Հայաստանի դպրոցներում աղջիկները քիչ են

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ Հայաստանում ուսումնասիրվել են տղայի նախապատվության արմատական պատճառները։

Հարցազրուցները՝ Նաիրի Աբրահամյանի, խմբագրությունը՝ Անժելա Հոուքի
Հայաստանի դպրոցներից մեկի պատն է, որտեղ պատկերված են հայ գրողները։ Բոլորը, բաց մեկից, տղամարդիկ են։
UNICEF/Anush Babajanyan VII
10 Մարտ 2020

Գեղարքունիքի ամենամեծ գյուղի՝ Վարդենիկի դպրոցի միջանցքների պատերին գրողների, մարզիկների, գիտնականների և երաժիշտների նկարներ են փակցված․ բացառությամբ մեկի` բոլորը տղամարդիկ են։

Հայաստանում կանանց բացակայությունը միայն պատերին փակցված նկարներով չէ, որ արտահատվում է։ Բազմաթիվ դպրոցների դասարաններում պատկերը նույնն է․ դասարաններ կան, որտեղ տղաների թիվը չորս անգամ գերազանցում է աղջիկների թվին։ Մի բան ակնհայտ է․ լինի դա դպրոցի պատերին, թե դասարաններում՝ աղջիկները քիչ են։

Զանգը հնչել է և դասասենյակից երեխաները շտապում են դուրս։ Բոլորը, բացի մեկից, տղա են։
UNICEF/ Anush Babajanyan VII

Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է՝ չթողնելով «անցանկալի» սեռի երեխան ծնվի։ Ինչի պատճառով էլ թե՛ ընտանիքներում, թե՛ դասարաններում, թե՛ համայնքներում, աղջիկները քիչ են։ Վերջին 8 տարվա մեջ 4591 աղջիկ չի ծնվել՝ միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4000-ից ավելի աղջիկ երեխայի՝ 4000 ավելի փոքրիկի կորսված կյանք՝ կորսված հնարավորություններ ու ահռելի ներուժի կորուստ։

Գեղարքունիքում 7-րդ դասարանի նկարն է։ Դասարանում 13 տղա և 7 աղջիկ է սովորում։
UNICEF/ Anush Babajanyan VII
Գեղարքունիքում 7-րդ դասարանի նկարն է։ Դասարանում 13 տղա և 7 աղջիկ է սովորում։

Երբ դպրոցի ուսուցիչներին կամ վարչական կազմին հարցնում ենք, թե պատճառը որն է, նրանք ուղղակի թոթվում են ուսերը։ Շատերն ասում են, որ այսօր զույգերն այդքան շատ երեխաներ չեն ունենում։ «Աշխատանք չկա, ընտանիք պահելը դժվար է»,- ասում է 4-րդ դասարանի ուսուցիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ։ «Դրա համար էլ երիտասարդ ընտանիքներն այսօր ընդամենը երկու կամ հազվադեպ երեք երեխա են ունեում։ Նախկինում նրանք այնքան կունենային, մինչև՝ տղան ծնվեր»։

Չնայած պտղի սեռի խտրական ընտրության մասին խոսելը տաբու է՝ նրա կարծիքով «քանի որ զույգերը քիչ երեխաներ են ունենում, նրանք հաստատ կհեռացնեն աղջիկ երեխաներին, որպեսզի անպայման տղա ունենան»։

 

Գեղարքունիքի դպրոցի բակում աղջիկներն ու տղաները ֆիզկուլտուրայի դաս են անում։
UNICEF/ Anush Babajanyan VII
Գեղարքունիքի դպրոցի բակում աղջիկներն ու տղաները ֆիզկուլտուրայի դաս են անում։

Տղայի նախապատվության արմատական պատճառները Հայաստանում ուսումնասիրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ: Այն իր տեսակի մեջ առաջին խորքային հետազոտությունն է այս թեմայով: Հետազոտությունն իրականացվել է 2017-2019 թթ-ին Բրաունի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի և Լոզանի համալսարանի կողմից։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ երեք հիմնական գործոն կա, որոնք համատեղ ազդելով սաստկացնում են սեռերի անհավասարությունը՝ արդյունքում դառնալով աղջիկների չծնվելու պատճառ․ դրանք են՝ ծնելիության անկումը, ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացումը և տղա երեխայի արժևորման խորապես արմատավորված նորմը։

Հետազոտության արդյունքները հաստատում են, որ Հայաստանում ընտանիքները հիմնականում երկու մեթոդ են կիրառում, որպեսզի հասնեն երեխաների սեռերի ցանկալի հարաբերության․ նրանք կամ դիմում են ուլտրաձայնային նորագույն տեխնոլոգիաների օգնությանը՝ նախ պարզելու աղջիկ երեխաներին (հաճախ նաև հղիությունը ընդհատելու նպատակով) կամ ավելի տրադիցիոն մեթոդի օգնության են դիմում և այնքան երեխաներ ունենում, մինչև տղա ծնվի։

 

Գեղարքունիքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանն է։ Դասարանում սովորում են 15 տղա և 4 աղջիկ։
UNICEF/Anush Babajanyan VII
Գեղարքունիքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանն է։ Դասարանում սովորում են 15 տղա և 4 աղջիկ։

Այն, ինչ տեսնում ենք դասարաններում, ընդհանուր հասարակության հայելային պատկերն է։ Վարդենիկում երկրորդ դասարանի ուսուցիչը, որ նախընտրեց իր անունը չնշվի հոդվածի մեջ, ասում էր․ «Նկատե՞լ եք քանի չամուսնացած տղա կա մեր գյուղում։ Նրանք կին չեն կարողանում գտնել, քանի որ գյուղում աղջիկները քիչ են»։

 

Շիրակի մարզի դպրոցներից մեկի 5-րդ դասարանն է։ Դասարանում 15 տղա և 5 աղջիկ է սովորում։
UNICEF/ Anush Babajanyan VII
Շիրակի մարզի դպրոցներից մեկի 5-րդ դասարանն է։ Դասարանում 15 տղա և 5 աղջիկ է սովորում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կարելի է բացառել` միայն մարտահրավեր նետելով ու փոխելով հասարակության նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Ի վերջո, Հայաստանին հարկավոր է իր յուրաքանչյուր երեխայի ներուժը և այդ ներուժին հասնելն է երկրի ապագա զարգացման գրավականը: Յուրաքանչյուր երեխա, լինի աղջիկ, թե տղա, անչափ կարևոր են։ 

Թե ինչ է նշանակում լինել աղջիկ կամ տղա, առավելևս «լավ» աղջիկ և «լավ» տղա, ձևավորվում են վաղ մանկությունից սկսած և այստեղ մեծ դեր ունեն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Ոչ պակաս ազդեցություն են ունենում, սակայն, նաև մեր դպրոցն ու ուսուցիչները, ընկերները, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Գալիք տարիներին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը կշարունակի իր աշխատանքը կրթության ոլորտի մասնագետների և ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ավելի ներառող մեթոդներ կիրառեն, մեթոդներ, որոնք հավասարապես կարևորում են յուրաքանչյուր աշակերտին՝ անկախ նրա սեռից։