Ներառական կրթության ռազմավարություններ

Դասագիրք դասախոսների, ներկա և ապագա մանկավարժների, կրթական, աջակցող ծառայություններ մատուցողների, կրթության քաղաքականություն մշակողների համար

Group of children with and without disabilities in their classroom.
UNICEF Armenia/2018/Hayrapetyan

Կարևոր ակնարկներ

Սա  «Ներառական կրթության ռազմավարություններ» դասագրքի առաջին խմբագրությունն է: Այն հանդիսանում է գրքի անգլերեն բնօրինակի հայելանման թարգմանությունը, ներառում է տերմինների բառարան՝ համաձայնեցված ՀՀ Լեզվի կոմիտեի, նաև ներառական և հատուկ կրթության ոլորտի մասնագետների հետ :

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայկական մանկավարժական համալսարանը իրականացրել է այս դասագրքի տպագրությունը՝ երկրորդ խմբագրությամբ: Վերջինս պարունակում է որոշ փոփոխություններ, առկա են մասնագիտական տերմինների և բովանդակային տարբերություններ:


Չնայած Հայաստանում ապաինստիտուցիոնալացման ծրագրերի իրագործմանը և ներառական կրթության զարգացմանը նպաստող բազմաթիվ օրենքների գոյությանը, հասարակության մեջ և կրթության ոլորտի տարբեր մակարդակներում դեռևս առկա են երեխաներին` իրենց հասակակաիցների հետ կրթության մեջ լիարժեք ներառվելու խոչընդոտներ։ Հաճախ կրթության օրենսդրական բարեփոխումների իրականացման համար պահանջվում է երկար ժամանակ, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են մշտադիտարկման և հաշվետվողականության ընթացակարգեր։ Այսօր առանցքային հարցերից մեկը հանրակրթության ուսուցիչների դժվարություններն են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին դասավանդելու և դասարանում ներառական միջավայր ստեղծելու հարցերում։ Ուսուցիչների 90%-ը չի տիրապետում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ուսումնական գործընթացում արդյունավետորեն ներառելու մեթոդներին։ Այս թերությունը հաճախ հանգեցնում է ցածրորակ ներառման կամ նույնիսկ երեխաների` կրթական գործընթացից բացառման։

Կառավարության առաջնահերթությունները հաշվի առնելով՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը 2015 թ.-ին նպաստեց Մինեսոթայի համալսարանի և ՀՊՄՀ-ի համագործակցությանը, որի շրջանակում պատրաստվեց սույն դասագիրքը՝ որպես տեղեկատվական և դասավանդման ռեսուրս կրթական գործընթացում ներգրավված մասնագետների, հատուկ մանկավարժների, ուսուցիչների և վարչական աշխատողների պատրաստման և վերապատրաստման համար։

Դասագիրքը հանդես է գալիս ի լրումն համալսարանի դասընթացների և ծառայելու է որպես մեթոդական ռեսուրս։ ՀՊՄՀ-ի ներառական կրթության ուսումնական ծրագրերը բարելավելու համար ամերիկացի և հայ դասախոսները կատարեցին թիմային աշխատանք և ընտրեցին համապատասխան տեքստեր և այլ նյութեր։ Նրանց նպատակն էր ինստիտուցիոնալացնել և շարունակական դարձնել մանկավարժների պատրաստման աշխատանքները, ըստ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 24-ում ամրագրված պահանջի՝ պետություններն ապահովում են բոլոր ուսուցիչների վերապատրաստումը ներառական կրթության մասով՝ հիմք ընդունելով մարդու իրավունքների հաշմանդամության վրա հիմնված մոդելը։

Դասագիրքը ընթերցողին հնարավորություն է ընձեռնում հասկանալու, թե ինչպես է ամերիկյան կրթական համակարգը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացառումից անցել դեպի սովորական համակարգում նրանց ինտեգրման և վերջապես` առավել ներառական գործելակերպերի։ Այս ուղին բարդ ու միևնույն ժամանակ օգտակար է, քանի որ այն նպաստում է կրթական կարիքների բազմազանություն պարունակող միջավայրում սովորելու ու սովորեցնելու մասին եղած գիտելիքների կուտակմանը։

 Դասագրքի հեղինակները ներկայացնում են նաև կրթական համակարգը ներառական դարձնելու հայկական մոտեցումներն ու ռազմավարությունները, առկա մարտահրավերները։ Համեմատական վերլուծության միջոցով ձեռնարկում ներկայացվում են բազմաթիվ գործիքներ, մեթոդներ և գործնական ու գիտափորձերով արդյունավետությունը հիմնավորած մոտեցումներ։ Դրանք փորձարկվել, գնահատվել և իրենց արդյունավետությունը ապացուցել են բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, երեխաների հետ աշխատանքում։

Դասագրքի կազմն է վրան իլուստրացիոն պատկեր և վերնագիրը։
Հեղինակ
Մինեսոտայի համալսարան (ԱՄՆ), Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Անգլերեն

Ծանոթանալ զեկույցին