«Հիւն». բնական օճառների նոր բրենդ՝ տավուշցի աղջիկներից

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի մի խումբ աղջիկներ սկսել են «Հիւն» բնական օճառների արտադրությունը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ:

Լուսինե Ղարիբյան
Ներքին կարմիրաղբյուրի աղջիկները զբոսնում են իրենց սարերում։
UNICEF Armenia/2021/Ghazaryan
26 Հուլիս 2021

«Օճառը, ինչպես և գինին, պետք է հասունանա: Այսպես օճառի որակը, ինչքան էլ տարօրինակ է, էլ ավելի է լավանում: Օճառը հասունանալով՝ ավելի նուրբ է դառնում, ավելի է փրփրում, քիչ է գրգռում մաշկը և ավելի երկար է ծառայում»․

«Հիւն» ծաղկային օճառների ֆեյսբուքի էջում այ այսպիսի գրառումներ են պարբերաբար կատարում Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ձեռներեց-աշակերտները։

Ձեռագործ, բնական նյութերից պատրաստված օճառի արտադրությունը տավուշցի պատանիները վերջերս են սկսել՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի աջակցությամբ:

Աղջիկը ձեռնոցներով օճառի հումք է կտրտում։
UNICEF Armenia/2021/Ghazaryan
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի աշակերտները ծաղիկներից պատրաստում են բնական օճառներ:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Մեր համայնքում և հարակից լեռներում աճում են շատ սիրուն ծաղիկներ: Դրանք մի շաբաթ կամ մի ամիս հետո թոռոմում ու կորչում են: Ընկեր Նելլիի հետ քննարկեցինք, որ կարող ենք այդ ծաղիկների կյանքն ավելի երկարացնել և որոշեցինք ծաղկային օճառներ պատրաստել:  Դրանք մաշկը չեն փչացնում, ընդհակառակը՝ ավելի գեղեցիկ ու խնամված են դարձնում: Օրինակ՝ սպիտակ երիցուկները մարդիկ չորացնում են թեյի համար, որովհետև օգտակար է, մենք էլ օճառի մեջ ենք օգտագործում»,-

ասում է  14-ամյա Կարինեն:

Բնական օճառներ պատրաստելու միտքը ծնվել է աշխարհագրության դասին, երբ արշավի էին գնացել՝ ուսումնասիրելու իրենց համայնքի հողերի, բույսերի տեսակները: Աղջիկներից մեկը պատահաբար հիշել էր, որ Տավուշին բնորոշ խնկածաղկից տատիկը դեմքի խնամքի դիմակներ էր պատրաստում: Որոշեցին վերականգնել ավանդույթներն ու ավելի երկար կյանք պարգևել ծաղիկներին՝ դրանցից օճառներ պատրաստելով:

Աշակերտները պարբերաբար հավաքվում են աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Գրիգորյանի տանը՝ մասնակցելու օճառների պատրաստման հաճելի արարողությանը: Արտադրական գործընթացում ամեն մեկն իր պարտականությունն ունի. ով օճառի հումքն է կտրատում, ով՝ միկրոալիքային վառարանում հալեցնում այն, մյուսներն էլ չորացրած ծաղիկների պոչերն ու գլխիկներն են առանձնացնում: Հետո սկսվում է ստեղծագործական պրոցեսը. մինչև օճառի հումքի սառչելը, պիտի հասցնեն ավելացնել յուղային էքստրակտ, գունավորիչ ու հոտավորիչ, լցնեն տարբեր ձևերի ու նախշերի տարաների մեջ և զարդարեն ծաղիկներով: Մեկ կիլոգրամ հումքից մոտ 8 օճառ են ստանում:

Որ ծաղիկը՝ ինչ նյութի հետ համադրել, որ յուղին՝ ինչ անուշահոտ ավելացնել և օճառի պատրաստման այլ գաղտնիքներ սովորել են օճառագետից, որին հրավիրել էին Ներքին Կարմիրաղբյուր:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի աշակերտները ծաղիկներից պատրաստում են բնական օճառներ:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

Նելլին Գրիգորյանն ասում է, որ նախագծահեն ուսումնառությունը հնարավորություն է տալիս կյանքը մտցնել դպրոց, գիտելիքը դարձնել կիրառելի:

«Սկզբնական նպատակը եղել է մեր համայնքի ռեսուրսների, տվյալ դեպքում՝ ծաղիկների օգտագործումը: Բացի այդ, սա երեխաների ստեղծագործական մտածողությունը, ճաշակը զարգացնելու, նրանց մոտիվացնելու միջոց է: Հայաստանում հնարավորությունների 90 տոկոսը կենտրոնացված է մայրաքաղաքում: Այս նախաձեռնությունը, որ իրականացնում ենք աշակերտների հետ, եկել է ապացուցելու, որ կարևոր չէ՝ որտեղ ես բնակվում, կարևորը քո գաղափարներն են: Կարելի է բարձունքների հասնել ինչպես Երևանում, այնպես էլ՝ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում: Կարևոր է յուրաքանչյուր փոքր քայլ: Այս նախաձեռնությանը ստացած հմտությունների շնորհիվ 10 տարի հետո գուցե ունենանք ձեռնարկատեր աղջիկներ՝ իրենց փոքրիկ բիզնեսով»,- ասում է Նելլի Գրիգորյանը:

«Միջին դպրոցի ավարտական դասարաններում են հաճախ սովորողները կայացնում իրենց կյանքի համար կարևոր որոշումներ: Դրանց թվում է նաև մասնագիտական կողմնորոշումը: Նման ուսումնական, միևնույն ժամանակ շատ կիրառական նախաձեռնությունները վստահաբար կօգնեն ներգրավվածներին, թե՛ կապեր գտնել բնագիտական բնագավառի իրենց գիտելիքների միջև, թե՛ տեսնել դրանց օգտակարությունը ձեռներեցության ու մասնագիտական հետաքրքրությունների տեսանկյունից: Այն աղջիկներին կարող է օգնել հաղթահարել բնագիտական առարկաների նկատմամբ առկա կարծրատիպը, թե այն ավելի շուտ տղաների հետաքրքրության ոլորտ է»,-

ասում է ՅՈւՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը:
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի աշակերտներն ու նրանց աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Գրիգորյանը ծաղիկներից պատրաստում են բնական օճառներ:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

Նելլին, ուսուցիչներից Մարիամ Ալեքսանյանի հետ, ծրագիրը ներկայացրել էին աղջիկների ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ու նախատեսել էին, որ դրան մասնակցելու է 10 աշակերտ, բայց, պարզվեց, պատանի օճառագետներ Ներքին Կարմիրաղբյուրում ավելի շատ կան, և օճառի պատրաստմամբ հետաքրքրված են նաև տղաները:

Ավելի ուշ նախաձեռնությանը միացել են պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված 5 աղջիկներ: Նրանցից Սիլվին ոչ միայն հմտացել է օճառի պատրաստման մեջ, այլև՝ մասնակցել է սոցիալական մեդիա մարքեթինգի դասերի ու հիմա «Հիւն»-ի ֆեյսբուքի էջով է զբաղվում:

Աղջնակը պատրաստում է բնական օճառ։
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Ուսումնասիրեցինք՝ ինչ է պետք արտադրանքի համար, մարդկանց ինչն է շատ հետաքրքրում, ինչպես գովազդել: Հիմա սոցցանցերում տեղադրում ենք մեր աշխատանքի ընթացքի, պատրաստած օճառների նկարները: Սա նախևառաջ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն սկսել այսպիսի բիզնես նախագիծ: Մենք հավատում ենք, որ հաջողելու ենք»,-

ասում է Սիլվին:

Օճառների համար ընտրել են իրենց գյուղի ամենագեղեցիկ ծաղիկն ունեցող ծառի՝ հոնի անվանումը՝ իրենց բարբառով՝ «Հիւն»: Մեկը մյուսին պատմելով՝ նոր բրենդի մասին արդեն ամբողջ գյուղը գիտի:

Օճառները պատրաստելուց հետո դրանք փաթեթավորում են ու փակցնում իրենց բրենդի՝ «Հիւն»-ի տարբերանշանը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

«Իմ սարքած առաջին օճառը բաց կանաչ էր, անանուխի հոտով: Տարա տուն, բոլորը ոգևորվեցին, իրենք էլ են օգտագործում: Հիմա ինձ պիտանի մարդ եմ զգում, իմացա, որ տանը նստելու փոխարեն կարող եմ ինչ-որ աշխատանք կատարել գյուղի համար»,-պատմում է Անին:

Աշակերտները սոցցանցերում ներկայացնում են իրենց արտադրանքը:
UNICEF Armenia/2021/Ghazaryan

Խմբակի մասնակիցներն աշխատանքի բաժանումն այնպես են անում, որ օճառագործության հմտություններին տիրապետեն բոլորը: Բայց փաթեթավորման գործը, հիմնականում, տղաներին են վստահում:

«Մարդիկ, երբ լսում են «էկո», «ձեռագործ», «բնական» բառերը, միանգամից հետաքրքրվում են: Եվ երբ իմանում են, որ պատրաստողները երեխաներն են, այն էլ՝ սահմանում ապրող, ավելի են ոգևորվում: Ցանկացողներին առաջարկելու ենք գալ Ներքին Կարմիրաղբյուր և հենց այստեղ՝ իրենց ձեռքով պատրաստել օճառ»,-

ասում է Նելլին:
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի աշակերտների պատրաստած օճառները։
UNICEF Armenia/2021/Ghazaryan

Ծրագրերը շատ են: Պատրաստվում են մասնակցել Երևանում անցկացվող ձեռագործ օճառների փառատոնին ու ցուցահանդեսների: Երբ «Հիւն»-ը դառնա ճանաչելի բրենդ, կսկսեն մտածել նոր արտադրանքի, հավանաբար՝ օծանելիքի մասին: