Մեկ մանկաբույժը «կրթում» է հարյուրավոր ծնողների՝ ակամա ներազդելով հազարավոր երեխաների առողջության վրա

31-ը մայիսի, 2018թ. ԵՐԵՎԱՆ – Մայիսի 31-ին տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագրի առաջին փուլի ամփոփումը: Ծրագրի ընթացքում՝ 2017թ. հոկտեմբերից ս.թ. ապրիլ ամիսներին վերապատրաստում է անցել 60 մանկաբույժ, ավելի քան 1200 ընտանիքի շրջանում իրականացվել է գիտելիքների, ինչպես նաև՝ ծնող-մանկաբույժ կապի գնահատում և ամրապնդում:
ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագիրը մանկաբույժների և ծնողների համար նախատեսված միջոցառումների շարք էր՝ գիտելիքների գնահատում, սեմինարներ, վերապատրաստման միջոցառումներ և այլն: Հայաստանի 4 մարզերի 12 քաղաքներում իրականացրած մինչև 2 տարեկան երեխաների առողջությանն ու խնամքին վերաբերող ծրագրի առանցքում մանկաբույժների և ծնողների համագործակցության խթանումն էր, ինչպես նաև մանկաբույժների վերապատրաստումն ու ժամանակին համընթաց գիտելիքների փոխանցումը:
«Որպես կանոն, ծնողները երեխայի խնամքի սկզբունքների մասին իրենց պատկերացումները ձևավորում են մանկաբույժների խորհրդով»,- նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Մեր դիտարկմամբ, սակայն, ծնող-մանկաբույժ «համագործակցությունը» կարող է արդյունավետ լինել, եթե՝ առաջին՝ մանկաբույժը տիրապետում է իր ոլորտին առնչվող նորագույն մոտեցումներին, երկրորդ՝ պատրաստակամ է համապատասխան գիտելիքներ փոխանցել ծնողներին և երրորդ՝ ունի ծնողի հետ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվության մատուցման հմտություններ։ Այս ծրագրի առանցքում թվարկածս երեք կետերն են»։
«Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից։ Նախ իրականացրինք ծնողների գիտելիքների, ծնող-մանկաբույժ «համագործակցության» գնահատում։ Փետրվարի 10-ից մեկնարկեց մանկաբույժների վերապատրաստման փուլը, որից հետո մասնագետները նոր գիտելիքներն իրենց հասանելի նոր մեթոդներով ու գրականությամբ փոխանցեցին իրենց հսկողության տակ գտնվող երեխաների ծնողներին»,- նշեց «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը:
Գիտելիքների գնահատման փուլում ի հայտ եկան մի շարք թեմատիկ բացեր, որոնց կազմակերպիչներն անդրադարձան վերապատրաստումների շարքի ընթացքում: Օրինակ, Լոռվա մարզում ծնողները մեծամասամբ հետաքրքրված էին պատվաստումների թեմայով, Տավուշում՝ երեխայի քաշի խնդրով ու օրգանիզմում յոդի անբավարարությամբ, մինչդեռ Կոտայքում բնակվող մայրերի ուշադրության կենտրոնում էր կրծքով կերակրումն ու նորածիններին բարուրելու թեման: Արարատ մարզում մայրիկների մեծամասնությանը հուզում էր նորածինների խնամքն ու մաշկը մաշկին շփումը:
Մինչև 2018թ. ավարտը ծրագրի աշխատանքները կկենտրոնանան ՀՀ այլ մարզերում ևս՝ ամրապնդելու ծնող-մանկաբույժ կապը՝ հանուն յուրաքանչյուր երեխայի առողջության:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.unicef.org
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում