Դրամական աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառաավարությունը դրամական աջակցություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5000 երեխայի ընտանիքներին:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. աշնանը բռնկված լայնամասշտաբ ռազմական գործողություններ հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանի հարակից շրջաններից շուրջ 90,000[1] մարդ տեղահանվեց։
Տեղահանված շատ ընտանիքներ ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից՝ չունենալով կենսաապահովման նվազագույն միջոցներ։ Հաշվի առնելով նաև կորոնավիրուսային համավարակի գործոնը և Հայաստանի՝ առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ մարտահրավերներն առավել սրվեցին։
Այս մարտահրավերները հաղթահարելու համար ՀՀ կառավարությունը կանանց և երեխաներին ուղղված աջակցության մի շարք միջոցառումներ մշակեց ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացավ ՀՀ կառավարությանը՝ ընտանքիներին աջակցելու մեկ այլ միջոցառում համատեղ իրականացնելու։ 2021թ-ի մայիսին մեկանգամյա կանխիկ դրամական աջակցություն տրամադրվեց 5000 երեխայի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 25 հզ դրամ։
Աջակցությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սեփական միջոցների և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) ֆինանսավորման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և Հայաստանում ընդունող համայնքներին աջակցելու միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում։
Նոր մարտահրավերներ, նոր մեխանիզմներ
«2021թ-ի նոյեմբերից սկսած կառավարությունը սկսեց մշակել դրամական աջակցության տարբեր ծրագրեր՝ քննարկելով միջազգային գործընկերների հետ, թե ինչ մեխանիզմներով դա կարող է իրականացվել»,- նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը՝ հավելելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար հատկապես առաջնահերթ էր, որ աջակցությունը լինի համակարգված, որպեսզի բոլոր ընտանիքներին և երեխաներին նմանատիպ աջակցություն ցուցաբերվի, համընկնում չլինի սոցիալական պաշտպանության այլ ծրագրերի հետ և նաև Հայաստանում բնակչությանը տրամադրվող տարբեր նպաստների չափից բարձր չլինի կամ սահմանված գծերից չշեղվի։
Հովակիմյանի խոսքով՝ թեև կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության կողմից դրամական աջակցության ծրագրեր փորձարկվել էին, սակայն հակամարտության գոտուց տեղահանված ընտանիքների համար նոր ծրագրեր և մեխանիզմներ էին հարկավոր։ Աշխատանքների համակարգումն, իրազեկումն ու նոր մեխանիզմների քննարկումն իրականացվում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համակարգվող ՄԱԿ-ի դրամական աջակցության աշխատանքային խմբի կողմից՝ կառավարության և հումանիտար գործընկերների հետ համատեղ:
«Հուշագիր ստորագրեցինք նախարարության հետ, ապա հաշվի առնելով ֆինանսական տարբեր ընթացակարգերը և արդյունավետությունը, որոշեցինք այդ աջակցությունը տրամադրել միասնական սոցիալական ծառայության միջոցով՝ հզորացնելով և վերափոխելով առկա մեխանիզմները և հնարավորությունները։ Այսինքն՝ միջոցները տրամադրվել են նախարարության կառույցին, որն արդեն ունեցած մեխանիզմներով ու առկա գործընթացներով այդ գումարը տրամադրել է Հայաստանում բնակվող շահառու ընտանիքներին՝ առցանց դիմումների հիման վրա Մայիսին տրամադրված 68 հազարների մեջ տրամադրեցինք ամեն երեխայի հաշվով 25 հազար դրամը», - հստակեցնում է Արմենուհի Հովակիմյանը՝ նշելով, որ հնարավոր դարձավ աջակցել 5000 երեխայի՝ 2500 աղջիկ, 2500 տղա՝ մեծամասամբ մինչև 5 տարեկան։
Ինչո՞ւ դրամական աջակցություն
Հակամարտության թեժ օրերին տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրել էր բնաիրային աջակցություն՝ սնունդ, հիգիենայի փաթեթներ, անկողնային պարագաներ՝ աջակցելով 11 համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին հոգալ տեղահանված և իրենց համայնքում հաստատված ընտանիքների հրատապ կարիքները։
«Հայաստանի վերաբերյալ միջազգային տարբեր վերլուծությունները ու հետազոտությունները, փաստում են, որ հիմնական կարիքների համար դրամական աջակցությունը միշտ եղել է երկրորդ տեղում կացարանից հետո։ Մարդիկ որպես կարիք մեծամասամբ նշել են դրամը։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ արտակարգ իրավիճակների ժամանակ դրամական օգնությունը համարվում է ամենաարժանապատիվ աջակցության ձևը, քանի որ բնաիրային օգնությունը անձնավորված չէ, իսկ մարդիկ ունենում են տարատեսակ կարիքներ, որոնց ճիշտ արձագանքելու համար հենց դրամական աջակցությունն է պատշաճ», - նշում է Արմենուհի Հովակիմյանը՝ հավելելով, որ ըստ միջազգային հետազոտությունների՝ շատ քիչ փաստարկ կա, որ այդ գումարը ծախսում են ոչ նպատակային՝ ալկոհոլի կամ ծխախոտի վրա, և մարդիկ առաջնահերթ հոգում են իրենց առաջնային կարիքները։
Այս մասին են փաստում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից դրամական աջակցության տրամադրման հետհատկացումային մշտադիտարկման արդյունքները։
Որքանո՞վ է աջակցությունը տեղին եղել և ինչ կարիքներ են հոգացել ընտանիքները
2021թ-ի հունիսին հեռախոսազանգերի միջոցով մշտադիտարկում իրականացվեց, որին մասնակցել է ծրագրի 498 շահառու, որոնք պատահականորեն ընտրվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած 5000 շահառուների ցանկից։
Հետազոտություն արդյունքերը ցույց են տալիս,որ ընտանքիների մեծամասնությունը գումարը ծախսել է հենց հիմնական կարիքները հոգալու համար՝ 26 տոկոսը սնունդ է ձեռք բերել, 18 տոկոսը՝ հագուստ, 13 տոկոսը կոմունալներն է վճարել, 11 տոկոսը՝ վարձը, 8 տոկոսը հիգիենայի պարագաներ է ձեռք բերել, 6 տոկոսն էլ առողջապահական ծախսերին է ուղղել, և այլն։

Հատկանշական է, որ շահառուների մեծամասնությունը՝ 60 տոկոսը, նշել է, որ ստացված աջակցությունը հիմնականում օգնել է բավարարել իրենց այդ պահին եղած կարիքները։ 37 տոկոսը նշել է, որ շատ է օգնել, և միայն 3 տոկոսն է նշել, որ իրենց այդ գումարը ոչ օգնել է, ոչ էլ խանգարել:
Ինչ վերաբերում է նախընտրելի աջակցության տեսակին, ապա շահառուների 70 տոկոսը նշել է, որ հնարավորության դեպքում կրկին կնախընտրեր ստանալ դրամական աջակցություն, 29 տոկոսը՝ և՛ դրամական, և՛ բնաիրային, և միայն հազիվ թե 1 տոկոսը՝ բնաիրային աջակցությունն է նախընտրել։
«Հետազոտությունը ցույց տվեց, որ շահառուների շրջանում բավարարվածության մակարդակը շատ բարձր է եղել։ Իհարկե, որոշ խնդիրներ եղել են՝ պարզվեց, որ ոչ բոլորն էին իրազեկված բողոքներ ու կարծիքներ հայտնելու մեխանիզմների մասին, քանի որ խնդիրների առաջացման դեպքում նրանք կարող էին բողոքարկել։ Սակայն ովքեր օգտվել էին այդ մեխանիզմից, հիմնականում ստացել էին պատասխան», - նշում է Արմենուհի Հովակիմյանը։
Ի՞նչ կարիքներ ունեն տեղահանված ընտանիքներն այսօր
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հետազոտությունը վեր է հանել նաև տեղահանված ընտանիքների առջև ներկայում ծառացած խնդիրները։ Նրանցից 84 տոկոսն ընդհանրապես չունի աշխատանք։ Ընտանիքների միայն 7 տոկոսն է կարողանում հոգալ ընտանիքի բոլոր կարիքները, 33 տոկոսը հոգում է կեսից ավելին, իսկ 41 տոկոսը՝ միայն կեսը։
Ընտանիքների մեծամասնությունը (258) ներկայում բնակվում են վարձով, 184-ը՝ անվճար տանը կամ հյուրընկալ ընտանիքում, և միայն 24-ն են բնակվում իրենց սեփականությունը հանդիսացող տանը։ Հարցվածների ընտանիքներից 30 տոկոսը չգիտի՝ վերադառնալու է Լեռնային Ղարաբաղ, թե ոչ։
Արմենուհի Հովակիմյանը, ամփոփելով հետհատկացումային մշտադիտարկման արդյունքները, նշում է, որ ծրագիրը հաջողված է։
«Իհարկե, մեզ համար կարևոր էր արձանագրելը, որ աջակցությունը հասել է շահառուներին՝ օգնելով խոցելի իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին։ Կարևոր էր նաև, որ կառավարության հետ համատեղ դրամական աջակցություն տրամադրելու մեխանիզմներ ստեղծեցինք և փորձարկեցինք »,- նշում է Հովակիմյանը՝ հավելելով, որ ստեղծված մեխանիզմներն ապագայում կդյուրացնեն ինչպես գործընկերների, այնպես էլ պետության հետ համագործակցությունը, ինչպես նաև կբարձրացներ սոցիալական պաշտպանության համակարգի հետագա ռիսկերին ու աղետներին արձագանքելու պատրաստվածությունը։
[1] Աղբյուր