Կարմրուկ, կարմրախտ և խոզուկ (ԿԿԽ)

Ներկայացնում ենք ԿԿԽ դեմ պատվաստման վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները

ՅՈՒՆԻՍԵՖ
Աղջիկան պատվաստում են
UNICEF Armenia/2022/Margaryan
13 Հունիս 2023

ԿԿԽ դեմ պատվաստումը երեք վարակիչ հիվանդությունների՝ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի կանխարգելման ամենաանվտանգ և արդյունավետ մեթոդն է։ Այս երեք հիվանդություններն էլ խիստ վարակիչ վիրուսային վարակներ են, որոնք կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել և նույնիսկ հանգեցնել մահվան:

ԿԿԽ դեմ պատվաստման երկու դեղաչափը պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից ողջ կյանքի ընթացքում: Պատվաստման երկու չափաբաժինները ստանալուց հետո մարդկանց մոտ 99%-ը պաշտպանված է լինում կարմրուկից և կարմրախտից, իսկ 88%-ը՝ խոզուկից։ Պատվաստանյութը սկսում է պաշտպանել օրգանիզմը ներարկումից մոտ երկու շաբաթ անց: 1970-ականներից ի վեր` 575 միլիոն երեխա ապահով պատվաստվել է ԿԿԽ-ի դեմ: Միայն 2008-2018 թվականներին ԿԿԽ-ի դեմ պատվաստումները կանխել են մոտ 23,2 միլիոն մահ:

Իսկ որո՞նք են այդ վարակիչ հիվանդությունների ախտանշանները։

Կարմրուկի ախտանշաններն են բարձր ջերմությունը, ցանավորումը, հազը և քթից արտադրությունը։ Հիվանդության ծանր դեպքերում կարմրուկը կարող է առաջացնել թոքաբորբ կամ այլ շնչառական վարակներ, նյարդաբանական բարդություններ և նույնիսկ հանգեցնել մահվան։

Խոզուկի առավել բնորոշ ախտանշաններն են այտերի այտուցվածությունը և պարանոցի ցավը՝ ականջի և ծնոտի միջև ընկած հատվածում: Այլ ախտանշաններից են գլխացավը, ջերմությունը, ախորժակի կորուստը, կոկորդի ցավը և ցավը ծամելիս։

Կարմրախտի ժամանակ մարմնի տարբեր հատվածներում առաջանում է կարմիր ցանավորում։ Այլ ախտանշաններն են թեթև ջերմությունը, սրտխառնոցը, գլխացավը և աչքերի կարմրածությունն ու քորը։

Կարմրուկը, կարմրախտը և խոզուկը կարող են տարածվել, երբ վարակված անձը հազում է կամ փռշտում, իսկ շրջապատի մարդիկ շնչում են վարակը պարունակող օդը կամ դիպչում են վիրուսով պատված մակերեսներին, ապա դիպչում իրենց աչքերին, բերանին կամ քթին: Կարմրախտը կարող է նաև փոխանցվել պտղին ներարգանդային կյանքում, եթե հղին վարակվի: Հղիության ընթացքում կարմրախտը կարող է հանգեցնել վիժման կամ ծնվելուց հետո երեխայի մոտ լուրջ խնդիրներ առաջացնել, օրինակ՝ տեսողության, լսողության, սրտի կամ ուղեղի հետ կապված:

ԿԿԽ-ն անվտանգ և արդյունավետ համակցված պատվաստանյութ է, որը պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից։ Քանի որ այս հիվանդությունները կարող են ծանր առողջական վնաս հասցնել, դրանց դեմ պատվաստվելը կենսական նշանակություն ունի, որպեսզի մեր երեխաները մեծանան առողջ և պաշտպանված։ Համակցված պատվաստանյութի առավելությունն այն է, որ այն մեկ ներարկումով պաշտպանում է երեխաներին մի քանի տարբեր հիվանդություններից։

Այն նորածինները և երեխաները, ովքեր թեթևակի հազում են, մրսածության ախտանշաններ ունեն կամ հակաբիոտիկներ են ստանում, կարող են անվտանգ և արդյունավետ պատվաստվել։ ԱՀԿ-ն նշում է, որ ձվից ալերգիան կապ չունի պատվաստման ժամանակ ալերգիկ ռեակցիայի հետ, ուստի երեխան կարող է պատվաստվել:Այն երեխաները, ում մոտ ԿԿԽ-ի դեմ պատվաստման առաջին դեղաչափից հետո կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչից գրանցվել է ծանր ալերգիկ ռեակցիա (օրինակ՝ դժվարացած շնչառություն, ուշագնացություն), ևս պետք է խուսափեն ԿԿԽ խատվաստումից։

Եթե երեխան դեռ չի սկսել խոսել, պատվաստումը հետաձգելու կարիք չկա։ Պատվաստումը բաց թողելը կամ հետաձգելը բարձրացնում է վարակի հանդեպ երեխայի խոցելիությունը։ Եթե երեխան վարակվի կարմրուկով, դա կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել և նույնիսկ հանգեցնել մահվան։ Ուստի շատ կարևոր է հետևել պատվաստումների ազգային օրացույցին և ժամանակին ստանալ պատվաստումների բոլոր չափաբաժինները։ ԿԿԽ-ի դեմ առաջին դեղաչափը երեխաները պետք է ստանան 12 ամսականում, իսկ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում։

ԿԿԽ-ի դեմ պատվաստումը կարող է հանգեցնել թեթև կողմնակի ազդեցությունների, ինչպիսիք են ջերմությունը, թեթև ցանավորումը, ցավը ներարկման հատվածում և ժամանակավոր մկանացավը։ Ծանր կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են Կվինկեի այտուցը, եղնջացանը և դժվարացած շնչառությունը, չափազանց հազվադեպ են հանդիպում: Թեթև կողմնակի ազդեցությունները սովորական բնույթ են կրում, և դրանց առկայությունը վկայում է այն մասին, որ պատվաստանյութը օրգանիզմում ձևավորում է իմունիտետ: ԿԿԽ-ի դեմ պատվաստումից հետո դպրոց կամ մանկապարտեզ չհաճախելու պատճառ չկա: Կողմնակի ազդեցությունները սովորաբար անհետանում են մեկ-երկու օրվա ընթացքում և որևէ հատուկ բուժում չեն պահանջում․ կարելի է շատ հեղուկ, անհրաժեշտության դեպքում ցավազրկող կամ ջերմիջեցնող խմել։ Նմանատիպ ախտանշանների պարագայում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ երեխան չհաճախի դպրոց կամ մանկապարտեզ, մինչև իրեն ավելի լավ չզգա։

Թուլացված կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութերը վտանգավոր չեն, քանի որ դրանցում առկա վիրուսը կամ բակտերիան շատ թուլացված է, և չի կարող մեզ վարակել։ Պատվաստանյութի նպատակն է նմանակել վարակին՝ առանց մեզ հիվանդացնելու և հիվանդության բոլոր ախտանշանները զգալու։ Կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութերը արդյունավետ են, քանի որ դրանք ձևավորում են ամուր և կայուն իմունիտետ։ Կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութի մեկ կամ երկու դեղաչափ կարող են պաշտպանել վիրուսից և դրանից առաջացող հիվանդությունից ողջ կյանքի ընթացքում։ Այս պատվաստանյութերը հակացուցվում են շատ հազվադեպ։

ԿԿԽ պատվաստանյութը խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր սուր ալերգիկ ռեակցիա են ունեցել պատվաստանյութի առաջին դեղաչափից, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ունեն խիստ թուլացած իմունային համակարգ, ովքեր օրինակ ունեն ՄԻԱՎ, տուբերկուլոզ, լեյկեմիա կամ բուժվում են քաղցկեղից։ ԿԿԽ-ի դեմ պատվաստանյութը հակացուցված է նաև հղիներին։ Պատվաստվելուց հետո խորհուրդ է տրվում սպասել նվազագույնը չորս շաբաթ, մինչ հղիանալը։

Այս հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: