Բժիշկների մոբիլ թիմերը հասնում են ամենահեռավոր մարզեր
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել Հայաստանի հեռավոր գյուղերին, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով դուրս են մնացել հիմնական ճանապարհներից:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Մինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Գորիս-Որոտան ճանապարհը ձգվում էր 20-30 րոպե, այսօր նույն ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ժամեր: Սահմանին տիրող իրավիճակը կտրուկ փոխել է երեխաների և նրանց ընտանիքների կյանքը Սյունիքում՝ հանգեցնելով Որոտան, Բարձրավան և Շուռնուխ մուտքի և տեղաշարժի լուրջ խնդիրների, սոցիալական տարրական ծառայությունների, սննդի և ոչ պարենային ապրանքների պակասի։ Սյունիքում խնդիրն ավելի բազմաշերտ է. սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից շատերը վախենում են օգտվել մայրուղուց, հատկապես՝ երեխաների հետ, իսկ այլընտրանքային ճանապարհները երկար են, անխնամ, ինչի պատճառով ուղևորությունը դեպի Գորիսի և Կապանի բժշկական կենտրոններ երկարել է ու էականորեն թանկացել:
Քանի որ Սյունիքում են հաստատվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ ընտանքիներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ճապոնիայի կառավարության ֆինանասավորման շնորհիվ բժիշկների մոբիլ թիմեր է ստեղծել, որպեսզի առողջապահական ծառայություններ հասանելի դարձնի այն բոլոր ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն, բայց չեն կարող ճանապարհ ընկնել:
Ի լրումն, տեխնիկապես համալրել է Շուռնուխի, Բարձրավանի և Որոտանի բուժկետերը: ՅՈւՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ այս և այլ սահմանային բնակավայրերի բուժկետեր արդեն ունեն պացիենտի պառկելու թախտ, շիրմա, ավտոմատ տոնոմետր, առաջին օգնության պայուսակ, շտատիվ, պատգարակ, բժշկական դիմակներ և ձեռնոցներ, իսկ Գորիսի ԲԿ-ն համալրվել է մանկական կշեռքով և պացիենտի կենսական նշանների մոնիտորով:

«Գյուղում ապրում է 72 երեխա: Ծնողների համար փրկություն են մասնագետների մոբիլ թիմերի այցերը: Գալիս են ամսական 2 անգամ: Զննում են, թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, բուժում են նշանակում, ասում են, թե ինչ անալիզների կարիք կա, պատասխանում են բոլոր հարցերին և այլն»:
Սվետան ցուցադրում է նոր սարքավորումներն ու փաստում, որ դրանք «բնակիչներին ավելի բարեկիրթ միջավայրում ընդունելու, զննումն ու միջամտություններն ընդունված նորմերին հարիր իրականացնելու հնարավորություն են տվել»:
«Թե՛ մեծ, թե՛ փոքր գիտեն, որ բոլոր անախորժությունների դեպքում կարող են գալ բուժկետ ու անհապաղ ստանալ առաջին օգնություն: Այն դեպքերում, երբ պացիենտին անհնար է հասցնել բուժկետ՝ տնայց եմ կատարում»,- ասում է Սվետան:
«Ճանապարհների հետ կապված խնդիրների պատճառով մեզ ամենից շատ մտահոգում է երեխաների իմունիզացիայի հարցը, քանի որ Որոտանի երեխաները պատվաստումները ստանում են Գորիսի ԲԿ-ում: Որպեսզի երեխաներ բաց չթողնեն պատվաստումները, տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, օրինակ գտնում ենք վստահելի մեկին, ով առաջիկայում մեկնելու է Գորիս, կամ գտնում ենք տաքսի, իսկ ծնողները կիսում են ճանապարհածախսը»:


Մհերն (10տ.) ու Նարեկը (9տ.) Լեռնային Ղարաբաղի են: Հիմա ապրում են Շուռնուխում՝ Մանյա տատիկի տանը: Ուսումնատենչ տղաները ուշադրություն չդարձրին ո՛չ անծանոթ հյուրերի, ո՛չ մայրիկի՝ Հերմինեի, դասերից շեղվելու և մի քանի հարցի պատասխանելու խնդրանքին:
Հերմինեն բացատրում է. «Նախկինում էլ սիրում էին սովորել, բայց այստեղ երեխաները քիչ են, խաղերը՝ սահմանափակ, տանն ավելի շատ ժամանակ են անցկացնում: Քրոձս տղան 5 ամսական է, անհամբեր սպասում ենք մի քիչ մեծանա, որ իրենց խաղընկեր դառնա: Դասերն ու տնային առաջադրանքներն օգնում են տղաներիս չնկատել անհարմարությունները, դժվարությունները, զբաղմունք են ապահովում, շեղում են ուշադրությունը: Գյուղում դաշտի պես տեղ կա, մեկ-մեկ գնում են հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալու, բայց, իհարկե, կարոտում են մեր տունը, իրենց ընկերներին... Ա՜խր շատ արագ փոխվեց ամեն ինչ»:
Շուռնուխի բուժկետում աշխատող բուժքույր Հերմինե Հայրապետյանի խոսքով՝ շուռնուխցիները առավել հաճախ գալիս են բուժկետ գրիպոզ վիճակներին ու զարկերակային ճնշմանն առնչվող գանգատներով, ավելի հաճախ՝ ցավազրկող դեղամիջոցների խնդրանքով: «Գյուղում 23 երեխա կա: Օրերը տաքացան, կսկսեն խաղալ, վազել, ցատկել... Կարճ ասած՝ «իդեալական» պայմաններ տրավմաների համար: Տղաներից մեկին վերջերս մեղու էր կծել: Մանկաբույժը նշանակում արեց, ես էլ համապատասխան դեղը տվեցի: Մասնագետներ Շուռնուխ գալիս են ամսական 2-3 անգամ: Գյուղի բնակիչներին բուժքույրը նախապես տեղեկացնում է ու հերթագրում, որպեսզի մոբիլ թիմի մասնագետները հասցնեն աշխատել բոլորի հետ: Շարժական թիմերն այս հարցում անփոխարինելի են»:

Այսօր Հերմինեն տնայց է կատարում և եկել է տեսնելու, թե ինչպես է ընթանում Մանյա տատիկի վիրահատությունից հետո վերականգնումը: Տիկին Մանյան վիրահատվել է Կապանում: «Իհարկե, դեռ այլ միջամտություններ էլ պետք է կատարել, որոնց համար էլի պիտի Կապան գնալ, ինչն այդքան էլ հե՛տ բան չէ»:

«Գյուղում 2-3 ժամ ենք մնում, քանի որ պետք է հասցնենք գնալ նաև Բարձրավան, որտեղ պետք է նույնքան ժամանակ անցկացնենք՝ հանդիպելու բոլոր ցանկացողներին թե՛ բուժկետում, թե՛ տնայցերի շրջանակում: Չնայած բոլոր դժվարություններին, մենք պետք է մեր գործն անտրտունջ անենք, դրա համար չեմ ուզում բողոքել ճանապարհներից, ռեսուրսների սակավությունից կամ այլ բաներից: Գլխավոր մոտիվացիան բնակիչների անթաքույց երախտագիտությունն է»,-

Արդեն օրվա ավարտին մենք հասանք Բարձրավան՝ մեկ այլ փոքր համայնք, որ կտրվել է հիմնական ճանապարհից: Բարձրավանում 12 երեխա կա: Տեղի բուժկետի բուժքույր Նարա Միքայելյանը երեխաների առողջական խնդիրներն անգիր գիտի: Բարձրավանի բուժկետը գտնվում է գյուղի մանկապարտեզի առաջին հարկում: Երեխաները սովորել են տուն գնալուց «ծիկ» անել բուժքրոջը: Նարան էլ անում է հնարավորը, որ բոլոր երեխաներն անհրաժեշտության դեպքում այցելեն բշկի: 7 ամսական Արփին կոնյուկտիվիտ ունի: Էրիկան 7 տարեկան է, հազում է: 3 ամյա Մարիամը և 6 ամյա Վիկտորիան քույրիկներ են, աղիքների հետ կապված խնդիր ունեն:
«Մասնագետների այցերն ինձ համար լուրջ օգնություն են, ես բուժքույր եմ, կոմպետենտ չեմ ախտորոշումներ դնել կամ բուժում նշանակել, իսկ համագյուղացիներիցս շատերի համար ուղևորությունը Կապան անթույլատրելի ճոխություն է»,- ասում է Նարան:
«Նարան ու Կապանից եկող բժիշկները հոգատար են ու շատ ուշադիր: Բացի բուժզննումից ու ցուցումներից, նաև մեծ ուշադրություն են դարձնում մեր՝ մամաներիս գիտելիքներին: Տիկին Ռոմելան բոլորիս մեկ առ մեկ բացատրում է՝ ինչպես կերակրել, ինչպես խնամել երեխաներին, ինչպես հետևել հիգիենային, որ ախտանշանների դեպքում ինչ անել: Մենք նրանց հանդիպում ենք ամսական 2 անգամ, իսկ նրանց տված գիտելիքները մեզ հետ են ամեն օր»,- ասում է Արփիի մայրիկը՝ Ծաղիկ Մուրադյանը:

2021 թվականից մինչև 2022 թվականը Սյունիքում, ինչպես նաև Արարատում, Կոտայքում, Արմավիրում և Վայոց Ձորում բժիշկների մոբիլ թիմերը այցելել են ավելի քան 10,000 երեխաների և կանանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների: Նրանք հայտնաբերում են առողջական խնդիրները, հնարավորության դեպքում տեղում նշանակում բուժում, իսկ հարկ եղած դեպքում ուղղորդում են համապատասխան հետազոտությունների և բուժման: