Գրենական պիտույքներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից:

ՅՈՒՆԻՍԵՖ
11-year old boy reading the cover of COVID-19 brochure
David, 11, from Stepanakert, Nagorno-Karabakh, is now ready for classes with his friends.
24 Նոյեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրերին ավելի քան 73 դպրոց և 14 մանկապարտեզ է վնասվել, իսկ Դավիթը, Ելենան ու իրենց պես ևս 38 815 աշակերտ մնացել առանց կրթության և կայուն ու անվտանգ միջավայրի։ Հակամարտության պատճառով ինքնաբուխ կերպով Հայաստան ժամանող երեխաների կարիքներին լավագույնս արձագանքելու համար ՄԱԿ-ի քույր գործակալությունները հոկտեմբերի սկզբին կարիքների գնահատում են իրականացրել, ինչի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրենական պիտույքների անհատական հավաքածու է պատրաստել՝ աշակերտներին ապահովելու կրթությունը վերսկսելու համար անհրաժեշտ պարագաներով։

Յուրաքանչյուր հավաքածուն ներառում է ուսապարկ, գրիչներ, տարատեսակ տետրեր և այլ գրենական պիտույքներ: Տարրական դպրոցի աշակերտները կստանան նաև գունազարդման գրքեր և գունավոր մատիտներ: Բացի այդ, բոլոր պայուսակներում ներառվել են անձնական հիգիենայի պարագաներ` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար` ախտահանող նյութեր, անձեռոցիկներ և մեկ տուփ դիմակ:

Հոկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրենական պիտույքների հավաքածուներ է տրամադրել Դիլիջանում, Մարտունիում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Ռանչպարում, Էջմիածնում, Հրազդանում և Գավառում ժամանակավորապես բնակվող 1600 երեխայի: Իսկ նոյեմբերի 19-ից 20-ը Գորիսի, Սիսիանի և Կապանի երեխաներին է տրամադրվել է 1400 անհատական հավաքածու: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև 100 պլանշետ է տրամադրել այս երեք քաղաքների դպրոցներին՝ աջակցելու հեռավար ուսուցման աշխատանքներին:

A 12-year old boy posing on a bench
UNICEF Armenia/2020/Galstyan

«Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, դաս սովորել, դպրոց գնալ։ Տնից արագ դուրս գալիս կարողացա հետս վերցնել միայն մեկ հեքիաթի գիրք, որ միշտ քնելիս կարդում եմ քույրերիս ու եղբայրներիս համար։ Ճամբարում էլ եմ հաճույքով գնում դասերի՝ չնայած այստեղ ավելի քիչ առարկաներ ենք սովորում։ Կարոտում եմ իմ հարազատ դպրոցը», - ասում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից 11-ամյա Ելենան, ով մտադիր է բժիշկ դառնալ:

UNICEF Representative talking and playing with children in a shelter
UNICEF Armenia/2020/Galstyan
UNICEF Representative Marianne Clark-Hattingh and children from Nagorno-Karabakh in Dilijan.

«Արտակարգ իրավիճակներում կրթության շարունակականությունը երեխաներին և նրանց ծնողներին օգնում է հոգեբանորեն՝ ապահովելով երեխայի կրթության, խաղի և ժամանցի իրավունքը: Ամենօրյա անվտանգ ուսումնական միջավայրը կայունություն և անվտանգության զգացում է տալիս, որն այնքան անհրաժեշտ է հակամարտությունների կամ բնական աղետների հետևանքով ձեռք բերված սթրեսն ու տրավման հաղթահարելու համար», - նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կործանարար ազդեցություն է ունեցել երեխաների բարեկեցության և սովորելու կարողության վրա: Առանց աջակցության, շատերը կզրկվեն նաև իրենց ապագայից: Կարևորելով ուսման շարունակականությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կոտայքի, Արագածոտնի և այլ մարզերի երեխաներին ևս 2000 գրենական պիտույքների հավաքածու է տրամադրելու դեկտեմբերի առաջին կեսին: Ի լրումն դպրոցական պարագաների, այժմ նաև աշխատում ենք ժամանակավոր բնակության վայրերում վաղ ուսումնառության 11 կենտրոններ և 15 ժամանակավոր դասասենյակներ ստեղծելու ուղղությամբ: Դասասենյակները կունենան համացանցին միացած հեռուստացույց, որի միջոցով աշակերտները կօգտվեն Հայաստանում գործող հեռավար ուսուցման հարթակներից: Այս բոլոր կենտրոններում և դասասենյակներում երեխաների հետ կաշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ինքնաբուխ կերպով Հայաստան ժամանած մասնագետները: