«Պատմություն #5». պատմությունը դպրոցներում առավել նորարար ու ներառական

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պարադիգմա» հիմնադրամի համագործակցությամբ ստեղծվել է պատմությունը ուսումնասիրելու և վերլուծական հմտություններ զարգացնելու յուրահատուկ ռեսուրսատուփ։

Անի Գրիգորյան
«Պատմություն #5» ռեսուրսատուփ։
UNICEF Armenia/2022/Galstyan
01 Մարտ 2022

Հայաստանում որակյալ, ներառական, բազմակողմանի, թե՛ աղջիկների և թե՛ տղաների զրգացմանը նպաստող կրթության ապահովումը մնում է առաջնահերթ և արդիական խնդիր։ Առավել նորարարական մեթոդների ներգրավումը հրամայական է կրթությունն առավել գրավիչ ու հետաքրքրաշարժ դարձնելու համար:

«Պատմություն #5». այսպես է կոչվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պարադիգմա» հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված նորարարական գործիքը, որը պատմությունը ուսումնասիրելու, վերլուծական հմտություններ զարգացնելու յուրահատուկ ռեսուրսատուփ է։

Ռեսուրստատուփի ստեծման վրա մեծ թիմ է աշխատել՝ պատմաբաններ Հայաստանից և սփյուռքից, ազգագրագետ, նկարազարդող, կրթության մասնագետներ և այլն։ Աշխատանքները բավական ծավալուն են եղել և տևել են 6-7 ամիս։ Օգտագործվել են արխիվային նյութեր․ 240 քարտի համար ուսումնասիրվել է շուրջ 6000 էջ նյութ։

«Բացակա պատմության դասից, ներկա՝ անցյալում» խորագիրը կրող ռեսուրսատուփը հարցեր է բաձրացնում՝ ինչո՞ւ են կանայք գրեթե բացակայում պատմության դասագրքերից։ Ի՞նչ կարող ենք իմանալ, եթե պատմությունն ուսումնասիրենք կանանց և տղամարդկանց դերերի, դրանց սահմանող քաղաքականության, կառույցների ու հարաբերությունների, սովորույթների ու ձգտումների տեսանկյունից ևս։

Նվարդ Մանասյան։
UNICEF Armenia/2022/Galstyan

«Սա ավելի մեծ ծրագրի մի մաս է, որովհետև երբ սկսեցինք ուսուցիչների հետ աշխատել, որպեսզի իրենք դասավանդման ընթացքում գենդերազգայուն պրակտիկա որդեգրեն, շատ ակնառու դարձավ ու ուսուցիչներն իրենք էլ զարմացան, որ դասագրքերում այդքան խտրական ներկայացվածություն կա հօգուտ տղամարդկանց։ Եվ դրանից հետո հասկացանք, որպեսզի ուսուցիչը կարողանա դասապլանը կառուցել՝ առկա խտրականությունը շտկելու համար անհրաժեշտ է նրանց աջակցել և հավելյալ վստահելի բովանդակություն և գործիքներ տրամադրել», -

նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հավասարության հարցերի պատասխանատու Նվարդ Մանասյանը։

Նա ընդգծում է՝ շատ խնդրական է, որ հասարակության ուղիղ կեսն իր մասին որևէ նյութ չի գտնում դասագրքերում՝ մասնավորապես պատմության մեջ։ 

Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել էր մրցույթ, որին ներկայացվել էին մի շարք գաղափարներ։ «Սակայն մեր պատկերացումներին ամենախորքային և համապարփակ մոտեցումը լուծման իմաստով տվել էր «Պարադիգմա» կրթական հիմնադրամը: Ահա այդպես սկսեցինք իրենց հետ աշխատել», - նշում է Մանասյանը։

«Պարադիգմա» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Թալին Սաղդասարյանը։
UNICEF Armenia/2022/Galstyan

«Ռեսուրսատուփի հիմնական նպատակն է՝ հնարավորություն տալ աշակերտներին աշխատել աղբյուրային նյութերի հետ, դրանց ուսումնասիրելու միջոցով մտածել և պատմական, վերլուծական մտածողություն զարգացնել», -

նշում է «Պարադիգմա» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Թալին Սաղդասարյանը։

«Պարադիգմա» հիմնադրամի ռազմավարության մաս է պատմության ուսուցման մեթոդների և միջոցների փոփոխությունը։ 2020-ի դեկտեմբերին հրատարակել էին «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը, որը վերաբերում էր պատմության ուսուցման ռազմավարություններին։ Գիրքը նվիրել էին դպրոցներին և սկսել աշխատել պատմության ուսուցիչների հետ։ «Պատմություն #5»-ն էլ ռազմավարության հաջորդ քայլն է։

Պատմություն #5 ռեսուրսատուփ։
UNICEF Armenia/2022/Galstyan

Ռեսուրսատուփը բաղկացած է 240 քարտից, որոնցից յուրաքանչյուրի վրա ներկայացված է մեկ աղբյուրային նյութ։ Ռեսուրսատուփն ընդհանուր հինգ թեմա է ներառում՝ «Կանանց ազատագրության հարցը խորհրդային վաղ շրջանում», «Ամուսինների նախահարսանեկան և հետհարսանեկան ծիսական վարքը՝ ավանդական ու արդի հայ հասարակություններում», «Հայ կանանց հասարակական գործունեությունը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Օսմանյան և Ռուսական կայսրություններում ու Պարսկաստանում», «19-րդ դարի Օսմանյան կայսրության հայկական վիլայեթների հայերի պանդխտությունը» և «Հայ կնոջ վերաբերյալ հանրային քննարկումները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան ու Ռուսական կայսրություններում»:

«Մենք չենք ասում՝ այսպես է եղել, մենք փորձել ենք տարբեր արխիվներից նյութերի ներկայացման միջոցով տալ հնարավորինս ընդհանրական պատկեր և ասում ենք՝ սա է գրված, դու մտածի՝ այստեղից ինչ ես եզրակացնում և վերցնում», -

նշում է Թալին Սաղդասարյանը։

Բացի քարտերից, ամեն տուփի վրա կա ուսուցչի ուղեցույցին կցված QR կոդ, որում ներկայացված են թեմանների վերաբերյալ դասապլաններ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ քարտերը։ Ինչպես նաև յուրաքանաչյուր թեմայի մասին ներկայացվում է հավելյալ տեղեկություն, որովհետև թեմաներն այնպիսինն են, որ առանձնապես շատ չեն արծարծվում դասագրքերում։ Քարտերը նաև հարմարեցված են տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշում է, որ այն կլրացնի ուսուցիչների գործիքակազմը և հնարավորություն կընձեռի ստանալու նոր ռեսուրսներ և նյութեր, որոնք թույլ կտան էապես հեշտացնել երեխաներին պատմության ուսուցանման գործընթացը։

Պատմություն #5 ռեսուրսատուփ։
UNICEF Armenia/2022/Galstyan

«Հատկապես նոր չափորոշչի պարագայում, որն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ հաստատվել է, մենք ստանում ենք նոր հնարավորություններ էապես ընդլայնելու պատմության ուսուցանման գործիքակազմը, այն առավել ճկուն և առկա կարիքներին առավել համապատասխան դարձնելու», - նշում է փոխնախարարը՝ կարևորելով այն թեմաները, որ ընտրվել են իբրև նյութի ներկայացման առանցք։ «Եվ սա նույնպես հանրակրթության նոր չափորոշչի շեշտադրումներից է։ Խոսքը՝ գենդերային հավասարության, տղամարդկանց և կանանց ներկայացման համաչափության մասին է։ Ուրախ եմ, որ նյութերը հնարավորություն են տալիս անդրադառնալ մեր հասարակության համար խիստ զգայուն, սակայն խիստ կարևոր մի թեմայի», -

հավելում է տիկին Անդրեասյանը։
Պատմություն #5 ռեսուրսատուփ։
UNICEF Armenia/2022/Galstyan

Ռեսուրսատուփը նախատեսված է 8-9, 11-12 դասարանների աշակերտների համար։ Այն չի վաճառվելու, այլ անվճար տրամադրվելու է դպրոցներին։

«Այս նախագիծը մարդու, սովորողի առարակայացումից հետսուբյեկտային դարձնելու փորձն է։ Սա արմատապես տարբերվում է դասագրքային մոտեցումից, որտեղ դասի ժամանակ մեկն է ակտիվ ու նա է միակ թելադրողը։ Փոխարենը շեշտը պետք է դրվի տարբեր տեսություններն ինտերակտիվ քննարկմանմբ ճշմարտությունը միասին վեր հանելու վրա։ Սա է աշակերտի մտածողությունը զարգացնող տարբերակը»,- հավելում է Նվարդ Մանասյանը։