Երեխաների համար հինգ հնարավորություն, որոնցից պետք է օգտվել հիմա

Բաց նամակ այն մասին, թե ինչու եմ ես հավատում, որ մենք կարող ենք կառուցել հետհամավարակային ավելի լավ աշխարհ յուրաքանչյուր երեխայի համար:

Գործադիր տնօրեն Հենրիետա Ֆոր
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիտա Ֆորը:
UNICEF/UN0264630
18 Փետրվար 2021

ՔՈՎԻԴ-19-ը իրապես առաջին համաշխարհային ճգնաժամն է, որ տեղի է ունենում մեր ժամանակներում: Անկախ ապրելու վայրից՝ համավարակն ազդում է յուրաքանչյուրիս վրա, հատկապես երեխաների: Միլիոնավոր մարդիկ այսօր չեն օգտվում հիմնական բժշկական, կրթական կամ սոցիալական ծառայություններից, պարզապես որովհետև ծնվել են աղքատ ընտանիքներում կամ ներկայացնում են բնակչության առանձին՝ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբեր: ՔՈՎԻԴ-19-ը խորացրել է այդ անհավասարությունը, և համավարակի սոցիալական, տնտեսական ու առողջապահական ազդեցությունները կզգացվեն առաջիկա տարիներին:

Սակայն նշված մարտահրավերներից վախենալու կամ խուճապի մատնվելու ժամանակը չէ: Քանի որ մոտենում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրման 75-ամյակը, պետք է հիշենք, որ այս կազմակերպությունը ստեղծվել է մեկ այլ պատմական ճգնաժամի՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ կարելի էր հեշտությամբ կքել աշխարհը ցնցած պատերազմի հետևանքով երեխաների առջև ծառացած խնդիրների ծանրության տակ: Սակայն մենք արեցինք ամեն հնարավորը: Մենք կառուցեցինք առողջապահության և բարեկեցության նոր համակարգեր ամբողջ աշխարհում, հաղթահարեցինք սև ծաղիկն ու պոլիոմիելիտը, հիմնեցինք Միացյալ ազգերի կազմակերպությունը:

Պատմությունը կրկնվում է: Նախկին համաշխարհային ճգնաժամերի՝ համավարակների, պատերազմների ընթացքում առաջնորդները համախմբվել են՝ միասին բանակցելու համաձայնագրերի շուրջ՝ փորձելով գտնել խաղաղության վերահաստատման, վերականգնման, վերակառուցման և համագործակցության նոր ուղիներ:

Անհրաժեշտ է վերամիավորել աշխարհը մեր երեխաների պաշտպանության գործնական ու հստակ ծրագրի շուրջ, որպես խոստում մեր սերնդից հաջորդին՝ ներդրումներ անելու երեխաների կրթության և առողջապահության ոլորտներում, կառուցելու ավելի դիմակայուն համակարգեր ու ծառայություններ, որոնք կարող են հասանելի լինել բոլոր երեխաներին՝ համոզված լինելով, որ սուղ բյուջեն և տնտեսական դժվարությունները չեն վնասի նրանց:

Սթափ գնահատելով այն մարտահրավերների ծավալը, որ ծառացած է աշխարհի երեխաների առջև, մենք կարող ենք նաև առաջ շարժվել գործընկերության և համերաշխության ամրապնդման ուղղությամբ՝ խարսխվելով անցյալի վրա և հավակնելով ու հավատալով ապագային: Խոսքը անցյալին վերադառնալու մասին չէ, քանի որ հարյուր միլիոնավոր երեխաների համար ամբողջ աշխարհում եղած «նորմալ»-ը դեռ «բավարարը» չէր:

Ահա այն հինգ հնարավորությունները, որ երևան են եկել աշխարհի երեխաների համար համավարակի հետևանքով, և այն հինգ դասերը, որ կօգնեն հասկանալու, թե ինչպես մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա նրանց համար, ինչը որ արտացոլված է երիտասարդների խոսքերում:

 

1. ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել
2. ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ հաղթահարելը կարող է օգնել բոլորի համար որակյալ կրթություն ապահովելուն
3. ՔՈՎԻԴ-19-ը կենտրոնացրել է ուշադրությունը երիտասարդության ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ վրա
4. ՔՈՎԻԴ-19-ը, ի տարբերություն մեր հասարակությունների, խտրություն չի դնում
5. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ մեկ այլ համաշխարհային ճգնաժամ է, որը չի կարող սպասել

«Պատվաստումները քննադատողների աճող հռետորաբանությունը դնում է մեզ այնպիսի մահացու հիվանդությունների ռիսկի տակ, որոնք այս դարաշրջանում պետք է վերացված լինեին: Ոչ ոք չպետք է դառնա այնպիսի հիվանդությունների զոհ, որոնք հնարավոր էր կանխել պատվաստման միջոցով: Ոչ ոք»:

Ռիդհի, Թաիլանդ

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել

 

Պատմությունն ու գիտությունը փաստում են, որ վարակների վերացման, մեր կյանքն ու կենսակերպը վերակառուցելու լավագույն լուծումը պատվաստումներն են: Միաժամանակ Ռիդհին հիշեցնում է, որ մեծ է ռիսկը, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները չեն հասնի բոլոր կարիքավորներին:

Պատվաստման հարցում վարանելը խոր ազդեցություն է թողնում համավարակը հաղթահարելու մեր կարողության վրա: 27 երկրներում մոտ 20 000 չափահասների հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդը հրաժարվում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից: Ամերիկացիների շրջանում արված նման հետազոտության համաձայն՝ առողջապահության ոլորտի պետական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից ոչ հստակ ու ոչ հետևողական տեղեկատվությունը կարող է նվազեցնել պատվաստումների օգտագործումը:

Միաժամանակ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվությունը դարձել է մեծ և աճող բիզնես: Պատվաստման դեմ հանդես եկողները կարողացել են առնվազն 20 տոկոսով ավելացնել իրենց հետևորդների թիվը համավարակի ընթացքում: Ըստ Ավաազի՝ առողջապահության ոլորտում հետազոտողների կողմից հայտնաբերված ապատեղեկատվություն տարածող առաջին տասը կայքերը գրեթե չորս անգամ ավելի շատ դիտում ունեն Ֆեյսբուքում, քան առողջապահության ոլորտի կայքերը:

Այսպես՝ մենք նահանջում ենք վստահության դիրքերից, իսկ առանց վստահության ցանկացած պատվաստուկ պարզապես անօգուտ է: Սակայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստուկների համընդհանուր տարածմամբ մենք հնարավորություն ենք ստանում իրապես օգնելու բոլոր երեխաներին կենսական նշանակության պատվաստումներով: Լույսը թունելի վերջում պետք է շողա բոլորի համար:

 

Ի՞նչ է պետք անել

Այժմ, երբ աշխարհում արդեն կան ՔՈՎԻԴ-19-ի դեմ բազմաթիվ պատվաստուկներ, կարող ենք մեր ուշադրությունը սևեռել երկար և դժվար պայքարի վրա, որպեսզի վերացնենք մոլորակից այս համավարակը՝ հիմնվելով արդարության և հավասարության վրա՝ հասնելու ամենաաղքատներին և խոցելիներին:

Արդեն նախապատրաստվում ենք այդ օրվան: ՅՈՒՆԻՍԵՖ-ը «COVAX» նախաձեռնության «Advanced Market Commitment Engagement Group»-ում ներգրավված գործընկեր է, որը համաշխարհային համագործակցություն է՝ միտված երաշխավորելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստուկների հավասար և արդար հասանելիությունն ամբողջ աշխարհում: Մեր նպատակն է ապահովել, որ ոչ մի երկիր, ոչ մի ընտանիք և ոչ մի երեխա դուրս չմնա հերթից այն պահին, երբ պատվաստուկները հասանելի կլինեն: Մենք դա կանենք ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստուկների ձեռքբերման և մատակարարման ուղղությամբ ջանքեր ներդնելով՝ օգտագործելով մեր առկա ենթակառուցվածքը՝ հեշտացնելու դրանց առաքման բարդ գործընթացը նույնիսկ ամենահեռավոր շրջաններ: Կառավարությունները պետք է համագործակցեն՝ ապահովելու, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստուկները լինեն մատչելի և հասանելի բոլոր երկրներում:

Սակայն քանի որ յուրաքանչյուր պատվաստուկի ամենակարևոր բաղադրիչը վստահությունն է, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է համաշխարհային առցանց արշավ՝ ստեղծելու հանրային աջակցություն և բարձրացնելու բոլոր պատվաստուկների նշանակության և արդյունավետության վերաբերյալ տեղական իրազեկվածությունը:

Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կարող են մեծ դեր խաղալ՝ նախաձեռնելով առաջին քայլերը վտանգավոր ապատեղեկատվության տարածումը իրենց հարթակներում կանխելու ուղղությամբ: Հոկտեմբերին Ֆեյսբուքը հայտարարեց պատվաստումները քննադատող գովազդների արգելման իր համաշխարհային նոր քաղաքականության մասին: Կարճ ժամանակ անց պատվաստումների դեմ հանդես եկողների նկատմամբ արգելքների ծրագրով հանդես եկավ նաև Յութուբը՝ հեռացնելով այն տեսանյութերը, որ պարունակում էին ապատեղեկատվություն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստուկների վերաբերյալ: Սակայն կարելի է անել ավելին: Սոցիալական ցանցերում անհրաժեշտ են միջոցառումներ, որ կհատկորոշեն և կհեռացնեն այն տեղեկությունները, որ խեղաթյուրում են ճշմարտությունը:

Պատվաստման հարցում վարանելը չի վերաբերում միայն ՔՈՎԻԴ-19-ին: Ըստ ԱՀԿ-ի՝ 2019 թվականին պատվաստումների հանդեպ երկմտանքը հանրային առողջության տասը սպառնալիքներից մեկն էր, իսկ առանց վստահության պատվաստուկն ընդամենը թանկարժեք սրվակ է բժշկի սենյակում:

Աղջնակը նստած իր սենյակում համակարգչով դաս է անում։
UNICEF

«Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որ դպրոցները լսեն աշակերտների կարծիքը և գտնեն ճանապարհներ առցանց կրթական ծրագրերը բարելավելու համար: Նույնիսկ համավարակից հետո հեռավար ուսուցումը կարող է արժեքավոր գործիք դառնալ կրթությունը հասանելի և ճկուն դարձնելու համար»:

Կամոգելո, Հարավային Աֆրիկա

ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ հաղթահարելը կարող է օգնել բոլորի համար որակյալ կրթություն ապահովելուն

 

Կամոգելոն իրավացի է: Երբ 2020 թվականի սկզբում բոլոր դպրոցները փակվում էին, աշխարհի դպրոցահասակ երեխաների 30 տոկոսը ի վիճակի չէր օգտվելու առցանց կրթական ծրագրերից: Իրականում աշխարհի երկրներում ապրող ընտանիքների մոտ կեսն է միայն ի վիճակի ապահովելու համացանցի հասանելիություն:

Խոսքը այն նույն երեխաների մասին է, որոնց համար որակյալ կրթության հասանելիությունը հազիվ թե հավանական է: Այն փաստը, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տասը տարեկան երեխաների 50 տոկոսը տարրական դպրոցն ավարտելուց հետո չի կարող կարդալ և հասկանալ պարզ պատմություններ, ընդգծում է կրթության ոլորտում համաշխարհային ճգնաժամի առկայությունը: Մինչև չկարողանանք հաղթահարել թվային մեկուսացումը, երիտասարդների այս արագորեն աճող խումբը ուշադրությունից դուրս կմնա:

Հարցի հրատապությունն ավելի է ընդգծվում համավարակի պայմաններում: Մեզ տրվել է մեր սերնդի համար առանձնահատուկ հնարավորություն՝ ապահովելու համացանցի հասանելիությունը բոլոր դպրոցների և երեխաների համար և տրամադրել նոր, թվային գործիքներ, որոնք կօգնեն նրանց զարգացնելու իրենց ներուժն իրացնելու հմտությունները ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում և դրանից հետո:

 

Ի՞նչ է պետք անել

Կառավարությունները պետք է առաջնահերթություն տան դպրոցների վերաբացմանը և ձեռնարկեն բոլոր միջոցները անվտանգ վերաբացման համար: Սակայն ուսումնառության գործընթացում այսքան երկարատև դադարը նաև հնարավորություն է խորհելու, թե ինչպես ենք մենք ապահովում կրթությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Կրթության վերաիմաստավորում» նախաձեռնությունը հեղաշրջում է ուսուցման և հմտությունների զարգացման մեջ՝ ապահովելու համար յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթությամբ՝ թվային ուսուցման, համացանցի, սարքերի, մատչելի տվյալների և երիտասարդներին ներգրավելու միջոցով: 2021 թվականի վերջին մենք ծրագրում ենք աջակցել 500 միլիոն, իսկ 2030-ին՝ 3.5 միլիարդ երեխայի: Այսօր տասնյակ մասնավոր կազմակերպությունների և պետական կառույցների հետ ծրագրվում է տրամադրել ձեռնարկներ հեռավոր համայնքներին, աջակցել կրթական ռադիոհաղորդումների պատրաստման աշխատանքներին և ապահովել կրթություն երեխաների համար իրենց բնակավայրերում, այդ թվում՝ ակնթարթային հաղորդագրությունների հավելվածների (sms, whatsapp և այլն) և ներբեռնելի հեռուստա-, ռադիոծրագրերի (podcast) միջոցով:

Թվային գործիքները կարող են փոխել խաղի կանոնները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ թվային կրթության գործիքակազմը ընդլայնում է հիմնարար, փոխանցելի, աշխատանքային ու թվային հմտությունների հասանելիությունը ամենադժվար հասանելի վայրերում ապրող և ամենախոցելի բնակչության համար: Օրինակ՝ մենք համագործակցում ենք «Մայքրոսոֆթ» ընկերության հետ «Ուսումնական անձնագրեր»-ի ուղղությամբ, որը մի հարթակ է, որն ապահովում է առցանց և անցանց դպրոցական ծրագրերի հասանելիություն մի քանի լեզուներով, նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում, համագործակցում ենք «Քան» ակադեմիայի հետ հիմնարար, թվային և ԳՏՃՄ հմտությունների ապահովման ուղղությամբ, նաև նախատեսում ենք թվային ծրագիր փախստականների և միգրանտների համար՝ սովորեցնելով նրանց հյուրընկալող երկրների (համայնքների) լեզուն՝ կրթության և աշխատանքային հնարավորություններից օգտվելու համար, աշխատում ենք «Age of Learning» հիմնադրամի հետ՝ փորձելով ապահովել դպրոցական պատրաստվածության, գրագիտության ու թվաբանության մատչելիությունը աշխարհի ավելի քան 180 000 աշակերտների համար:

Սակայն ուսուցման գործիքների կիրառումը պայմանավորված է կապի ապահովմամբ: Վերջինս ընդլայնելու նպատակով մենք համագործակցում ենք պետական կառույցների ու մասնավոր կազմակերպությունների հետ «GIGA» նախաձեռնության շրջանակում, որը միտված է ընդլայնելու համացանցի հասանելիությունը բոլոր երեխաների, համայնքների և դպրոցների համար մինչև 2030 թվականը:

Որպես այդ գործընթացի մաս՝ մենք վերջերս նախաձեռնեցինք գլոբալ համագործակցության ծրագիր «Ericsson»-ի հետ՝ փորձելով քարտեզագրել դպրոցների՝ համացանցին միացվածությունը 35 երկրներում մինչև 2023 թվականի ավարտը: Դա առաջին վճռական քայլն էր դեպի թվային ուսուցման գործիքների հասանելիություն բոլոր երեխաների համար:

Ինչպես հիշեցնում է Կամոգելոն, այս վճռական պահին թվային լուծումների ներուժն ընդգրկելով, մենք կարող ենք հեղաշրջում առաջացնել ուսուցման և հմտությունների զարգացման մեջ երեխաների մի ամբողջ սերնդի համար:

Դեռահասը գիրք է կարդում կանաչ այգում նստած։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

«Ինչո՞ւ ենք մենք վերաբերվում հոգեկան առողջությանը որպես ոչ կարևոր խնդրի: Ինչո՞ւ ենք վշտացած մարդուն ասում՝ դու շատ ես մտածում»: Ինչո՞ւ ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին անվանում խելագար: Ժամանակն է մի կողմ դնել այդ կարծրատիպերը և ընդունել, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը»:

Տուուլիիկաա, Հնդկաստան

ՔՈՎԻԴ-19-ը կենտրոնացրել է ուշադրությունը երիտասարդության ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ վրա

 

Տուուլիիկաան իրավացի է. հոգեկան առողջությունը չափազանց կարևոր է, նույնքան կարևոր, որքան ֆիզիկական առողջությունը, հատկապես մանկական և պատանեկան տարիքում, երբ ձևավորվում են ճանաչողական և սովորելու ունակությունները, զգացական գիտակցությունը և սթրեսային իրավիճակներին դիմակայելու կարողությունը:

Կրկին, համավարակը ընդգծում է, թե որքան խոցելի են երեխաներն ու երիտասարդները:

ՔՈՎԻԴ-19-ը հիմնովին փոխել է աշխարհի բոլոր երեխաների կյանքը՝ խաթարելով դպրոց հաճախելու և բակում խաղալու նրանց սովորական կենսակերպը: Մեկուսացումը զրկել է դեռահասներին հասակակիցների հետ սովորական շփումից, ինչն այնքան անհրաժեշտ է նրանց կյանքի այդ փուլում: Իսկ ընտանիքում բռնության, անուշադրության կամ չարաշահումների զոհ դարձած երեխաների մեկուսացումը նրանցից շատերին ստիպել է մնալ փակ դռների հետևում բռնարարների հետ, առանց որևէ աջակցության, որ սովորաբար կտրամադրվեր դպրոցներում, ընտանիքներում և համայնքներում: ՔՈՎԻԴ-19-ը կա՛մ խոչընդոտել, կա՛մ դադարեցրել է հոգեկան առողջության անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը աշխարհի 93 տոկոս երկրներում: 

Այս խնդիրները պարզապես բարդացնում են առկա իրավիճակը: Նախորդ նամակում ես գրել էի 18 տարեկանների շրջանում՝ երիտասարդների զարգացման կարևորագույն փուլում, հոգեկան առողջության խնդիրների տարածվածության մասին: Հոգեկան առողջության խնդիրների կեսը զարգանում է մինչև 15 տարեկանը, իսկ 75 տոկոսը՝ մինչև վաղ հասունություն: Ինքնասպանությամբ կյանքին վերջ տվող 800 000 մարդկանց մեծ մասը երիտասարդներ են, իսկ ինքնավնասումը մահացության ամենատարածված երկրորդ պատճառն է 15-19 տարեկան աղջիկների շրջանում:

Դժբախտաբար, բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ չեն դիմում օգնության բռնության զոհ լինելու կամ հոգեկան խնդիր ունենալու խարանի և խտրականության պատճառով: Հոգեկան առողջության ոլորտը գրեթե ամենուր թերի է ֆինանսավորվում, հետևաբար կառավարությունները պետք է փորձեն ավելին անել: Ցածր եկամուտ ունեցող երկրներում առողջապահության բյուջեի 1 տոկոսից քիչն է ուղղվում հոգեկան առողջության ոլորտին:

Երեխաների և երիտասարդների առջև ծառացած են հոգեկան առողջության մի շարք մարտահրավերներ, և այս համավարակը նաև չափահասների ու երեխաների շրջանում հոգեկան առողջության մասին խոսելու և սովորելու հնարավորություն է:

 

Ի՞նչ է պետք է անել

Տուուլիիկաայի նման երիտասարդները աջակցության կոչ են անում, և մենք պարտավոր ենք ականջալուր լինել նրանց:

Որոշ կառավարություններ, ինչպես Բանգլադեշում, Վրաստանում և Հնդկաստանում, ստեղծել են հեռախոսային անվճար կապի ծառայություններ, որոնք կենսական օգնություն և աջակցություն են տրամադրում երեխաներին: «India's Childline» կազմակերպությունը համավարակի հետևանքով մեկուսացման առաջին 11 օրվա ընթացքում ստացել է բռնության ավելի քան 92 000 ահազանգ, այսինքն՝ 50 տոկոսով ավելի:

Ղազախստանում, որտեղ դեռահասների շրջանում ինքնասպանության մակարդակն ամենաբարձրերից մեկն է աշխարհում, 2020 թվականի ապրիլին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնել է դեռահասների անհատական խորհրդատվության հարթակ համավարակի առաջացրած տագնապի, սթրեսի և անորոշության հաղթահարմանն ուղղված՝ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կրթության և վերապատրաստման ծրագրի հետ համատեղ: Ավելի քան 5 000 դպրոցական հոգեբան և հոգեկան առողջության մասնագետ է վերապատրաստվել ընդամենը երեք ամսում:

Երկրում իրականացվող այլ ծրագրերը միտված են դեռահասների սոցիալական շփման խթանմանը հասակակիցների փոխադարձ աջակցության խմբերի ստեղծմամբ և ծնողների հետ քննարկումների միջոցով, որոնք կվերացնեն հոգեկան առողջության հետ կապված խարանը՝ ապահովելով փոխըմբռնում և հոգատարություն խորհրդատվության և աջակցության միջոցով: Նմանապես, աշխարհի տարբեր կազմակերպություններ աշխատում են երիտասարդների հետ՝ նպատակ ունենալով փորձված միջամտությունների և արշավների միջոցով կարգավորել հոգեկան առողջության խնդիրների առկայության դեպքում նրանց կողմից աջակցության դիմելու գործընթացը: Օրինակ՝ «Time to Change» ծրագիրը միտված է վերջ դնելու հոգեկան առողջության խնդիրներով անձանց նկատմամբ խտրականությանը Միացյալ Թագավորությունում՝ ուսուցիչների, տնտեսվարների և աշակերտների հետ զրուցելով խարանի վերացման մասին և աջակցելով երիտասարդներին:

Անհրաժեշտ է անել ավելին. երկրները բավարար ֆինանսավորում պետք է տրամադրեն խնդրի լուծման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնեն հոգեկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունները և աջակցություն տրամադրեն երիտասարդներին համայնքներում և դպրոցներում, զարգացնեն ծնողավարման ծրագրերը, որպեսզի տանը պաշտպանության կարիք ունեցող, խոցելի ընտանիքների երեխաները կարողանան ստանալ անհրաժեշտ աջակցությունը:

Դեռահաս աղջիկը նստած է համալսարանի գրադարանում և գիրք է կարդում միայնակ։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

«Մենք պետք է հրաժարվենք այն համոզմունքից, որ անզոր ենք, և գիտակցենք, որ մեր կարողություններն անսահմանափակ են»:

 

Քլովեր, 20 տ., Ավստրալիա

ՔՈՎԻԴ-19-ը, ի տարբերություն մեր հասարակությունների, խտրություն չի դնում

 

Համավարակը ազդել է մոլորակի գրեթե բոլոր մարդկանց վրա, սակայն ոչ հավասարապես: Բազմաթիվ երկրներում էթնիկ պատկանելությունը, գույնը կամ ֆինանսական կարողությունները կարող են դարձնել քեզ հանգամանքների զոհ: Օրինակ՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիները կազմում են բնակչության 13 տոկոսը, սակայն ՔՈՎԻԴ-19-ից մահվան դեպքերի մեկ քառորդը բնակչության այդ խմբում է գրանցվել, և մահացության հավանականությունը նրանց շրջանում գրեթե չորս անգամ ավելի բարձր է, քան սպիտակամորթների շրջանում:

Ամբողջ աշխարհում առաջնագծի և առաջնային ոլորտների աշխատակիցները, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, աղքատներն ու խոցելիները անհամաչափորեն վտանգված են: Նրանք ամենայն հավանականությամբ կհիվանդանան, քանի որ ավելի խոցելի են, և փոքր է հավանականությունը, որ կստանան համապատասխան խնամք և բուժում: Այս ամենը մեծացնում է ռիսկը բոլորիս համար: Հարուստ ես, թե աղքատ, եթե հարևանդ վարակվել է, ապա նույնը սպառնում է քեզ: Այս ճգնաժամը չի անհետանա ոչ ոքի համար, մինչև բոլորս չհաղթահարենք այն: Իսկ աղքատությունն արագորեն աճում է: Ամբողջ աշխարհում աղքատ ընտանիքներում ապրող երեխաների թիվը, ըստ հաշվարկների, 2020 թվականի վերջում աճել է 142 միլիոնով:

Սակայն աղքատությունն ազդում է ոչ միայն առողջության վրա: Ամենաաղքատ ընտանիքների երեխաները ոչ միայն ի վիճակի չեն պաշտպանվելու վարակից, այլև չեն կարող օգտվել հեռակա ուսուցման հնարավորություններից, առօրյա հիգիենիկ պարագաներից և ծառայություններից:

Մարդասիրական ճգնաժամերի շրջանում ապրող երեխաների դեպքում ռիսկերն ավելի մեծ են: Երեխաները ոչ միայն երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ կարող են հայտնվել աղքատության մեջ, քան չափահասները, այլև նրանք առավել զգայուն են աղքատության անդառնալի հետևանքների նկատմամբ, որ առաջ են գալիս ամբողջ կյանքի ընթացքում: Երեխաները հազվադեպ են ունենում անհրաժեշտ սնունդ, որակյալ կրթություն կամ պատշաճ բժշկական ծառայություններ ստանալու երկրորդ հնարավորություն, որը թույլ կտա նրանց գոյատևել, բարգավաճել և զարգանալ: Եթե որևէ բան չարվի, հետևանքները կմնան ամբողջ կյանքի ընթացքում:

 

Ի՞նչ է պետք անել

 Ըստ Քլովերի համակողմանի բացատրության՝ երեխաներն ու երիտասարդներն անզոր չեն: Մենք պետք է համոզված լինենք, որ ցանկացած երեխա հնարավորություն ունի մասնակցելու հասարակական կյանքին, և ապահովենք բոլոր երեխաների ընդգրկվածությունը՝ անկախ սեռից, ռասայական, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Անհրաժեշտ է նոր հանձնառություն անհավասարության և խտրականության դեմ պայքարելու համար: Ինչպես այս տարի նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա. Գուտերեշը, մեզ ոչ միայն անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության ոլորտում նոր քաղաքականություններ, այլև պետք է վերացնել խոր արմատավորված գենդերային, ռասայական կամ էթնիկ խտրականությունը թիրախավորված ծրագրերի ու քաղաքականությունների միջոցով:

Այսօր մեզ համար սովորական թվացող ամենաանհրաժեշտ ծառայությունները հասանելի չեն բազմաթիվ երեխաների համար: Օրինակ՝ մաքուր ջուրն ու օճառը ՔՈՎԻԴ-19-ը և այլ հիվանդությունները կանխելու հիմնական միջոցներ են: Երեխաներին վարակներից և մանրէներից պաշտպանելու նպատակով Էկվադորի և այլ երկրների շուկաներում, առողջապահական կենտրոններում և դպրոցներում տեղադրվել են այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են շարժական լվացարանները, որոնք աշխատում են ոտնակներով, որպեսզի կանխեն մակերևույթների հետ հնարավոր շփումը:

Սոցիալական պաշտպանության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են առձեռն փոխանցումները, կարող են կարևոր գործիք լինել ոչ միայն կարճաժամկետ հեռանկարոմ ընտանիքներին աջակցություն տրամադրելու գործում, այլև անհավասարության դեմ ավելի ընդգրկուն պայքարում՝ ապահովելով աջակցություն երեխաներին դպրոց և բժշկական հաստատություններ ուղարկելու համար, գնելու որակյալ սնունդ և նվազեցնելու անչափահասների շահագործումը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր համագործակցում է 115 երկրների կառավարությունների հետ՝ նպաստելով ՔՈՎԻԴ-19-ի մարտահրավերներին արձագանքելու և վերականգնման ընդլայնված սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացմանը: Նախորդ ճգնաժամներից կուտակված փորձը ցույց է տվել, որ սոցիալական պաշտպանությունը առաջնահերթ է, նույնիսկ տնտեսական դժվարությունների ժամանակ: Քանի որ կառավարությունները ծրագրում են բնակչության պաշտպանություն ՔՈՎԻԴ-19-ի հետևանքներից, նրանք պետք է պաշտպանեն սոցիալական բոլոր ծառայություններում արվող ներդրումները կրճատումներից և երաշխավորեն ծառայությունների մատուցումն ապահովելու համար առկա ռեսուրսների արդյունավետ գործածումը:

Մայրիկը իր փոքրիկի հետ ջրում է ջերմուցում աճող բույսերին։
UNICEF Armenia/2014/Mariam Ava

«Մեզ համար շատ բան է փոխվել, քանի որ չենք կարող դուրս գալ և պահանջել գործողություններ, սակայն դա չի նշանակում, որ կլիմայի փոփոխության դեմ կազմակերպված շարժումները լռեցվել են… Մեզ հնարավոր չէ լռեցնել: Կլիմայական ճգնաժամը դեռ շարունակվում է, այն չի վերացել և չի փոխվել»:

Վանեսա, Ուգանդա

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ մեկ այլ համաշխարհային ճգնաժամ է, որը չի կարող սպասել

 

ՔՈՎԻԴ-19-ը մեզ սովորեցրել է, որ գլոբալ խնդիրները պահանջում են գլոբալ լուծումներ: Կլիմայի փոփոխություններից ամենաշատը տուժում են հենց երեխաները: Օդի, խմելու ջրի և սննդի որակի փոփոխությունները երեխաներին խոցելի են դարձնում: Նրանք խոցելի են դառնում նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով առաջ եկած ջրածին հիվանդությունների բռնկումների և ջրի ու սննդի սակավության դեպքերում: Ընթացիկ հետագծի կանխատեսմամբ ընդամենը 20 տարի հետո ամբողջ աշխարհում 4 երեխաներից մեկը կապրի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում: Որպես չափահասներ՝ մենք պատասխանատու ենք մոլորակի առողջության համար, որը թողնելու ենք մեր երեխաներին:

Կլիմայի փոփոխության խնդրի լուծման ձախողումը միայն կխորացնի անհավասարությունը: 2050 թվականի դրությամբ կլիմայի փոփոխության ընդհանուր վնասը կհասնի 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի՝ ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն նվազեցնելով ևս 3 տոկոսով, իսկ աղքատ երկրներում՝ ավելի շատ: Եթե չգործենք հիմա, ավելի քան 1 միլիարդ մարդ կկանգնի տեղահանման վտանգի առջև գալիք 30 տարիների ընթացքում, քանի որ կլիմայական ճգնաժամը, բնական աղետները և զինված հակամարտությունները կհանգեցնեն միգրացիայի աճի, ինչը մեծ ազդեցություն կունենա և՛ զարգացող, և՛ զարգացած երկրների վրա:

 

Ի՞նչ է պետք անել

Մենք պետք է կապենք ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնման գործընթացները համարձակ և հրատապ գործողությունների հետ, որոնք առնչվում են կլիմայի փոփոխություններին և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Մեզ անհրաժեշտ են խթանման պետական աջակցության ծրագրեր, որոնք առաջնահերթություն են համարում ածխածնի արտանետումների նվազեցման քաղաքականությունը, և համակարգված համընդհանուր մոտեցումներ, որոնք իրականացվում են տեղական գործողություններին զուգահեռ: Մեզ արդեն հայտնի են լուծումները. ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և հիգիենիկ ծառայությունների ապահովում կլիմայի փոփոխությանը և աղետներին դիմակայելու պայմաններում, ուսուցման ճկուն համակարգի ապահովում անվտանգ և կանաչ դպրոցների ստեղծմամբ, կլիմայի փոփոխության և աղետների պայմաններում բժշկական ծառայությունների տրամադրում, օդի, հողի և ջրի աղտոտման նվազեցում, երիտասարդների ներգրավում՝ որպես փոփոխության դեսպանների և մեր գործընկերների, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված մեր գործողություններում, կլիմայի փոփոխությանը արձագանքող սոցիալական պաշտպանության ապահովում՝ աջակցելու նրանց, ովքեր տուժել են կլիմայի փոփոխության և աղետների հետևանքով, և սննդի արտադրության համապատասխան համակարգերի ու սննդակարգերի ստեղծում:

Քանի դեռ խոշոր ներդրումներ վերը նշված նախաձեռնություններում չեն իրականացվում, ՔՈՎԻԴ-19-ի հետևանքներից վերականգնումը կմնա բարդ առաջադրանք: Այս լուծումներից շատերը շղթայական ազդեցություն կունենան՝ օգուտ բերելով առողջապահության և տնտեսության ոլորտներում, միաժամանակ ամրապնդելով ապագա մարտահրավերներին դիմակայելու կարողություն:

Երբ 17 երկիր ամեն տարի օգտագործում է իրեն հասանելի ջրային պաշարների ավելի քան 80 %-ը, անհրաժեշտ է մտածել մեր երեխաների համար ջրային պաշարներով ապահովված աշխարհի մասին: Ավելի արդյունավետ համագործակցությունն ու ընդհանուր ջրային պաշարների համակարգումը կարող են լինել այն դրդիչ ուժը, որ կբերի խաղաղություն և մեր երեխաների համար ավելի կայուն զարգացող քաղաքներ, կենսակերպ, մաքուր և ապահով շրջակա միջավայր կառուցելու հնարավորություն:

Միաժամանակ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերից օգտվելու հնարավորություն չունեցող բնակչության 40 տոկոսին խմելու ջրով ապահովելըը կարող է կանխել վարակիչ հիվանդությունների տարածումը՝ հանգեցնելով յուրաքանչյուր ներդրված 1 ԱՄՆ դոլարի դիմաց 4 ԱՄՆ դոլարի օգուտի: 21-րդ դարում չկա ոչ մի հիմնավոր պատճառ, թե ինչու մենք չենք կարող մաքուր ջրով և օճառով ապահովել տնային տնտեսություններին, դպրոցներին, հիվանդանոցներին և այլ բժշկական հաստատություններին:

Ընդհանուր առմամբ մենք կարող ենք հետևել Վանեսայի նման երիտասարդների կոչին, որը ոչ միայն պահանջում է փոփոխություն, այլև գործում է այդ ուղղությամբ: Օրինակ՝ Նիգերիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «COVID-19 Innovation Challenge» նախաձեռնության շրջանակում հաղթողը մշակել է կայուն ջրամատակարարման նպատակով արևային վահանակների կիրառման ծրագիր անապահով ու անկայուն ջրամատակարարում ունեցող համայնքների համար:

Նման լուծումները օգտակար են ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում հաղթահարելու ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական ու սոցիալական հետևանքները, այլև կարող են ստեղծել դիմակայունություն և նվազեցնել արտանետումները երկարաժամկետ հեռանկարում:

 

Վերջաբան…

 

2019 թվականին գրված նամակում ես ներկայացրել էի իմ մտահոգությունները և հույսերը երեխաների ու երիտասարդների ապագայի վերաբերյալ: Որտեղի՞ց կարող էի իմանալ գալիք համավարակի մասին, թե որքան հիմնավորված էին այդ մտավախություններս:

Վատ նորությունն այն է, որ ճգնաժամը շարունակվում է, իսկ տնտեսական դժվարությունները՝ խորանում, և դժվար օրերը դեռ առջևում են: Տնտեսական «փոթորիկը» քայքայում է պետությունների բյուջեները և փոխում տասնամյակների զարգացման ու առաջընթացի ուղղությունը: Եթե արագ ու վճռական քայլեր չձեռնարկենք, ապա ազդեցությունները կզգան հաջորդ սերունդները:

Սակայն կա նաև լավ նորություն: Մենք կարող ենք փոփոխել այս միտումը՝ օգտվելով այս պահից՝ որպես աննախադեպ հնարավորությունից՝ վերակառուցելու և վերստեղծելու այն համակարգերը, որոնց վրա հույս են դնում երեխաներն ու երիտասարդները:

Հետևաբար սա գործողության կոչ է՝ ուղղված երեխաներին, երիտասարդներին և առաջնորդներին հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ համաշխարհային ասպարեզի քաղաքական գործիչներին, կրոնական առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին, մարզիկներին, լրատվամիջոցների սեփականատերերին, իրավապաշտպաններին և մեզնից յուրաքանչյուրին:

Միջազգային հանրությունը պետք է նպաստի ներառական վերականգնմանը, որի առաջնահերթությունը երեխաների համար ներդրումների իրականացումն է: Մի շարք հարցերի շրջանակում՝ համացանցում անվտանգությունից ու գաղտնիությունից մինչև թվային ուսուցում, խմելու ջրով ապահովում, մասնավոր կազմակերպությունները պետք է անեն ավելին՝ նորարարական լուծումներով երեխաներին հասնելու և պաշտպանելու նպատակով: Իսկ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել իշխանություններից լինել հաշվետու և պայքարեն խտրականության և անհավասարության դեմ:

Քանի որ այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է բոլոր երեխաների համար նոր ապագա կերտելու 75-ամյակը, եկեք լինենք երեխաների և երիտասարդների կողքին՝ հաստատակամության նոր ոգով՝ ստեղծելով հնարավորություններ, խանդավառելով և աջակցելով նրանց կյանքի բոլոր փուլերում:

ՔՈՎԻԴ-19-ը մարդկության վերջին ճգնաժամը չէ, հետևաբար եկեք գործենք կողք կողքի՝ որպես գործընկերներ, այս համավարակից ավելի ուժեղ դուրս գալու համար: