Մանկական պլանային պատվաստումների համաշխարհային ծածկույթը փոքր-ինչ աճել է՝ չնայած հակամարտություններին և պատվաստումների նկատմամբ անվստահությանը․ ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ
«Զրո դեղաչափ» * ստացած երեխաների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե 750, 000-ով, սակայն պատվաստումների ամբողջական ցանկը չստացած երեխաների թիվը շարունակում է մնալ բարձր՝ մեծացնելով հիվանդությունների բռնկումների վտանգը
- Հայերեն
- English
ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, հուլիսի 16, 2026 թվական. – ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հրապարակված իմունականխարգելման ազգային ծածկույթի ամենամյա գնահատականի (WUENIC) համաձայն՝ 2025 թվականին աշխարհում նորածինների 90 տոկոսը՝ շուրջ 116 միլիոն երեխա, ստացել է դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի (ԱԿԴՓ) դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, իսկ 85 տոկոսը՝ շուրջ 110 միլիոն երեխա, ստացել է պատվաստումների ամբողջական՝ երեք դեղաչափից բաղկացած շարքը։
Թեև երկու ցուցանիշներն էլ նախորդ տարվա համեմատ աճել են մեկական տոկոսային կետով, պատվաստումների համաշխարհային ծածկույթը դեռևս մեկ տոկոսային կետով ցածր է 2019 թվականի մակարդակից՝ հիմնականում տատանվելով դեռևես 2009 թվականին գրանցված միջակայքում: Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին «զրո դեղաչափ» ստացած շուրջ 13,5 միլիոն երեխա կյանքի առաջին տարում չի ստացել որևէ պատվաստում։ Թեև սա նախորդ տարվա համեմատ գրեթե 750,000-ով պակաս է, այդ առաջընթացը մասամբ ստվերվում է մեկ այլ մտահոգիչ միտմամբ. աճում է այն երեխաների թիվը, որոնք սկսում են ստանալ ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները, սակայն չեն ստանում պատվաստումների սահմանված ամբողջական շարքը։ Այս երեխաների մեծ մասն ապրում է այն երկրներում, որտեղ ազգային պատվաստումների ծրագրերն աջակցություն են ստանում Պատվաստումների գլոբալ դաշինքից (Gavi)։
Աշխարհում շուրջ 7,3 միլիոն երեխա ստացել է ԱԿԴՓ պատվաստանյութի առաջին դեղաչափը, սակայն չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Սահմանված պատվաստումների շարքի այս ընդհատումը հանգեցրել է կարմրուկի դեմ պատվաստումների ծածկույթի լճացման․ երեխաների միայն 84 տոկոսն է ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, և միայն 77 տոկոսը՝ երկրորդը։ Երկու ցուցանիշներն էլ զգալիորեն ցածր են կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ 95 տոկոսի շեմից։ Արդյունքում, 2025 թվականին 57 երկրում արձանագրվել են կարմրուկի խոշոր կամ առողջապահական համակարգի բնականոն գործունեությունը խաթարող բռնկումներ։
«Կառավարությունների և բուժաշխատողների ջանքերի շնորհիվ աշխարհում պատվաստումների մակարդակը վերականգնվում է՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում արձանագրված կտրուկ անկումից հետո», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Սակայն միլիոնավոր խոցելի երեխաներ շարունակում են մնալ առանց պաշտպանության՝ հակամարտությունների, տեղահանության և աղքատության պատճառով։ Մենք պետք է հասնենք յուրաքանչյուր երեխայի և վերականգնենք վստահությունը այնտեղ, որտեղ այն խարխլվել է։ Ոչ մի երեխա չպետք է վարակվի այնպիսի հիվանդությունով, որը հնարավոր է կանխել պարզ պատվաստմամբ»։
195 երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ միայն 100 երկրում է հաջողվել 2019 թվականից ի վեր պահպանել ԱԿԴՓ պատվաստման երեք դեղաչափով առնվազն 90 տոկոս ծածկույթ, սակայն այս խմբի ընդլայնման ուղղությամբ էական առաջընթաց չի գրանցվել։ Այն երկրներից, որտեղ 2019 թվականին պատվաստումների ծածկույթը 90 տոկոսից ցածր էր, վերջին վեց տարիների ընթացքում 30-ը բարելավել են իրենց ցուցանիշները, մինչդեռ 65 երկրում առաջընթացը կանգ է առել կամ իրավիճակը վատթարացել է։ Դրանց թվում է նաև հակամարտություններից տուժած կամ խոցելի և անկայուն իրավիճակում գտնվող 13 երկիր։
2019 թվականի ցուցանիշների համեմատ՝ Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանները ոչ միայն ամբողջությամբ վերականգնել են համավարակից առաջ ունեցած պատվաստումների ծածկույթը, այլև բարելավել են այն։ Ընդ որում, Հարավարևելյան Ասիան պատվաստումների ընդգրկվածությամբ այժմ առաջատար տարածաշրջանն է։ Աֆրիկայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Եվրոպայում անցած տարվա ընթացքում նույնպես գրանցվել է առաջընթաց, սակայն այդ տարածաշրջաններում պատվաստումների ծածկույթը դեռևս չի հասել ՔՈՎԻԴ-19-ի համավարակից առաջ եղած մակարդակին։ Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արձանագրվել է հետընթաց՝ այսօր ամենից շատը զիջելով 2019 թվականի իր ցուցանիշներին։
Համաշխարհային և տարածաշրջանային միջին ցուցանիշներն ուղեկցվում են շարունակական մարտահրավերներով, որոնց հետևանքով տարբեր երկրներում գրանցվում են պատվաստումների ծածկույթի զգալի տատանումներ:
«Զրո դեղաչափ» ստացած բոլոր երեխաների ավելի քան կեսն ապրում է հակամարտությունից տուժած, խոցելի կամ անկայուն իրավիճակում գտնվող երկրներում, թեև այդ երկրներում բնակվում է աշխարհի երեխաների ընդամենը մոտ մեկ երրորդը։ Այդ երկրներում պատվաստումների ծրագրերը հաճախ տուժում են քաղաքական անկայունության, անվտանգության խնդիրների կամ երկարատև թերֆինանսավորմանպատճառով։
«Յուրաքանչյուր երեխայի, անկախ նրանից՝ ծնվել է բարեկեցիկ, թե անապահով ընտանիքում, խաղաղ, թե հակամարտությունից տուժած երկրում, անհրաժեշտ է այն կենսական պաշտպանությունը, որն ապահովում են պատվաստանյութերը», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դր. Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ – Պատվաստումները երեխաների առողջության և բարեկեցության պաշտպանության ամենաարդյունավետ, ամենաարդարացի և առավել ծախսարդյունավետ միջոցներից են։ Իրական անվտանգությունը սկսվում է նրանից, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ բնակության վայրից, պաշտպանված լինի մահացու այն հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել պատվաստումների միջոցով»։
Վերջին 25 տարիների ընթացքում կառավարությունների և գործընկերների շարունակական ներդրումների, համայնքների հանձնառության, պատվաստումների ծրագրերի ամրապնդման և հանրային բարձր վստահության շնորհիվ «զրո դեղաչափ» ստացած երեխաների տարեկան թիվը նվազել է 40 տոկոսով։ Օրինակ՝ Պատվաստումների գլոբալ դաշինքի (Gavi) աջակցությունն ստացող երկրներում երեխաներն այսօր պաշտպանված են ավելի մեծ թվով հիվանդություններից, քան երբևէ: Այս երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող պատվաստումների ամբողջական շարքով ծածկույթը միջինում կազմում է 74 տոկոս։
«Ցածր եկամուտ ունեցող երկրներում այսօր արձանագրվող պատվաստումների պատմականորեն բարձր մակարդակը վկայում է այն մասին, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, երբ բոլոր շահագրգիռ կողմերը համատեղ աշխատում են ընդհանուր նպատակի շուրջ», – ասել է Պատվաստումների գլոբալ դաշինքի (Gavi) գլխավոր գործադիր տնօրեն դր․ Սանիա Նիշտարը։ «Մուտք գործելով մեր գործունեության նոր հնգամյա փուլ՝ մեր գլխավոր մարտահրավերն է պահպանել այս դրական ընթացքը՝ չնայած ֆինանսավորման սահմանափակումներին, աշխարհաքաղաքական անորոշություններին և հիվանդությունների բռնկումների աճին, միաժամանակ կրկնապատկելով ջանքերը՝ հասնելու այն երեխաներին, որոնց համար պատվաստումները դեռևս հասանելի չեն»։
Սակայն այն հիմքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս առաջընթացը, այսօր առերեսվում են լուրջ սահմանափակումների։ Վերջին երկու տարիներին միջազգային առողջապահական ֆինանսավորման կրճատումների ամբողջական ազդեցությունը դեռևս արտացոլված չէ այս գնահատականներում: Սակայն արդեն այսօր դժվարությունների են բախվում այն տվյալների համակարգերը, որոնք անհրաժեշտ են այդ ազդեցությունը գնահատելու և պատվաստումների ոլորտում հնարավոր հետընթացը ժամանակին կանխելու համար։ Տվյալների համաձայն՝ այս հաշվետու շրջանում իրականացվել և ներկայացվել է պատվաստումների ընդգրկվածության ընդամենը 18 ազգային հետազոտություն: Համեմատության համար՝ 2024 թվականին դրանց թիվը 50 էր, իսկ 2015–2019 թվականներին տարեկան միջինը կազմում էր 33 հետազոտություն։
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում են, որ պատվաստումներ չստացած երեխաներին հայտնաբերելու և նրանց հասնելու համար անհրաժեշտ տվյալների համակարգերում ներդրումների նվազումը կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկումների և մահվան դեպքերի, որոնք հնարավոր կլիներ կանխել։
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Պատվաստումների գլոբալ դաշինքի (Gavi) և այլ գործընկերների հետ, շարունակում են իրականացնել «Պատվաստումների օրակարգ 2030» (Immunization Agenda 2030, IA2030) գլոբալ նախաձեռնությունը, որի նպատակն է ապահովել, որ պատվաստումները հասանելի լինեն յուրաքանչյուրին՝ ամենուր և կյանքի յուրաքանչյուր փուլում։ Միևնույն ժամանակ աշխարհն այսօր ավելի է հեռանում «զրո դեղաչափ» ստացած երեխաների թվի նվազեցման գլոբալ նպատակից։
Այս իրավիճակը փոխելու և առկա բացը լրացնելու համար ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և գործընկերներին կոչ են անում՝
- ամրապնդել պատվաստումների ծրագրերը հակամարտություններից կամ խոցելի և անկայուն իրավիճակներից տուժած երկրներում, որպեսզի հնարավոր լինի պատվաստումները հասանելի դարձնել յուրաքանչյուր երեխայի,
- պայքարել առողջապահությանը վերաբերող կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության դեմ և լիարժեք աջակցել պատվաստումների ընդգրկվածության բարձրացմանը,
- ավելացնել և պահպանել պատվաստումների ազգային և միջազգային ֆինանսավորումը, ինչպես նաև շարունակել աջակցությունը գործընկերային նախաձեռնություններին, այդ թվում՝ Պատվաստումների գլոբալ դաշինքին (Gavi),
- ներդրումներ կատարել տվյալների հավաքման և հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ավելի արդյունավետ համակարգերում, որպեսզի պատվաստումների ծրագրերը լինեն փաստահեն և առավել արդյունավետ կերպով հասնեն յուրաքանչյուր երեխայի։
Իրավիճակը Հայաստանում՝
Հայաստանում «զրո դեղաչափ» ստացած երեխաների թիվը 500-ից պակաս է։ Այս խմբում ընդգրկված են այն երեխաները, որոնք չեն ստացել ազգային օրացույցով նախատեսված և ոչ մի պլանային պատվաստում։ Սա վկայում է, որ Հայաստանում պատվաստումների ծածկույթը շարունակում է մնալ բարձր՝ կազմելով 92–96 տոկոս։
Այս ձեռքբերումների պահպանումը պահանջում է շարունակական ներդրում պատվաստումների հուսալի համակարգերի զարգացման, համայնքների հետ արդյունավետ աշխատանքի իրականացման, ժամանակին և վստահելի տվյալների հավաքման, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի և պատվաստումների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ։
###
*(տերմինը (անգլ.`zero-dose children) համաշխարհային առողջապահության ոլորտում վերաբերում է այն փոքրիկներին, որոնք երբեք չեն ստացել որևէ պլանային պատվաստում)
Մամուլի հարցերով պատասխանատու
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: