30 Սեպտեմբեր 2020

Մանկական վերականգնողական ծառայությունների գնահատում․ արագ գնահատման վերլուծություն և քարտեզագրում

Երեխայի զարգացումը առողջ աճի կարևորագույն գործոնն է, որը պայմանավորում է նրա սովորելու կարողությունները և սոցիալական ներառումը: Համաճարակաբանական ներկայիս միտումները, վաղ զարգացման կոնցեպտի ընկալման փոփոխությունները, հաշմանդամության դիտարկումը մարդու իրավունքների համատեքստում մատնանշում են երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման, միջամտության և վերականգնմանն ուղղված համապատասխան առողջապահական ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը: Ծառայությունների մատուցման բացերը հայտնաբերելու և համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով գնահատվել են Հայաստանում հասանելի մանկական վերականգնողական ծառայությունների կարողությունները: Հավաքագրվել է տեղեկատվություն Առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված մանկական վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններից: Երկրորդային տվյալները հավաքագրվել են հանրային հասանելի աղբյուրներից: Արդյունքում, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների իրական կարիքների և լիցենզավորված և փաստացի գործող հաստատությունների կարողությունների համեմատական գնահատական վկայում է լուրջ անհամապատասխանության մասին: Հայաստանի շատ տարածաշրջաններում և համայնքներում մանկական վերականգնողական ծառայությունները հասանելի չեն, հատկապես՝ գյուղական ազգաբնակչության համար, մինչդեռ վիճակագրական տվյալները փաստում են, որ նկատվում է խանգարումների համեմատաբար բարձր տարածվածություն հենց գյուղաբնակ երեխաների շրջանում: Բացակայում է որակի ապահովման համակարգը, առկա են բացեր երեխաների վերականգնման ստանդարտացված մոտեցումների և ուղեցույցների մեջ, հստակ չեն վերականգնողական բուժում տրամադրող հաստատությունների լիցենզավորման չափանիշները: Նկատվում է անձնակազմի պակաս, ներառյալ մանկական վերականգնողաբանների, զարգացման մանկաբույժների, ֆիզկական թերաիպիստների, էրգոթերապիստների և այլն: Գնահատման ամբողջ արդյունքները կարող եք կարդալ՝ ներբերռնելով զեկույցը։
04 Մայիս 2020

Ներառող դասավանդում․ մենթորական աջակցություն, մեթոդաբանություն և գործիքակազմ

Մենթորները մենթիներին արժեքավոր գիտելիք ու հմտություններ փոխանցելու շնորհիվ նրանց օգնում են զարգացնել կարիերան ու բարելավել աշխատանք անձնական կյանք հավասարակշռությունը։ Ուսուցիչները (մենթիները) աշխատանքային գործունեության տարբեր փուլերում մենթորի կարիք են ունենում։ Այդ աջակցության շնորհիվ մենթին կարողանում է հասնել տվյալ շրջանում իր առջև դրված նպատակին կամ գտնել ինչ որ խնդրի լուծում։ Որպեսզի բուն վերապատրաստում և շարունակական աջակցություն իրականացնող մասնագետները` մենթորները, տարբեր խմբերի հետ աշխատեն միևնույն մոտեցումներով, գործիքներով և սկզբունքներով, անհրաժեշտ է ներդնել ակտիվ մենթորության հայեցակարգը։ Որպես վերապատրաստում և շարունակական աջակցություն իրականացնող մասնագետներ, նրանք պետք է ունենան պատկերացում իրենց դերի, պարտականությունների, իրենց տեսլականի, առաքելության, նպատակների, աջակցման ընթացքի, կառուցվածքի, գործողությունների պլանի, ժամանակացույցի և գնահատման գործիքների, ռուբրիկների տրամադրման վերաբերյալ։
21 Հունվար 2019

Լոգոպեդիան գործնականում

Խոսքի խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար են դարձնում շփումն ու հաղորդակցումը: Խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, ուսման մեջ առաջադիմության, անձի սոցիալականացման, հետագայում՝ մասնագիտության ընտրության և մասնագիտական գործունեության վրա: Խոսքի խանգարումները  կարող են դրսևորվել և՛ որպես զարգացման բազմազան խանգարումների հետևանք, և՛ որպես առանձին, առաջնային խանգարում: Պետական մանկավարժական համալսարանի կողմից պատրաստված այս ձեռնարկի հեղինակները, կարևորելով մասնագետներին արդի գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը, մշակել են լոգոպեդների վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այն պարունակում է որոշակի տեսական տեղեկատվություն, սակայն հիմնականում գործնական է: Նրանում հեղինակները կենտրոնացել են խոսքի խանգարումների զանազան դրսևորումների հաղթահարման վրա։ Փաթեթը յուրօրինակ է, քանի որ լոգոպեդական աշխատանքը ներկայացված է ոչ թե ըստ խոսքի խանգարումների, այլ ըստ լոգոպեդական աշխատանքի ուղղությունների:   Լոգոպեդները կարող են ծանոթանալ հնչարտասանության, հնչութային գործընթացների, գրավոր խոսքի խանգարումների, հաղորդակցման դժվարությունների հաղթահարման, խոսքի տեմպի ու ռիթմի կարգավորման, ձայնի ու շնչառության զարգացման, խոսքի ձևավորման խթանման, բառապաշարի հարստացման, խոսքի քերականական կողմի բարելավման մեթոդների ու միջոցների հետ։ «Լոգոպեդիան գործնականում» ձեռնարկը ստեղծված է բարելավելու լոգոպեդների մասնագիտական կոմպետենցիան և բարձրացնելու նրանց աշխատանքի որակը։