600 հոգեբանի վերապատրաստում` ավելի լավ աջակցելու փախստական երեխաներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան Ֆրանսիայի կառավարարության աջակցությամբ վերապատրաստել է տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների հետ աշխատող հոգեբաններին։
- Հայերեն
- English
Հոգեբան Աշխեն Սարգսյանի մասնագիտական պրակտիկայում հատկապես 2020 թվականի հակամարտության սրացման և 2023 թվականի փախստականների ներհոսքից հետո, շատ դեպքեր են եղել՝ մեկը մեկից հիշարժան, մեկը մեկից բարդ:
«Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատում եմ, տեղահանված 11 տարեկան մի երեխայի հետ սկսեցի աշխատել: Անդադար ասում էր, որ լսում է իր գյուղի մատուռի ձայնը, պատմում, որ սովորություն ունեին ամեն շաբաթ մաքրել մատուռը և մտահոգ էր, թե ո՞վ է հիմա հոգ տանում հետևում մնացած իր տանն ու մատուռին: Մտածում էի, որ հավանաբար դժվար ենք հաղթահարելու, բայց վերապատրաստումների ընթացքում ձեռքբերած տեխնիկաների, օրինակ՝ տրավմատիկ ապրումների հաղթահարման արտթերապևտիկ մեթոդիկաների, սրթրեսային լարված վիճակներում հողակցման և շնչառական վարժությունների, ինքնակարգավորում պատկերների միջոցով և նման այլ տեխնիկաների օգնությամբ երեխայի հետ աշխատեցի ու որոշ ժամանակ անց իսկապես լավ արդյունքներ ունեինք»:
Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունվարից նախաձեռնել է համապարփակ վերապատրաստման և աջակցության նախաձեռնություն՝ զարգացնելու հոգեբանների մասնագիտական կարողությունները, տրամադրելու գործիքներ և հմտություններ հատկապես տեղահանված բնակչության հետ աշխատանքում հաջողելու նպատակով: Աշխեն Սարգսյանը նախաձեռնության մասնակից 600 հոգեբաններից մեկն է: Հոգեբանների համար կազմակերպվել է ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ առցանց 3-5 դասընթաց՝ յուրաքանչյուրը մինչև երեք ժամ տևողությամբ:
Աշխենն աշխատում է հիմնականում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և երեխաների հետ: Շեշտում է, որ կանանց և երեխաների ներգրավածությունը շատ կարևոր է, բայց երբ հաջողվում է համոզել տղամարդկանց ընդգրկվել պրոցեսում, ստանալ աջակցություն, ապա ամեն բան տեղն է ընկնում և ավելի լավ արդյուքների ենք հասնում: Աշխենը նշում է, որ վերապատրաստումների ընթացքում նոր ռելաքսացիոն, շնչառական վարժություններ է սովորել, որոնց առաջնահերթություն չէր տալիս նախկինում:
«Երբ սկսեցի երեխաների հետ աշխատել ու նկատեցի, որ այդ բոլոր վարժությունները իրենք հետո կիրառում են տանը, հասկացա, թե որքան շղթայական մեծ կապ է ստեղծվում: Փաստորեն, հոգեբանն աշխատում է երեխայի հետ, սակայն երբ մի քանի տեխնիկաներ սովորեցնում ես վերջինիս, մեխանիկորեն նա այդ գիտելիքը տեղափոխում է ընտանիք: Անգամ դպրոցներում, ուսուցիչներին էին մեզ ասում, որ նկատում են փոփոխություններ երեխաների և ընտանիքների հետ շփման մեջ»:
Աշխենը փորձում է բաց չթողնել որևէ վերապատրաստում կամ գիտաժողով, որովհետև իր մասնագիտությունը դինամիկ զարգացում է ապրում, հետևաբար միշտ պետք է ինքնակրթվել: Ասում է, որ ՅՈՒՆՍԻԵՖ-ի այս ծրագիրը բառիս բուն իմաստով փրկության օղակ էր, որովհետև ճգնաժամային իրավիճակում, երբ բոլոր խնդիրները միանգամից են ի հայտ գալիս, համապարփակ ուղղորդումը խիստ կարևոր է:
«Ծրագրի շրջանակում շատ երեխաների հետ ենք աշխատել, կարգավորել ենք նրանց հուզական վիճակը: Տեղահանված երեխաները դժվարություններ ունեին դպրոցներում, չէին հաճախում, դժվար էին հարմարվում, չէին ցանկանում սովորել, ու ուսուցիչները դիմում էին, որպեսզի աշխատեինք նրանց հետ: Մի աղջիկ ունեինք, չէր ուզում գնալ դպրոց, երբ զրուցեցինք, ասաց, որ չի ուզում իր դասընկերներից մեկի դեմքը տեսնել, որովհետև տեսնելուց հուզական ապրումներ է ունենում և տրամադրության անկում: Պարզվեց, որ նմանեցրել է իր հայրենիքից տեղահանվելու անցակետում ճանապարհին կանգնած ծառայողի աչքերին: Երկար աշխատեցինք, որպեսզի հաղթահարի խնդիրը»:
Մասնագետն ասում է, որ 2023 թվականի տեղահանության ժամանակ շատերի մոտ տրավմայի սկզբնական փուլում մերժման խնդիր կար, ամսիներ անց միայն մարդիկ սկսեցին ողջ ծանրությամբ ընկալել ամենը, ինչ տեղի է ունեցել: Եթե այս պարագայում չլինեն բանիմաց մասնագետներ, որոնք առարկայական օգնություն կցուցաբերեն, հետագայում լուրջ մարտահարվերների առաջ կարելի է կանգնել:
«Տրավմայից հետո երեխաների կողմից ցուցաբերված որոշ հակազդումներ կարող են շատ կարճատև լինել և անցնել առանց որևէ միջամտության, բայց որոշներն էլ կարող են ամիսներ և տարիներ տևել: Կան հակազդումներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երեխաներին, և դրանցից առաջինը մերժումն է: Ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, կարող են մերժել տրավմատիկ իրողության հետ կապված զգացողությունները, կարող են խուսափել ընկերական, սոցիալական կապերից, ունենալ տրավմատիկ իրողության մանրամասների վերաբերյալ հիշողության կորուստ՝ սառեցում: Մերժումից հետո հաջորդ փուլն է՝ վերապրում: Երբեմն երեխաները կրկին ու կրկին վերհիշում և վերապրում են իրավիճակը, այն խաղարկում են իրենց վարքում, ունենում են գիշերային մղձավանջներ ու հակազդումներ:: Հաջորդը գերգրգռվածությունն է, որը դրսևորվում է տարբեր ազդակների հանդեպ չափազանց զգայունությամբ՝ քնի, սննդի, ուշադրության խանգարումներով: Այնուհետև կարող ենք ականատես լինել զայրույթի փուլի, որի ընթացքում երեխայի մոտ անարդարության զգացում է առաջանում, որին էլ հաջորդում է տխրության և բանակցությունների փուլը: Այս ամենի արդյունքում է միայն տրավման հասնում հանգուցալուծման՝ ընդունման փուլի, երբ երեխան ընդունում է իրողությունը և վերը նշված բոլոր փուլերն արդեն հաղթահարված են»,- մանրամասնեց Աշխենը:
Աշխենը ծրագրի ընթացքում նոր գիտելիքներ է ձեռքբերել ոչ միայն մանկական տրավմաների և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման տեսանկունից, այլ նաև հնարավորություն է ստացել քննարկելու կոնկրետ իրավիճակներ փորձառու մասնագետների հետ: «Ինձ համար իսկապես առանձնահատուկ կարևոր էին անհատական և խմբային սուպերվիզիոն հանդիպումները, որի ժամանակ փորձառու մասնագետների հետ համատեղ անդրադառնում էինք կոնկրետ իրավիճակին ու համատեղ գտնում ամենաարդյունավետ աջակցության մեխանզիմը: Այսպես կարծես հնարավորություն է ստեղվծում ստացած տեսական գիտելիքը կիրառել գործնականում ու ավելի լավ յուրացնել»:
Հայաստանում հասարակության մեջ առկա մարտահրավերներից մեկը հոգեկան առողջոթյան կարևորումն ու հոգեկրթությունն է: Վերապատրաստումների մեկ այլ մասնակից Ռոզալյան նշում է, որ ոչ միայն տեղահանված մարդիկ, այլ նաև տեղացիները հոգեկան առողջության իրազեկվածության բարձրացման կարիք ունեն: Մարզերում այս խնդիրը մասնագետն ավելի ցայտուն է նկատել, քան Երևանում. մարդիկ տեղեկություն ստանալու, խորհրդատվությունների կարիք են ունենում, և նրանց պետք է ձեռք մեկնել:
«Մենք պետք է լայնացնենք գործունեության շրջանակը՝ դպրոցներ, մանկապարտեզներ մտնելով, ներառականության գաղափարը առաջ մղելով: Ես տեսնում եմ, որ տեղացիների մեջ ևս կան ծնողներ ու երեխաներ, որոնք կարիք ունեն աջակցության, հետևաբար միայն նեղ, թիրախավորված խմբերի հետ աշխատանքը բավական չէ: Հոգեբանությունը համակարգային, ավելի ընդգրկուն աշխատանք է պահանջում: Շրջաններում այս խնդիրն ավելի սուր է. Անհրաժեշտ են անվճար ծառայություններ, ծնողների իրազեկվածության բարձրացում, անհատական աշխատանքի հնարավորություն երեխաների համար: Մասնագետի ճկունությունը մյուս կարևոր բաղադրիչն է, որովհետև հոգեբանի աշխատանքը բազմաշերտ է: Լինում են դեպքեր, երբ մասնագետը ոչ միայն թեևապևտիկ մոտեցում պետք է ցուցաբերի, այլ նաև կարողանա մի դեպքում պատկերացնի սոց աջակցության համակարգն ու ուղորդի դեպի այլ ծառայություններ, երբ դրա կարիքը կա, մեկ այլ տեղ՝ հոգեկրթողի դերում հանդես գա, մյուս պարագայում՝ իրազեկողի»:
Հիշում է, որ աշխատավայրում, որտեղ բազմամասնագիտական աջակցություն են փորձում ցուցաբերել, սոցաշխատողը մի ընտանիք էր հանդիպել, որտեղ տեղահանված 14 տարեկան աղջիկը չէր հաճախում դպրոց, քանի որ կոնֆլիկտներ ուներ: Ծնող-երեխա փոխհարաբերության հետ կապված խնդիրների պատճառով տանը երեխային արգելել էին գնալ դպրոց:
«Սոցաշխատողի միջնորդությամբ ես մտա ընտանիք, ոչ ուղղակի ձևով փորձեցի լարվածությունը թուլացնել, ներկայացնել երեխայի իրավունքները: Միջոլորտային համագործակցությունը, համակարգային մոտեցումը այս պարագայում առանցքային դեր ունեն: Բոլորը ստացան համապատասխան աջակցություն, երեխան հիմա հաճախում է դպրոց, իսկ մենք հենարաններ ենք ստեղծում հետագայում խնդիրներից խուսափելու համար, որպեսզի սա լոկ կարճաժամկետ լուծում չլինի, այլ ամուր և շարունակական»:
Մարիամ Գասպարյանը ևս տեղահանվել է 2023 թվականին և հիմա գործող հոգեբան է, աշխատում է 3-18 տարեկան երեխաների և նրանց ծնողների հետ: Իր աշխատանքը հիմնականում բռնության ենթարկված անձանց և նրանց երեխաների հետ է:
«Այս վերապատրաստումը համընկավ իմ՝ Երևանում աշխատանքի անցնելու հետ: Իմ գործունեությունը նախկինում ավելի շատ ուղղված էր մեծահասակներին, և երեխաները չեն եղել իմ թիրախային խումբը: Վերապատրաստումներին ստացածս գիտելիքը, մեխանիզմները և տեխնիկաները ահագին օգնեցին և հիմա արդեն վստահ եմ զգում երեխաների հետ աշխատելիս»:
Մարիամը շեշտադրում է, թե որքան հաճելի էր, որ վերապատրաստումը Երևանից դուրս էր անցկացվում, բնությանը մոտ, ինչն իրեն իր հայրենիքն էր հիշեցնում:
«Ինձ համար առանձնահատուկ կարևոր էին ինքնաաջակցման խմբերը, որի ժամանակ ինքս հնարավորություն ունեցա իմ տեղահանության ճանապարհի մասին խոսել, վերապրել այդ ամենը՝ որպես անձ: Ոչ պակաս կարևոր էին այն պարզ քայլերը, խորհուրդները, որոնք վերհիշեցինք մասնագիտական այրումից խուսափելու համար»:
Վերապատրաստման հիմնական թեմաներն են՝ մանկական տրավմայի կառավարում, կորստի և վշտի դեմ պայքարի ռազմավարություններ, արդյունավետ ճգնաժամային միջամտություններ կրթական միջավայրում, աշխատանք երեխաների վախերի հետ, երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրման սկզբունքներ և այլն:
Որպես շարունակական աջակցության մաս՝ ի լրումն վերապատսրատումների շարքի, հոգեբաններին առաջարկվում է նաև մասնագիտական հսկողություն ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ձևաչափով: Բացի այդ, ինքնաաջակցության խմբերը հասանելի են՝ օգնելու հոգեբաններին կառավարել իրենց աշխատանքի հուզական պահանջները՝ կիսելով փորձը և առաջարկելով գործիքներ՝ նրանց հետագա հուզական այրումից պաշտպանվելու համար:
«Ես խուսափում էի կորստի հետ աշխատել, բայց այս ծրագրից հետո լրիվությամբ պատկերացնում եմ, թե ինչպես պիտի աշխատել կորուստ ունեցող երեխայի, մարդու հետ: Ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ Ա կետից Բ կետ հասնելու համար: Այն տեխնիկաները, որ տվել են, գրի եմ առել ու պահպանել, որ հիշեմ, թե որ կետում՝ ինչ պիտի անել: Լուսինեն՝ վերապատրաստող հոգեբանը, «կյանքի գիծ» կոչվող տեխնիկան մեզ սովորեցրեց: Հետո ես սա իմ այցելուի հետ կիրառել եմ, ու ամեն բան այնքան հրաշալի անցավ, որ զարմացել էի, թե որքան արդյունավետ կարելի է հասնել սահմանված նպատակին, եթե ճիշտ մեխանիզմներ իմանաս»,- ամփոփեց Մարիամը: