ի՞նչ գիտենք ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի մասին
Ի՞նչ է Օմիկրոնը, և ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկես՝ քեզ և ընտանիքդ պաշտպանելու համար:
Արագ տարածվող ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակը ողջ աշխարհում հանգեցրել է վարակի աննախադեպ աճի։ Մենք հավաքել ենք ամենաթարմ փորձագիտական տեղեկատվությունը այս նոր ենթատեսակի մասին և կշարունակենք թարմացնել այս հոդվածը՝ նոր տեղեկությունների և հետազոտության արդյունքների ի հայտ գալուն պես։
Ի՞նչ է Օմիկրոն ենթատեսակը։
ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալն, ըստ ԱՀԿ-ի, անհանգստացնող հանգամանք է, քանի որ ենթատեսակն ունի բազմաթիվ մուտացիաներ, որոնք կարող են ազդել վարակի վարքագծի վրա։ Օմիկրոնի հետ կապված դեռևս հարցերը շատ են. բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում՝ գնահատելու դրա տարածման դինամիկան, ծանրությունը և կրկնավարակի ռիսկը:
Ինչպե՞ս է առաջացել Օմիկրոն ենթատեսակը։
Երբ վիրուսը լայնորեն տարածվում է և դառնում է բազմաթիվ վարակների պատճառ, վերջինիս մուտացիայի հավանականությունը մեծանում է։ Որքան շատ տարածվի վիրուսը, այնքան ավելի շատ փոփոխությունների այն կենթարկվի։
Օմիկրոնի նման նոր ենթատեսակները հիշեցում են, որ համավարակը դեռ շարունակվում է։ Ուստի, անչափ կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն և շարունակեն հետևել վարակի կանխարգելմանն ուղղված առկա միջոցառումներին, այդ թվում՝ պահպանեն հեռավորություն, դիմակ դնեն, հաճախակի լվանան ձեռքերը և օդափոխեն տարածքները։
Բացի այդ, շատ կարևոր է, որ պատվաստանյութերը և հանրային առողջության այլ միջոցները բոլորին հասանելի լինեն։ Պատվաստանյութերի անհավասար հասանելիությունը մի շարք ցածր եկամուտ ունեցող երկրներում (այդ երկրներից շատերը գտնվում են Աֆրիկայում) բոլորիս է թողնում ՔՈՎԻԴ-19-ի իշխանության տակ։ Կարևոր է, որ հարուստ երկրներն աջակցեն վերջիններիս՝ պատվաստանյութեր տրամադրելով։
Ո՞ր երկրներում է գրանցվել Օմիկրոն ենթատեսակը։
Օմիկրոն ենթատեսակը, առաջին անգամ 2021 թվականի նոյեմբերին հայտնաբերվելուց ի վեր, արդեն իսկ առկա է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Արդո՞ք Օմիկրոն ենթատեսակն ավելի վտանգավոր է, քան ՔՈՎԻԴ-ի մյուս ենթատեսակները։
Հետազոտությունների վաղ արդյունքները ցույց են տալիս, որ Օմիկրոնի հոսպիտալացման վտանգն ավելի փոքր է, քան Դելտա ենթատեսակինը։ Սակայն ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այն չպետք է անտեսվի որպես «մեղմ» ենթատեսակ: Ակնկալվում է, որ այս ենթատեսակի տարածման ավելի բարձր ցուցանիշը կհանգեցնի հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց թվի աճի: Այդ աճը լարվածություն է առաջացնում բուժաշխատողների և առողջապահական համակարգերի վրա, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի:
Կարևոր է հիշել, որ ՔՈՎԻԴ-19-ի բոլոր ենթատեսակները, այդ թվում՝ Դելտա ենթատեսակը, որը դեռ գերակշռում է աշխարհում, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի կամ մահվան: Ահա թե ինչու է այդքան կարևոր կանխարգելել վարակի տարածումը և նվազեցնել վարակվելու վտանգը։
Արդո՞ք Օմիկրոն ենթատեսակն ավելի վարակիչ է։
Օմիկրոնն ավելի արագ է տարածվում, քան մյուս ենթատեսակները։ Հիմնվելով առկա տվյալների վրա՝ ԱՀԿ-ն կարծում է, որ հավանական է՝ Օմիկրոնը գերազանցի Դելտա ենթատեսակին այն երկրներում, որտեղ առկա է վարակի փոխանցում համայնքներում։
Այդուհանդերձ, պատվաստված լինելը և կանխարգելիչ միջոցառումներին հետևելը՝ մարդաշատ վայրերից խուսափելը, հեռավորություն պահպանելը և դիմակ դնելը խիստ կարևոր նշանակություն ունեն ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխարգելելուգործում։ Մենք հստակ գիտենք, որ այս գործողություններն արդյունավետ են եղել վարակի մյուս ենթատեսակների պարագայում։
Արդյո՞ք Օմիկրոն ենթատեսակի ախտանշաններն այլ են։
Չկա տեղեկատվություն, որը կենթադրի, որ Օմիկրոնի ախտանշանները տարբերվում են ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների ախտանշաններից։
ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն արդյունավե՞տ են Օմիկրոն ենթատեսակի դեմ։
Գիտնականներն ուսումնասիրում են Օմիկրոնի հնարավոր ազդեցությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վրա։ Տվյալները դեռևս սահմանափակ են, սակայն հնարավոր է ծանր հիվանդության և մահվան դեմ պատվաստանյութերի արդյունավետության փոքր նվազում, ինչպես նաև՝ մեղմ հիվանդությունների և վարակման կանխարգելման անկում: Այդուհանդերձ, ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ մինչ օրս առկա տվյալները ցույց են տալիս, որ առկա պատվաստանյութերը նշանակալիորեն պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և մահից։
Բացի այդ, կարևոր է պատվաստվել պաշտպանվելու համար մյուս լայն տարածում գտած ենթատեսակներից, ինչպիսին է, օրինակ, Դելտան։ Պատվաստվե՛ք։ Եթե ձեր ստացած պատվաստանյութը երկու դեղաչափով է, կարևոր է երկուսն էլ ստանալ՝ առավելագույն պաշտպանություն ձևավորելու համար։
ՔՈՎԻԴ-19-ով նախկինում վարակված լինելը Օմիկրոնի դեմ արդյունավե՞տ պաշտպանություն է։
Ըստ ԱՀԿ-ի՝ հետազոտությունների նախնական տվյալները ենթադրում են, որ նախկին վարակվածությունը ավելի քիչ է պաշտպանում Օմիկրոնից, քան մտահոգություն առաջացնող այլ ենթատեսակներից, ինչպիսին է Դելտան։ Սակայն տեղեկությունները դեռևս սահմանափակ են: Նոր տվյալների ի հայտ գալուն պես՝ կտեղեկացնենք:
Հարկավոր է պատվաստվել, նույնիսկ եթե նախկինում վարակվել եք ՔՈՎԻԴ 19-ով։ Թեև ՔՈՎԻԴ-ից ապաքինված մարդիկ կարող են ունենալ հիվանդության դեմ բնականորեն ձևավորված իմունային համակարգ, դեռևս հայտնի չէ, թե որքան երկար է այն պահպանվում կամ որքան լավ է պաշտպանում։ Պատվաստանյութերն ապահովում են ավելի վստահելի պաշտպանություն։
ՔՈՎԻԴ-19-ի ներկայի թեստերը կարողանո՞ւմ են հայտնաբերել Օմիկրոն ենթատեսակը։
Լայնորեն կիրառվող ՊՇՌ թեստերը և արագ հակագեն թեստերը շարունակում են հայտնաբերել ՔՈՎԻԴ-19-ի վարակը, այդ թվում՝ Օմիկրոնը։
Արյո՞ք ավելի հավանական է, որ երեխաները վարակվեն Օմիկրոն ենթատեսակով։
Հետազոտություններ են իրականցվում պարզելու Օմիկրոնի փոխանցելիությունը: Կտեղեկացնենք, երբ նոր տվյալներ ի հայտ գան։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր սոցիալական շատ շփումներ են ունենում և նրանք, ովքեր պատվաստված չեն, ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ավելի մեծ հավանականությամբ կարող են վարակվել։
Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել ինձ և ընտանիքիս Օմիկրոն ենթատեսակից։
Ամենակարևորը վարակվելու վտանգը նվազեցնելն է։ Ձեզ և ձեր սիրելիներին պաշտանելու համար․
- Դիմակ դրեք, որը ծածկում է բերանը և քիթը։ Համոզվ՛ք, որ դիմակը դնելիս և հանելիս ձեր ձեռքերը մաքուր են։
- Պահպանե՛ք մյուսներից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն։
- Խուսափե՛ք վատ օդափոխվող և մարդաշատ վայրերից։
- Բացե՛ք պատուհանները՝ ներսում օդափոխությունը բարելավելու համար։
- Հաճախակի՛ լվացեք ձեռքերը։
- Պավաստվե՛ք։ ԱՀԿ-ի կողմից հաստատված բոլոր պատվաստանյութերն ապահով են և արդյունավետ։
Ինչպե՞ս կարող եմ երեխաներիս հետ խոսել Օմիկրոնի և ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների մասին։
ՔՈՎԻԴ-19-ի և այժմ նաև Օմիկրոնի մասին լուրերը հեղեղել են մեր առօրյան, և բնական է, որ հետաքրքրասեր փոքրիկները բազմաթիվ հարցեր ունենան: Ահա մի քանի խորհուրդ, որ արժե մտապահել: Դրանք կօգնեն պարզ և հուսադրող բառերով բացատրել այս բարդ թեման:
Երեխաներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում, բայց բացատրությունը պետք է լինի նրանց տարիքին համապատասխան:
Խնդրե՛ք ձեր երեխային պատմել այն, ինչ նա լսել է և լսեք նրա պատասխանները: Կարևոր է լիովին ներգրավված լինել և լրջորեն վերաբերվել երեխայի մտավախություններին: Համբերատար եղեք. համավարակը և ապատեղեկատվությունը բոլորին է մեծ անհանգստություն պատճառել և անորոշություն առաջացրել։
Համոզվեք, որ դուք ինքներդ տիրապետում եք ամենաթարմ տեղեկությանը: Այնպիսի միջազգային կազմակերպությունների կայքերը, ինպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն, համավարակի մասին ճշգրիտ տեղեկության հրաշալի աղբյուր են:
Եթե չգիտեք պատասխանը, մի՛ գուշակեք։ Պատասխանները կարող եք միասին ուսումնասիրել։
Հիշեք, որ երեխաների հուզական վիճակը կախված է մեծերից։ Այնպես որ, նույնիսկ եթե դուք անհանգստանում եք, փորձեք ձեր վախերը երեխայի վրա չտարածել:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: