Ամռանը 300 դեռահաս զինվել է կյանքի հիմնարար հմտություններով
Ամփոփում ենք Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի և այս մարզերում սեպտեմբերին հաստատված դեռահասների մասնակցությամբ ամառային ճամբարի հինգ շրջափուլը՝ դեռահասների դիտարկումներով:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Վայոց Ձորի մարզում գտնվող «Սիրանույշ» ճամբարում ողջ օրվա ընթացքում 15-17 տարեկան դեռահասներից ամեն մեկն իր գործով է զբաղված՝ թատրոնի, երգի-պարի, ձեռագործ աշխատանքների խմբակ, հոգեբանի հետ խմբային հանդիպումներ, սեղանի խաղեր և այլն: Զարմանալի է, որ երեխաների շրջանում ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ պլանշետով մեկին անգամ չհանդիպեցինք: Սմարթֆոններն արգելված չեն, բայց դրանց ժամանակ բոլորովին չկա:
2024 թվականի հունիսից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է ամենամյա ամառային ավանդական ճամբարի հինգ շրջափուլ։ Այս տարի ճամբարները կազմակերպել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի և այս մարզերում 2023թ-ի սեպտեմբերին հաստատված դեռահասների մասնակցությամբ:
«Ճամբարում դեռահասներին ներկայացրեցինք կյանքի հիմնարար հմտությունների փաթեթը, որն առաջարկում է հուզական, մտավոր ու սոցիալական բնույթի գործիքներ, որոնք հարկավոր են կյանքում հաջողության հասնելու համար, լինի անձնական, թե միջանձնային մակարդակում, կամ համայնքում ու աշխատավայրում»,- մանրամասնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը՝ հավելելով. «Փաթեթն անմիջական ցուցումներ է պարունակում 3 հիմնական բնագավառում՝ օգնելու դեռահասին ճանաչել իր իսկ անձը, ձևավորելու հարաբերություններ այլ անձանց հետ, ինչպես նաև օգնելու արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում: Թերևս արժէ առանձնացնել դիմակայունության ձևավորմանն ուղղված դասերը, որի ժամանակ դեռահասները սովորում են վանել իմպուլսները և կենտրոնանալ այն անելիքներին, որոնք հարկավոր է իրագործել, այսինքն անգամ ամենաբարդ պարագայում դառնալ իրավիճակի տերն ու հերթով լուծել առաջացած խնդիրները»:
Գավառ քաղաքից 16 տարեկան Աննա Թորոսյանը, որ պատրաստվում է խաղարկային ֆիլմերի ռեժիսոր դառնալ, միակն է, որին երբեմն կարելի է հեռախոսով տեսնել. դե, ապագա մասնագիտության հրամայականն է: Օրն այնքան հագեցած է անցնում, որ ազատ ժամանակն էլ օգտագործում է հանգստանալու վրա: Աննան թատրոնի խմբակում այնքան հայտնի է, որ նրան հերոսուհու անունով են դիմում՝ տիկին Երանուհի:
«Առավոտվա եռուզեռն եմ սիրում, որ սկսում ենք պատրաստվել նախավարժանքին, մեր տարբեր խաղերն եմ սիրում: Փորձում ենք իրար լավ ճանաչել ու մտածում եմ՝ ստացվում է, որովհետև ընկերացել ենք արդեն: Դե հա, 60 երեխա մի շենքում, հեշտ չէ, բայց մեզ արդեն բացատրել են, թե ինչպես կարող ենք հեշտ ու հանգիստ լուծել կոնֆլիկտները», - պարզաբանում է Աննան:
Աննային մայրիկն է խորհուրդ տվել ճամբարին մասնակցել, երբ իմացել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է կազմակերպում: Ինքն ամենաշատը սիրել է հոգեբանական սեսիաների ժամերը, երբ սկսել են ինքնաճանաչումն ուսումնասիրել, միջանձնային հարաբերությունները վերլուծել. դեռահասության շրջանում սրա կարիքը կարծես ավելի շատ կա:
16-ամյա Գոռը 2023 թվականին իր հայրենի համայնքում ռազմական գործողությունների պատճառով ստիպված է եղել լքել իր տունն ու հաստատվել Գեղարքունիքի մարզում: Դեռ փորձում է հարմարվել նոր միջավայրին, ընկերներ ձեռքբերել, ու այս ճամբարը իր համար յուրահատուկ մարտահրավեր էր, որ նոր մարդկանց հետ ծանոթանա, բացահայտի ինքն իրեն և մյուսներին:
«Բացի այն, որ լավ ժամանակ ենք անցկացնում, ես անձամբ սիրում եմ հոգեբանի հետ հանդիպումները: Մի դաս ունեինք՝ սթրեսից դուրս գալու մեթոդների մասին, որ կարծում եմ, այս շրջանում ինձ շատ է պետք: Հիմա, վերցնում եմ նշումների տետրը, սկսում եմ որևէ հարցի շուրջ, որ ինձ մտահոգում էր, մտածել, վերլուծել, թե ինչպես կարող եմ դուրս գալ իրավիճակից»:
Գոռն ասում է, որ հիմա իր հոգեվիճակը կարող է բնորոշել մի բառով՝ ուրախ է: Ամենակարևոր բանը, որ սովորել է ճամբարից, համերաշխության և թիմային լինելու գաղափարն է:
20-ամյա Անահիտն ու 19-ամյա Մաքսը ճամբարի լիդերներից են, որոնք 7-օրյա վերապատրաստումներ են անցել, որպեսզի կարողանան աշխատել երեխաների հետ: Մասնակիցների ու լիդերների միջև տարիքային տարբերությունը շատ չէ, հետևաբար կարողանում են նաև հեշտ լեզու գտնել իրար հետ, զվարճանալ ու իրարից սովորել:
«Միշտ խոսում էին, որ տղան մի գլուխ բարձր է աղջկանից, հետո աղջիկները հաստատում էին դա: Թեև ոչ բոլորն էին այդ կարծիքին, բայց ուրախ եմ, որ զրուցելով, լսելով ու քննարկելով, աստիճանաբար հաղթահարում ենք այս կարծրատիպը», -Անահիտն է պատմում:
Մաքսն էլ նկատել է, որ կարծրատիպերի մասին խոսելը սկզբում բուռն արձագանք է առաջացնում, բայց հետո վերածվում են ավելի հանգիստ քննարկումների:
«Այն, որ երեխաները հասկացել են, որ ամեն բան չէ սմարթֆոններում և կարելի է օրը կազմակերպել ու դարձնել հետաքրքիր առանց գադջեթների, իսկական ձեռքբերում է: Մենք սահմանափակում չենք դրել հեռախոսի օգտագործման հետ կապված, երեխաներն իրենք այնքան հագեցած օր են ունենում, որ ժամանակ էլ չկա հեռախոսի»:
Մարգարը և Մերին եղբայր ու քույր են Վայոց ձորի մարզի Արփի գյուղից: Մարգարն ասում է, որ հրաշալի է հայտնվել մի միջավայրում, որտեղ կանոններ կան, որովհետև միշտ չէ, որ կարողանում են հետևողական և կարգապահ լինել, իսկ այստեղ սովորել են հստակ օրակարգ ունենալ, հանդիպել են տարբեր կարծիքներով մարդկանց, փորձել ընդունել տարբեր մոտեցումները: Ամենասկզբում երեխաներն առաձին-առանձին խմբերի էին բաժանվում, հիմա բոլորը մեկի, մեկը բոլորի սկզբունքն է՝ մեծավարի ասում է Մարգարը:
«Ազատ ժամանակ զրուցում ենք տարբեր թեմաներից: Ամենաակտուալներից մեկը ծխել-չծխելու մասին է: Փորձել ենք հասկանալ՝ ծխելու լավ ու վատ կողմերը ու ենթադրում եմ, որ բոլորս կամ շատերս ենք հասկացել, որ վատ սովորույթ է, որին մենք հետևել չենք ուզում»:
Հոգեբանի դասերի ժամանակ սովորել է ճանաչել անձնական սահմանները: «Մեզ հոգեբանը բացատրել է, որ երբեմն կարելի է և ոչ ասել կամ եթե գտնում ես, որ անարդար ես վարվել կամ նեղացրել ես, ամոթ չի ներողություն խնդրել՝ անկախ սեռից: Շատ լավ է, որ լսում ենք մյուսներին, հասկանում դիմացինի ապրումները, գտնում ընդհանրություններ կամ տարբերություններ»:
Մերիի համար տասը օր մի ակնթարթի պես անցավ ու դժվար է պատկերացնել, որ 10 օրում կարելի էր այսքան ընկերներ ձեռքբերել: Մերին որոշել է ճարտարապետ դառնալ ու թեև գյուղում շատերն էին պնդում, թե աղջկա մասնագիտություն չէ, անդրդվելի է մնացել, մանավանդ, որ հայրիկն աջակցում է իրեն: Այստեղ համոզվել է, որ հասարակության մեջ, անգամ իր հասակակիցների շրջանում կան կարծրատիպեր, որոնք հաղթահարելու համար երբեմն պարզապես պետք է ճիշտ ուղղորդումներ ստանալ:
«Այնքան լավ սովորություններ եմ ձեռքբերել: Օրինակ, ես սովորություն ունեի արթնանալ ժամը հինգին, օրվա մեջ սնվել մի անգամ այն էլ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ եմ ուտում: Իսկ այստեղ սովորել եմ կանոնակարգել ամեն բան, հասկացել եմ, որ արթնանալուց հետո թեկուզ անկողնում կարող եմ մի քանի նախավարժանք անել, որ եթե շատ ցանկանամ, առանց հեռախոսի մեջ լինելու կարող եմ հագեցած դարձնել օրս»:
Մերին վստահ է, որ առողջ ապրելակերպի է հետևելու այսուհետ և չի մտածելու, որ առանց գազավորված ըմպելիքի սեղան նստել չի կարող: Վստահ է նաև, որ 10 օրվա համար չէին ընկերները, որոնց ձեռքբերեց կարճ ժամանակամիջոցում:
«Սիրանույշ» ճամբարում դեռահասները վերջին փորձն արեցին փակման միջոցառմանն ընդառաջ՝ քոչարի պարելով: Այս շինությունը տարբեր հիշողություններ է ամփոփում իր ներսում, այն տասը օրվա ընթացքում տեսել է տարբեր պատմություններով պատանիների, հետևել է նրանց հույզերին, տեսել, թե ինչպես են դառնում ավելի ապրումակցող, միմիյանց ավելի հասկացող ու օգնող ու ապագա կյանքին մի քիչ ավելի պատրաստ: «Սիրանույշ»-ը ճանապարհում է նրանց ու սպասում արդեն հաջորդ շրջափուլին: